«Այսօր վարչապետ կոչվածի լիազորությունների մի մասը պետք է տեղափոխել ապագա նախագահին։ Պետք է լինի նախագահ, որը նաև ունի համապատասխան լիազորություններ կադրային քաղաքականության հարցում, պետության ռազմավարության մշակման հարցում։ Այսինքն՝ նախագահական ինստիտուտը պետք է ունենա իրավունք համապատասխան ինստիտուտների հետ միասին նպատակ դնելով՝ մշակել այն ռազմավարությունը, որը ՀՀ-ին տանելու է հզորացման,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում «Նոր իշխանություն՝ հանուն Հայաստանի և Արցախի» նշանաբանով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ Արամ Սարգսյանը։
Արամ Սարգսյանն ասաց, որ միանգամից չեն գնալու նոր ընտրությունների․ «Այս պահին դա պետության համար բարդ է լինելու, քանի որ թշնամիները սպասում են այն իրավիճակին, որ կարող են օգտվել խժդժություններից։ Այս պահին պիտի ձևավորվի ժամանակավոր կառավարություն իր հակաճգնաժամային ծրագրով։ Խորհրդարանին պետք է պարտադրել ընդունել այն ծրագիրը, որը կուզենա ժողովուրդն ընդունել»։
Արամ Սարգսյանն ասաց, որ ստիպված են նորից խոսել ազգային բանակի վերածնունդի մասին․ «Բանակը նորից վերականգնելու խնդիր ունենք։ Այն, ինչ արվեց այս տարիներին բանակի հետ, մեր մեծագույն խայտառակությունն էր։ Որպես գերագույն հրամանատար՝ այդ անձը չէր տիրապետում այն ռազմական գիտելիքներին, որն անհրաժեշտ էր իրեն։ Բանակ չտեսած մարդ։ Իրեն ենթարկվեց և′ ՀՀ-ի զինված ուժերը, և′ ԱՀ ՊԲ-ն ։ Համոզված ասում ենք, որ Արցախի ՊԲ-ն այնքան էր թրծված, որ կարող էր ինքն իր պաշտպանությունն ապահովել՝ հայության ամբողջ ներուժն ապահովելով»։
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանն ասաց, որ պատրաստ են ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցել, որը կիսում է իրենց նպատակները։ Նա ասաց՝ շարժումն ունի հստակ դիրքորոշում՝ ՀՀ-ին նոր իշխանություն է պետք․ «Իշխանություն, որն այսօր պետք է մտածի միայն ազգի, միաբանության վերաբերյալ, պետականության ամրապնդման, պաշտպանության և Արցախի ազատագրման մասին։ Եվ այն իշխանությունը, որը չի թույլ տալու թշնամուն իրականացնել այն նվաստացուցիչ քաղաքականությունը, որն այսօր կա։ Այն իշխանությունը, որը հասկանալու է, որ միայն ազգը միաբանորեն կարող է Արցախն ու ՀՀ-ն դուրս բերել այս իրավիՃակից»։
Նա հանրությանը հորդորեց դառնալ մասնակից ապագա կառավարության ձևավորմանը և տեղեկացրեց, որ արկղ են տեղադրել, և քաղաքացիները մեկ շաբաթվա ընթացքում կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները։ Նա նշեց, թե ինչպես են պատկերացնում ներկայիս իրավիճակից ելքը։ Մասնավորապես ժամանակավոր կառավարությունը կիրականացնի հակաճգնաժամային քաղաքականություն, որից հետո կկարողանա կազմակերպել ընտրություններ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ