Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի, «Տյուշի»՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և այլ երկու անձանց աղմկահարույց սպանությունների գործով կրկին կալանավորվել է Արտուշ Սիմոնյանի որդին՝ Հովհաննես Սիմոնյանը: Ավելի վաղ նրա կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվել էր տնային կալանքով, այդ որոշումը բողոքարկել էր տուժողների ներկայացուցիչ Աշոտ Ստեփանյանը:
«Կոնկրետ փաստեր, որպես այդպիսին, չկան, թե Հովհաննես Սիմոնյանը խանգարեց, գործի քննությանը, թե՝ ոչ, բայց ամեն դեպքում, ողջամիտ ենթադրություններ կային, եւ մեր բողոքն էլ կառուցված էր հենց այդ ողջամիտ ենթադրությունների վրա, ինչն էլ Վերաքննիչ դատարանը բավարարեց »,- ասաց Աշոտ Ստեփանյանը:
Թեեւ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, շարունակում են գրել, որ 2021-ին հայտնի հեղինակությունների այդ հանդիպման ժամանակ, որի ընթացքում էլ սպանությունները եղան, առաջինը կրակել է Արթուր Ղազարյանը, իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, փաստաբան Ստեփանյանը հերքում է. «Տեսագրությունների հետազոտմամբ՝ պարզվել է, որ առաջին կրակոցը արձակվել է Արտյուշ Սիմոնյանի կողմից»:
Հիշեցնենք, որ 2021թ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը փոխհրաձգության արդյունքում 4 անձ սպանվել է, այդ թվում՝ տանտեր Սիմոնյանը, քրեական հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույը՞։ Ոստիկանությունը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել էր 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։
Կարդացեք նաև
Տուժող կողմի դիրքորոշումն այն է, որ կատարվածը եղել է կանխամտածված սպանություն՝ խմբի կողմից: Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ստեփանյանից հետաքրքրվեցինք՝ հավանական համարո՞ւմ է կամ կա՞ն արդյոք գործի շրջանակում ձեռքբերված այդպիսի ապացույցներ, որ սպանությունը կարող էր վերջին ընտրություններում Արթուր Ղազարյանի՝ ՔՊ-ի համար աշխատելով պայմանավորված լիներ՝ հաշվի առնելով նման տեղեկությունների շրջանառությունը, փաստաբանը պատասխանեց. «Նման տեղեկության չեմ տիրապետում, առաջինը ձեզնից եմ լսում: Նման վարկած առհասարակ չի շրջանառվել, նման հանգամանքներ գործում առկա չեն: Քրեական վարույթով դեռեւս պարզված չէ սպանության շարժառիթը, քանի որ Արթուր Ղազարյանն իր ընկերների հետ ընդամենը գնացել է Արտյուշ Սիմոնյանին տեսակցելու, զրուցելու նպատակով: Որեւէ միջադեպ տեղի չի ունեցել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ