Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից. նա ընդունե՞լ է մեղքը

Հունիս 09,2023 12:41

«Դիրքորոշման փոփոխություն կար մեր՝ պաշտպաններիս եւ մեր վստահորդի միջեւ, որի կապակցությամբ այլեւս մեր կողմից չի իրականացվելու Գայանե Հակոբյանի պաշտպանությունը: Դա եղել է մեր պաշտպանյալի ցանկությունը»,- քիչ առաջ դատարանի դահլիճից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի պաշտպանական խմբի անդամները:

Դիրքորոշման փոփոխության մասին մանրամասներ նրանք չհայտնեցին, քանի որ դռնփակ նիստ է եղել, բացի այդ, պաշտպաններն այլեւս լիազորված չեն տիկին Գայանեի անունից որեւէ հայտարարություն անել:

Հիմա դատարանը քննում է հանրային պաշտպանի ներգրավման հարցը:

Հովսեփ Սարգսյան

«Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք մեր պաշտպանությունը, սակայն, տիկին Գայանեն այլ կարծիքի էր»,- պաշտպանության մարտավարության մասին ասաց Հովսեփ Սարգսյանը՝ չմանրամասնելով Գայանե Հակոբյանի մոտեցումը: Պաշտպաններն այժմ էլ կարծում են, որ այս գործով հանցակազմը բացակայում է:

Լրագրողը նկատեց, եթե պաշտպանները գտնում են, որ արդարացման հիմքով պետք է շարունակել գործի քննությունը, իսկ Գայանե Հակոբյանն այլ դիրքորոշում ունի, կարո՞ղ ենք ենթադրել, որ նա ընդունել է մեղքը: Պաշտպաններն արձագանքեցին՝ միգուցե ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց մենք նման բան չենք ասել:

Հարցին՝ ի՞նչ է կատարվում, քանի որ դուք միակ պաշտպանները չէիք, որ հրաժարվեցիք, Հովսեփ Սարգսյանը պատասխանեց, որ ճիշտ կլինի, որ տիկին Գայանեն երբ հայտնվի ազատության մեջ՝ ինքն ասի:

Վերջին միջնորդությունը, որը ներկայացրել են այս պաշտպանական խմբի անդամները, եղել է խափանման միջոց կալանքի փոփոխումը՝ հանրապետությունից չբացակայելու դիմաց:

Գեորգի Մելիքյան

Գործը դռնփակ քննելու մասին պաշտպաններն ասացին, որ դատարանն արդեն որոշում էր կայացրել, բայց իրենք նման միջնորդություն չեն ներկայացրել: Հիմքը եղել է ընդհանուր կանոնը՝ անձի անձնական կյանքը: Պաշտպանները դռնփակ նիստի մասին տեղեկացել են նիստից կես ժամ առաջ, երբ կարգադրիչները թույլ չեն տվել մարդկանց եւ լրատվամիջոցներին՝ մտնել նիստերի դահլիճ:

Պաշտպանները հայտարարեցին, որ փոփոխություն կա նաեւ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ, բայց կրկին մանրամասներ չհրապարակեցին, քանի որ նիստը դռնփակ էր: Պաշտպանները չհերքեցին լրագրողների դիտարկումները, որ Աշոտ Փաշինյանը նույնպես կարծում է, որ Գայանե Հակոբյանի խափանման միջոցը պետք է փոխվի:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Գայանե Հակոբյանը կալանավորվել էր նախ մեկ ամիս, ապա՝ 1,5 ամիս ժամկետով՝ Աշոտ Փաշինյանին առերեւույթ առեւանգելու գործով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930