Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ լուր ունեմ Արցախից՝ մի չարաբաստիկ ավտոբուս կա և դրանով թույլ են տալիս Արցախից դուրս գալ»․ Հրանտ Բագրատյան

Հունիս 09,2023 21:45

«Վատ լուր ունեմ Արցախից․ մի չարաբաստիկ ավտոբուս կա և դրանով թույլ են տալիս Արցախից դուրս գալ։ Դա արդեն խնդիր է առաջացրել․ նկատելի է արդեն մարդկանց հոսքը։ Շատերը կասեն տագնապ է, բայց մենք սա պիտի հասկանանք։ Երեք ու կես հազար տարի այդ հողում ապրելուց հետո այս ժողովրդին ուզում են հանել այնտեղից»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում «Նոր իշխանություն՝ հանուն Հայաստանի և Արցախի» նշանաբանով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհրդի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա վստահեցրեց՝ Արցախը պահելու խնդիրը Փաշինյանին հեռացնելն է․ «Այսօր մեզ Ալիևը, նույնիսկ Էրդողանը չի խանգարում, այլ նախևառաջ ՀՀ իշխանությունը։ Երբ 2018-ի դեկտեմբերին, հունիսի ընտրություններին խոստանում էին, որ Արցախի ինքնորոշման իրավունքը կհարգի, այդ խումբը հասավ նրան, որ այսօր ԱՄՆ-ն, Ֆրանսիան աներկբայորեն հայտարարում են, որ Արցախի հարց չկա, Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի հետ միասին։ Եվ, հետևաբար, հայերն այնտեղ լավագույն դեպքում հյուրեր են, և սա էլ Մինսկի խմբի անդամներն են, որը ստեղծել է ԵԱՀԿ-ն։ Եղբա′յր, Մինսկի խումբ կար, բարի եղեք, հայտարարեք, որ չկա այդ խումբը»։

Անդրադառնալով ՌԴ-ի վարած քաղաքականությանը՝ Հրանտ Բագրատյանն ասաց․ «Ինձ չի բավարարում ռուսների դիրքորոշումը ևս՝ չնայած ի տարբերություն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ռուսներն ասում են, որ Արցախի կարգավիճակը պիտի անորոշ մնա, որ այնտեղ առնվազն ռուսական զորք պիտի լինի, բայց ռուսական զորքն այնտեղից շուտով դուրս է գալու, քանի որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո ռուսական զորքն անիմաստ է պահել։ Այսօր արդեն պրոբլեմատիկ է, քանի որ այսօր այդ զորքը չի կարողանում, չի էլ ուզում վերահսկել Լաչինի միջանցքը։ Ինչո՞ւ չի ուզում, քանի որ ՀՀ-ն իր հերթին խաղեր է խաղում։ Չեն հասկանում՝ ինչի՞ համար լավություն անեն հայերին։ Դա քաղաքական կատեգորիա չէ, իրենք ռեալ շահ պիտի ունենան։ Առանց դա էլ այսօր գտնվում են պատերազմի մեջ և չեն ուզում Թուրքայի ու Ադրբեջանի հետ լուրջ խնդիրներ ունենալ։ Իսկ մե՞ր դիրքորոշումը որն է, երբ մենք ափալ- թափալ հանձնում ենք Արցախը։ Ադրբեջանն ասում է՝ միայն Արցախով չեն բավարարվելու»։

Իշխանության կողմից հնչող այն հայտարարություններին, թե մեզ զենք չեն վաճառում, Հրանտ Բագրատյանն այսպես արձագանքեց․ «Գործարան ենք սարքել, գնացեք, աշխատացրեք, արտադրեք, զենքն էլ զինամթերքն էլ։ Ստեղծված է ռազմաարդյունաբերական համալիր՝ 1991-1994-ի հիմքի վրա, այլ ոչ թե տուրիստներ խաղացնելով տնտեսական աճ ենք ապահովում։ Գրում եմ ՝գործարան կա, բացեք արտադրեք՝ փամփուշտ, արկեր։ Կառավարության նիստ է լինում, ասում են՝ ի՞նչ գործարան է։ Բա դու 6-րդ տարին է վարչապետ ես, բա դու դրա մասին չգիտե՞ս։ Ինչո՞վ ես զբաղված։ Դու գիտե՞ս, որ ռազմական ուսումնարանի ընդունելությունը պակասել է հինգից վեց անգամ, ռեալ բանակը ևս պակասել է։ Էրեխեքի ծնունդը 45 հազարից իջել է 25 հազարի, գիտե՞ս, որ մահացողները 25 հազարից դարձել են 45 հազար։ Բա էս բաները ո՞վ քեզ պիտի ասի, այ տղա։ Էդ ի՞նչ եք անում»։

Հրանտ Բագրատյանը հորդորեց ժողովրդին՝ չհուսահատվեք, որ այսօր մեծաթիվ չենք։ Նա վստահեցրեց՝ մենք սրանից հարյուրապատիկ ավելի շատ են լինելու հենց «Միասին» շարժման հավաքի ժամանակ։ Ցավով նշեց․ «Գնացել ենք Վարդենիս, Սև լճի տարածք, Տեղ գյուղ, ասում ենք՝ այ, էնտեղ ադրբեջանցին կանգնած է, ասում է՝ դրանք մեր հողերը չեն, որովհետև բացի Փաշինյանից ընտրել ենք նաև համայնքապետեր այդ կուսակցություն կոչվածից։ Սրանք պարտվող, տվող մարդիկ են»։

Ամփոփելով ելույթը Հրանտ Բագրատյանն ասաց․ «Եթե Արցախ չկա, Հայաստան չկա, եթե Արցախ կա, Հայաստան կա։ Սա պարզապես ժամանակի հարց է։ Լավ իմացեք՝ ուզում եմ՝ այսօր Արցախում լսեն սա, ժողովո′ւրդ, մտքներովդ չանցնի դուրս գալը, չմտածեք, որ ձեր կյանքին վտանգ կարող է սպառնալ, ուզում եմ, որ Արցախում վստահ լինեն, որ ՀՀ ժողովուրդը մինչև վերջ իրենց կողքին է լինելու։ Մենք պետք է ազատվենք Փաշինյանից, Արմեն Գրիգորյանից, Արարատ Միրզոյանից, Սուրեն Պապիկյանից, Ալեն Սիմոնյանից։ Մենք նրանցից ազատվելուց հետո մեզ նորից կհարգեն, երկիրը նորից կշնչի»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930