Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատում ենք, որ ինտերնետը բոլորի համար է». ավարտվեց կապի եվրոպական գագաթնաժողովը

Հունիս 09,2023 18:54

Երևանում ավարտվեց «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագիրը կրող Կապի եվրոպական գագաթնաժողով 2023-ը։

Երկօրյա հագեցած ծրագրի շուրջ գագաթնաժողովը համախմբել էր մասնագետներին և շահագրգիռ կառույցներին Հայաստանից, Վրաստանից, Հունաստանից և Ղրղզստանից, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար, ինչպիսիք համայնքային ցանցերն են։
«Համայնքային ցանցերը այլ կերպ են նայում կապի համընդհանուր հասանելիությանը։ Հեռահաղորդակցության օպերատորների համար բիզնես տեսանկյունից անբարենպաստ համարվող կետը, իրականում համայնքի հասանելիության սկիզբ կարող է հանդիսանալ։ Կապի Եվրոպական գագաթնաժողովը հրաշալի հարթակ դարձավ համայնքային ցանցերի վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակման, սեփական նախագծերի գնահատման և նոր ուղենիշների սահմանման տեսանկյունից»,-նշեց Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։

 Կապի եվրոպական գագաթնաժողովի առաջին օրը լի էր բուռն քննարկումներով։ տեղի ունեցավ 3 պանելային քննարկում` հետևյալ թեմաներով.

Ռազմավարական մոտեցումները հասանելիության խթանման գործում

Ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ և լուծումներ

Տեխնիկական մարտահրավերներ և հնարավորություններ

Օրվա ավարտին համաշխարհային Ինտերնետ Հասարակություն կազմակերպության կողմից մրցանակներ շնորհվեցին Համայնքային ցանցերի կառուցման և զարգացման գործում մեծ ներդրում ունեցող անձանց։ Մրցանակակիրներն էին Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, Վրաստանի Լեռնային համայնքային ցանցերի գործադիր տնօրեն Ուչա Սեթուրին, Հունաստանի Sarantaporo.gr ՀԿ֊ի տնօրեն Գեորգիոս Կլեիսիարիսը, Ինտերնետ Հասարակության Ղրղզստան հատվածի կիբեռանվտանգության փորձագետ և համայնքային ցանցերի ինժեներ Հալիլ Իբրահիմը։

Հատուկ մրցանակ շնորհվեց նաև Ինտերնետ Հասարակության Հայաստան հատված ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանին` Հայաստանում Ինտերնետի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Գագաթնաժողովի երկրորդ օրը տեղի ունեցավ կլոր սեղան֊քննարկում` «Ինտերնետ հասանելիությունը համայնքների զարգացման գրավական» թեմայով, որի ընթացքում  մասնագետները Հայաստանից և արտասահմանից կիսվեցին իրենց երկրներում հեռավոր/դժվարհասանելի համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելուց հետո  դրանց զարգացմանը և թվային անջրպետը հաղթահարելուն ուղղված առկա փորձը, բացահայտեցին խնդիրները, ոլորտում գործող այլ կառույցների կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ձեռք բերեցին համագործակցության եզրեր` միջազգային և տեղական կառույցների հետ համայնքները հզորացնելու, ինտերնետի տված առավելություններից առավելագույնս օգտվելու, թվային գրագիտությունը բարձրացնելու, կրթական և աշխատանքի հնարավորությունները բացահայտելու, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար։

«Համայնքային ցանցերի ազդեցությունը տարբերվում է տեղեկատվական քաղաքականության, տեխնիկական ասպեկտների և կայունության տեսանկյունից։ Այս խնդիրը լուծելու համար մենք կցանկանայինք, որ հասանելիություն չունեցող համայնքները իրազեկված լինեն և տիրապետեն կապի համար անհրաժեշտ նոու֊հաուին, ինչպես, օրինակ, գիտեն, որ ջրով ինքնապահովման համար հորատանցքեր է պետք փորել կամ էլեկտրաէներգիա կարելի է ստանալ օգտագործելով արևի էներգիան։ Իր գործունեության 31 տարիների ընթացքում Ինտերնետ հասարակությունը նպատակ ունի խթանելու բաց, անվտանգ և հուսալի ինտերնետ հասանելիություն աշխարհում և մենք հավատում ենք, որ ինտերնետը բոլորի համար է»,- նշեց «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության վաստակավոր տեխնոլոգ Միչուկի Մուանգին։

 Գագաթնաժողովի ավարտից հետո կազմակերպվեց մեկօրյա այց Արարատի մարզի Շաղափ գյուղ, որտեղ 2022 թվականին Հայաստանի Օպերատորների միության նախաձեռնությամբ կառուցվել էր համայնքային ցանց։ Հյուրերը շրջայց կատարեցին գյուղի միջնակարգ դպրոցում, զրուցեցին համայնքի բնակիչների հետ, քննարկեցին իրավիճակը համայնքային ցանցի կառուցումից առաջ և հետո,  ծանոթացան նոր ենթակառուցվածքներին` համակարգչային սենյակ նախատեսված առցանց դասընթացների և ինֆորմատիկա առարկայի դասավանդման համար, ռոբոտաշինության սենյակ` հագեցած սարքավորումներով և լեգո հավաքածուներով և այլն` արձանագրելով բացահայտ առաջընթաց։

Հյուրերը եղան նաև հարևան Լանջանիստ համայնքում, որն ապահովված չէ լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ, և փնտրում են լրացուցիչ լուծումներ` համայնքային ցանցի կառուցման համար։

Կապի եվրոպական գագաթնաժողովի համակազմակերպիչներն էին Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության աջակցությամբ։

Միջոցառման գործընկերներն էին «Արփինետ» ընկերությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը,  «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն :

Internet Society-ի մասին

Internet Society֊ն (Ինտերնետ հասարակություն) ձևավորվել է 1992թ. Վինթ Սըրֆի, Բոբ Քանի և այլոց կողմից, ովքեր Ինտերնետի տեխնիկական զարգացման գործում առաջամարտիկներից են եղել։

Internet Society֊ն աջակցում և նպաստում է ինտերնետի զարգացմանը՝ որպես գլոբալ տեխնիկական ենթակառուցվածք, մշակում է համացանցի օգտագործման քաղաքականություն, կառուցում է համայնքային ցանցը և նպաստում վերջինիս աշխատունակության ապահովմանը։

Կազմակերպության աշխատանքը հավատարիմ է նպատակներին, որպեսզի ինտերնետը լինի բաց, գլոբալ կապակցված, անվտանգ և վստահելի` ձգտելով համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են այս նպատակները:

https://www.internetsociety.org/

Հայաստանի օպերատորների միության մասին

«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերին` միավորելով հեռահաղորդակցության և հարակից ոլորտների ընկերություններին և ներկայացնելով նրանց շահերը ներպետական և միջազգային կառույցներում։

Միությունն իր նպատակների իրագործման ընթացքում կոչված է նպաստել ինտերնետի ու հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը, ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտների օրենսդրական դաշտի բարելավմանը, ՏՀՏ ոլորտի կրթական ծրագրերի արդիականացմանը և թվային գրագիտության բարձրացման ուղղված խնդիրներ։

Բազմակողմանի գործունեության հիմքում երկրի հավասարաչափ զարգացումն է, ՀՀ ողջ տարածքում որակյալ կապի հասանելիության ապահովմանը նպաստելը և  համացանցի անվտանգ կիրառությունը։

https://www.operator.am/

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930