Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին:
Հանդիպմանը քննարկվել են համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման եւ կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:
Իր ողջույնի խոսքում Տիգրան Խաչատրյանը նշել է. «Համահայկական խաղերն անկախ Հայաստանի հասարակական կյանքի կարեւոր բաղադրիչ են։ Ավելի քան 20 տարի շարունակ սփյուռքահայ եւ հայաստանյան երիտասարդությանը Հայաստանում համախմբելուն զուգահեռ այս մարզական իրադարձությունն էական նշանակություն է ստացել հասարակության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման եւ սպորտի մասսայականության ապահովման հարցում: Համոզված եմ, որ Համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարեւոր ներդրումը կունենա սպորտի ժողովրդականացման եւ հայկական Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդությանը հայրենիքում միավորելու գործում»։
Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան 2023 թվականի օգոստոսի 5-19-ը: Բացման արարողությունը կկայանա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երեւանում: 17 մարզաձեւերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:
Կարդացեք նաև
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ