Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյան պուրակում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունիս 09,2023 18:34

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Աբովյան պուրակի տարածքում գտնվող հողամասի կադաստրային գործը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2002 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ՝ Աբովյան պուրակում գտնվող հողամասը վերակառուցման նպատակով, 15 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրվել է «Սամարտ» ընկերությանը: Երևանի քաղաքապետի նույն թվականի մայիսի 3-ի որոշմամբ՝ վարձակալության ժամկետը 15 տարվա փոխարեն սահմանվել է 50 տարի, տրամադրվել է նաև հողի գնման նախապատվության իրավունք:

Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2007 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ հաստատված «Կենտրոն» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքը գտնվում է ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտում։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, ի թիվս այլնի, խախտելով վերոնշյալ որոշումների, ինչպես նաև Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) պահանջները՝ պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով, մասնավորեցման ոչ ենթակա, համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան պուրակի տարածքի ընդհանուր օգտագործման հողամասից 349.28 քմ մակերեսով հողատարածքը, սեփականության իրավունքով փոխանցել են «Սամարտ» ՍՊԸ-ին՝ էական վնաս պատճառելով պետության (համայնքի) օրինական շահերին։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպք՝ 2023 թվականի մայիսի 31-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի հունիսի 3-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդված 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930