Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ են այցելել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն, Մշակութային և համագործակցության գծով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նառժոլեն, Մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի ուսումնական տնօրեն Արմեն Բաղդասարյանը:
Հանդիպմանը ներկա էին ԵԹԿՊԻ-ի վարչական կազմը, դասախոսներ և ուսանողներ։
ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել դեսպանին և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի ներկայացուցիչներին հյուրընկալվելու համար։
«Սա մեծ իրադարձություն է մեր բուհի համար։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ սեպտեմբերից մեր ինստիտուտում որպես երրորդ օտար լեզու դասավանդվելու է ֆրանսերենը, նաև ուսանողական թատրոնը կդառնա խաղացանկային, կբեմադրվեն ֆրանսիացի դրամատուրգների ստեղծագործություններ։
Կարդացեք նաև
Մեր համագործակցությունը շատ մեծ հնարավորություններ կտա արվեստի բուհի ուսանողներին` իրենց մասնագիտական ճանապարհն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- նշել է Սառա Նալբանդյանը։
«Ֆրանկոֆոնիան մեծ դեր ունի մեր երկու երկրների համագործակցության համատեքստում»,- ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն։ Տիկին դեսպանը խոսելով ֆրանկոֆոնիայի մասին, նշեց, որ ընդհանուր առմամբ ֆրանկոֆոնիան կարևոր գործիք լինելով, մի շարք արժեքներ է իրենից ներկայացնում։ Այդ արժեքներից են խաղաղությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը և ոչ խտրական վերաբերմունքը, մշակութային բազմազանությունը։ Դեսպանը նաև հավաստիացրեց` հայկական և ֆրանսիական մշակույթները մի շարք արժեքներ ունեն իրար փոխանցելու և կիսելու։
ԵԹԿՊԻ-ի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանն էլ իր ելույթում նշեց, որ Ֆրանսիան իր մշակույթով, լեզվով շատ կարևոր տեղ ու դեր ունեն մեզ համար։
Պրոռեկտորը կարևորելով ֆրանսիական մշակույթը, անդրադարձավ նաև բուհում ֆրանսիացի հեղինակների ստեղծագործությունների բեմադրություններին։
Հանդիպման ընթացքում կնքվել է համագործակցության հուշագիր, որը սկիզբ է դնում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի միջև համագործակցությանը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ