«Միջադեպը դեղի է ունեցել անցած տարվա ապրիլի 30-ին, երբ Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի երթ էին կատարում, Երևանի Նալբանդյան փողոցով անցնելիս՝ խանութներից մեկի մոտ հավաքված երիտասարդներ կային, նրանցից մեկը ձեռքը մեկնելով դեպի ծնողները՝ ասաց «փնթիներ»: Ես լուսաբանում էի երթը, այդ խոսքը լսելով, մոտեցա իրենց հնարավոր սադրանքը կանխելու, նա մի քանի անգամ կրկնեց «փնթիներ» արտահայտությունը, ծնողները լսեցին դա: Ես ի սկզբանե չեմ իմացել, թե ով է հիշյալ անձնավորությունը»: Այս մասին, այսօր լրագրողներին պատմեց լրագրող Լիա Սարգսյանը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրի մոտ, որտեղ ընթանում էր անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասաց Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի և լրագրող Լիա Սարգսյանի գործով դատական նիստը:
Իր խոսքում, Լիա Սարգսյանն ասաց, որ դեպքի օրը երեկոյան «ֆեյսբուքյան» իր էջում հրապարակել է միջադեպի վայրից լուսանկար և գրել․ «Նալբանդյան փողոցի այս խանութի աշխատակիցը զոհվածների ծնողների երթը տեսնելիս նրանց անվանեց՝ փնթիներ: Հռհռում էր ընկերների հետ։ Եթե դու քեզ համարում ես բարոյական մարդ, երբեք չմտնես այս խանութ»։
Այնուհետեւ, ճշտելով զոհվածների ծնողներին «փնթիներ» ասած անձի ինքնությունը, խմբագրել էր գրառումը։ «Զոհվածների ծնողներին «փնթիներ» ասած անձը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է՝ Սերոբ Սարգսյանը:
«Լիա Սարգսյանի դեմ ներկայացվել է հայցադիմում՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն և վիրավորանք պարունակող արտահայտությունների համար ներողություն խնդրելու համար, ինչպես նաև որպես փոխհատուցում պահանջվել է 3 մլն. դրամ: Հայցադիմումը ներկայացրել է Աջափնյակի փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը: Հայցվորը դատական նիստերին չի ներկայանում, գալիս է իր փաստաբանը, որի միջոցով հերքում է, ասում է, որ այդպիսի բան չի ասել: Մենք փորձելու ենք ապացուցել, որ ասել է»,-տեղեկացրեց Լիա Սարգսյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Ցոր զորամասի զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույր Անահիտ Մանասյանն էլ նշեց, որ այն աստիճան են բարոյալքվել, որ բավարար չէ, որ մեզ վիրավորում են, դեռ ներողություն էլ չեն խնդրում:
«Լրագրողն ընդամենը իր մասնագիտական գործունեությունն է իրականացրել, ոչ մի զրպարտանքի տարր ես չեմ տեսել, ու հիմա մարդուն պատասխանատվության են կանչում իր մասնագիտական գործունեությունը կատարելու համար: Մեկ բառով կարող եմ ասել, սա իշխանությունների հերթական բարոյալքված վարքագիծն է: Նրանք այդպիսի վարքագիծ միշտ են դրսևորել և շարունակելու են դրսևորել, քանի կա անպատժելիության մթնոլորտ: Մեր այսօրվա այստեղ գտնվելով մենք դատապարտում ենք անազնվությունը և բոլոր 5 ծնողներով վկայակոչվել ենք կանխելու այս անհեթեթությունը» ,-ասաց նա:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ