Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա երաշխիք, որ մարդկանց չեն ձերբակալի ադրբեջանական անցակետում, Արցախի իշխանությունը հետքայլ է անում․ Դավիթ Գալստյան

Հունիս 09,2023 14:50

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Դավիթ Գալստյան

– Պարոն Գալստյան, Արցախի տեղեկատվական շտաբն օրերս հաղորդագրություն տարածեց՝ փաստելով, որ ադրբեջանական ապօրինի անցակետով մարդկանց տեղափոխում է իրականացվում։ Այսինքն՝ Արցախի իշխանությունները որոշել են, որ այդ անցակետից պետք է օգտվե՞լ, արդյոք դա ի՞նչ է նշանակում։

– Իհարկե, առանց իշխանությունների կողմից որոշում կայացնելու, ո՞նց կարող էին այդ անցակետից օգտվել։ Տեսնում ենք, որ կանոնավոր փոխադրումներ են լինում այդ անցակետով։ Արցախի իշխանությունները որոշում են կայացրել եւ հետքայլ են արել իրենց հայտարարած «կարմիր գծերից»։ Եվ այսօր ունենք այն ցավալի վիճակը, որ Արցախի իշխանությունները դրանով իսկ ընդունեցին Ադրբեջանի բոլոր նախապայմանները, որոնք նրանք կեղծ բնապահպանական օրակարգի շրջանակում առաջ էին բերել։ Այսինքն՝ այս իշխանությունները ցույց են տալիս, որ այդ անցակետից օգտվելն իրենց համար «կարմիր գիծ» չէ եւ ընդունելի է։ Այնինչ, նախկինում հայտարարում էին, որ անընդունելի է։

– Տեղեկություններ են շրջանառվում, որ, օրինակ արցախյան առաջին և երկրորդ պատերազմի մասնակցին, որն առողջական խնդիրների պատճառով պիտի բուժում ստանար Հայաստանում, ադրբեջանցիները թույլ չեն տվել հատել անցակետը՝ նրան որակելով «ահաբեկիչ»։ Նաեւ կա դեպք, երբ Հայաստանում մահացած արցախցու դին թույլ չեն տվել տեղափոխել Ստեփանակերտ՝ պատճառաբանելով, որ նա մասնակցել է արցախյան առաջին պատերազմին։ Այսինքն՝ ադրբեջանցիները տեղեկատվական բազա ունեն արցախցի տղամարդկանց վերաբերյալ, եւ այդ անցակետը հատելիս ցանկացած անձի կարող են շինծու մեղադրանք ներկայացնե՞լ։

– Ես կոնկրետ փաստեր չունեմ այդ դեպքերի վերաբերյալ, քանի որ մենք ընդդիմություն ենք, եւ մեզ փորձում են հնարավորինս հեռու պահել այդ ինֆորմացիայից, որպեսզի իրենց չքննադատենք այդ հարցերով։ Բայց, այո, մենք էլ ենք նման լուրեր լսել, որ թույլ չեն տվել մահացածի դին տեղափոխել Արցախ՝ հաշվի առնելով, որ առաջին պատերազմի մասնակից է եղել։ Այո, իհարկե, նման խնդիրներ լինելու են, քանի որ, Ադրբեջանն ունի առավելապաշտական քաղաքականություն։ Եվ մեր գլխիկոր իշխանությունները չեն կարողանում դրա դեմն առնել։

-Այսինքն՝ կա ռիսկ, որ հայ տղամարդկանց այդ անցակետում կարող են ձերբակալե՞լ՝ պատճառաբանելով, որ մասնակցել են պատերազմին։

-Քանի որ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, որ այդ անցակետն անընդունելի է եւ չի կարելի նման ձեւաչափով ու պայմաններով այդ անցակետն օգտագործել, մենք չենք իմանում, թե ինչ կարող է լինել։ Չկա նման երեւույթները բացառող երաշխիք։

– Խոսելով Արցախի իշխանությունների մասին՝ Ալիեւն ասել էր․ «Նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե ինքնակամ վայր դնեն իրենց բոլոր կեղծ պաշտոնները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար»։ Նա նաեւ կոչ էր արել ցրել Արցախի խորհրդարանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

– Դա Ադրբեջանի նախագահի ցանկությունն է, որը նա բարձրաձայնել է։ Տեսնում ենք այս գիծը, որն այսօր Ադրբեջանը փորձում է առաջ տանել, եւ դա նրան հաջողվում է, քանի որ թե Հայաստանում, թե Արցախում գլխիկոր իշխանությունները չեն կարողանում իրենց կարծիքն ու հայանպաստ որոշումն առաջ տանել եւ ընդունում են Ադրբեջանի բոլոր նախապայմանները։ Ադրբեջանը նման հայտարարություն է արել, եւ տեսնում ենք, որ հայկական կողմը չի կարողանում դա օգտագործել եւ ասել, որ դրանով իսկ Ադրբեջանը ճանաչել է Արցախի անկախությունը, Արցախի հանրապետության այն ինստիտուտները, որոնց մասին նա խոսել է։ Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան դա ճիշտ օգտագործել միջազգային հարթակներում՝ աշխարհին ցույց տալու համար, որ Արցախը կայացած պետություն է՝ իր խորհրդարանով, կառավարությունով, նախագահական ինստիտուտով, ինչի մասին հենց Ալիեւը հայտարարել է։ Անուղղակիորեն նա ճանաչել է այս ինստիտուտները, իսկ հայկական կողմը դիվանագիտության մեջ այնքան բոբիկ է, որ չի ուզում այդ շանսն օգտագործել ու միջազգային հարթակներում ցույց տալ, որ Արցախը կայացած պետություն է։ Դա եւս մեր դիվանագիտության պարտությունն է, որ չենք կարողանում նման հարցերը ճիշտ բարձրաձայնել։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930