Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները կվտարվե՞ն. անշարժ գույքի «ապօրինի և խարդախ» գործարքի պատճառով Երուսաղեմի հայերի հողատարածքները վտանգվել են

Հունիս 09,2023 13:04

«Ազատություն». Երուսաղեմում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ամենաթեժ կետում, անշարժ գույքի աղմկահարույց գործարքը խուճապի է մատնել տեղի պատմական հայ համայնքը․ բնակիչները ամիսներ ի վեր փորձում են հասկանալ՝ արդյոք առեղծվածային ներդրողի պատճառով զրկվելու են իրենց տներից։

«Կովերի պարտեզ» կալվածքի գործարքի մասին AP-ն (Associated Press) է գրում՝ շեշտելով՝ «Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մոտ 25 տոկոսի հարյուրամյա վարձակալական պայմանագրի շուրջ ծագած վեճն արդեն քաղաքների պարիսպներից դուրս է տարածվել»։

Գործարքի պատճառով հայ առաքելական եկեղեցու առաջնորդը վանքում մեկուսացել է, գործարքի հետևում կանգնած քահանան էլ շնորհազրկվել է, փախուստի դիմել՝ թաքնվելով Լոս Անջելեսում։

Երուսաղեմի հայերին պատկանող հողատարածքների վարձակալության մասին հայտնի է դարձել ապրիլին՝ իսրայելական երկրաչափների անակնկալ այցից հետո։ Պարզվել է, որ իսրայելական ծագման մի գործարար մտադիր է հայերի բնակարանների և խանութների կրաքարե ամրոցը, ինչպես նաև ավտոկայանատեղին վերածել շքեղ հյուրանոցի։

Զայրույթի, շփոթության, վտարման վտանգի ֆոնին Հայոց պատրիարքարանը, որը համայնքի ինչպես կրոնական, այնպես էլ քաղաքացիական գործերը տնօրինող մարմինն է, ի վերջո խոստովանել է, որ եկեղեցին հողամասին վերաբերող գործարք է ստորագրել։

Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պնդում է, որ «ապօրինի և խարդախ» գործարքի ողջ պատասխանատվությունը կրում է կարգալույծ արված քահանան։ Պատրիարքի հավաստմամբ, այդ ամենը տեղի է ունեցել իր մեջքի ետևում։

Այս խոստովանությունն էլ ավելի է բորբոքել կրքերը Հայկական թաղամասում. բնակիչները դատապարտում են գործարքը՝ տեղի ունեցածը գնահատելով սպառնալիք Երուսաղեմում համայնքի երկարամյա ներկայությանը և պահանջում չեղարկել այն։

Պատրիարքը զրկվել է գործարքներ կնքելու իրավունքից

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը և Հորդանանի թագավոր Աբդալահ Երկրորդը կասեցրել են Երուսաղեմի հայոց պատրիարք կարգված Մանուկյանի ճանաչումը՝ այդկերպ նրան զրկելով պաղեստինյան տարածքներում և Հորդանանում պայմանագրեր ստորագրելու, գործարքներ կնքելու, որոշումներ ընդունելու իրավունքից։

Ցուցարարներն իրենք են ուրբաթ օրերին հավաքվում պատրիարքի պատուհանի տակ և «դավաճան» վանկարկումներով պահանջում պարզաբանել՝ ով և ինչպես է վարձակալել իրենց պատկանող հողերը։

«Այս թաղամասն ինձ համար ամեն ինչ է: Սուրբ Երկրում սա հայերի միակ հավաքատեղին է, մենք պետք է պայքարենք», – ասում է համայնքի 22-ամյա ներկայացուցիչ Հակոբ Ճռնազյանը և հավելում․ – «Մենք դեռ սպասում ենք, որ պատրիարքարանը մեզ պատասխանի։ Մենք պահանջում ենք պատասխան, պահանջում ենք արդարություն, պահանջում ենք թափանցիկություն՝ այս վայրը ապագա սերունդների համար անվտանգ վայր պահելու համար»։

Հայտնի իսրայելցի ճարտարապետ Մոշե Սաֆդին AP-ին ասել է, որ ինքն է լինելու հյուրանոցի նախագծողը, տեղեկացնելով, որ շինարարությունը կմեկնարկի հենց ավտոկայանատեղիում հողային աշխատանքներն ավարտվեն։

Արդյոք սա նշանակում է, որ բնակիչները կվտարվե՞ն։ Այս հարցի պատասխանը հայտնի չէ։ Պատրիարքարանը միայն խոստացել էր օգնել բոլոր տեղահանված բնակիչներին:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930