Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում հունիսի 2-ին անցկացվել են Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություններ, սակայն բրյուսովցիների մի մասին չեն բավարարել արդյունքները:
Թեկնածուները երկուսն էին՝ Հայկուհի Յայլոյանն ու Աննա Վահանյանը։ Աննա Վահանյանը ստացել էր 200 ձայն, Հակուհի Յայլոյանը՝ 173, անվավեր էր ճանաչվել 29 ձայն, իսկ Հայկուհի Յայլոյանը՝ հաղթող ճանաչվել:
Aravot.am-ի հետ զրույցում բուհի ուսումնագիտական հարցերի գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ասաց, որ ի սկզբանե ամեն ինչ խախտումներով է անցկացվել՝ սկսած քվորում չապահովելուց: «Ընտրական հանձնաժողովի կազմը առանց հիմնավորման փոխվել է, 5 հոգին էլ իրենց ցանկալի մարդիկ են եղել: Վերջին պահին, երբ պետք է սկսվեր քվեարկությունը, մի ուսանողի մեղադրել են գրագողության մեջ (նկատի ունի Աննա Վահանյանին-Գ.Հ), հետո հանել են թեկնածությունը, սակայն ում թեկնածությունը հանել էին, նա հավաքել է 200 ձայն, բայց հաղթել է 173 ձայն հավաքածը»:
Մեր հարցին՝ ո՞ւր է ի վերջո տանում այս ամենը, Ցոլակ Ակոպյանն այսպես պատասխանեց. «Որ ոստիկանության միջոցով իրենց բերած ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը նշանակվի բուհի ռեկտոր: Ամեն գնով ուզում են ցույց տալ, որ իրենք ճիշտ էին, եւ իրենց թեկնածուն պետք է անցնի»:
Կարդացեք նաև
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ բուհի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանից, հարցրինք՝ համամի՞տ է այն պնդումներին, որ ամեն ինչ արվում է իրեն ամեն գնով ռեկտոր դարձնելու համար: Նա իր բոլոր ընդդիմախոսների պնդումները զառանցանք որակեց եւ հրաժարվեց այլ մեկնաբանություններից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆեյսբուքյան էջից