Լրահոս
Օրվա լրահոսը

Արևապաշտպան միջոցների հետ կապված առավել տարածված հարցերի պատասխանները

Հունիս 09,2023 09:50

Արևը պետք է վայելել, բայց և չմոռանալ արևապաշտպան միջոցների մասին, որոնց դերը հատկապես ամռանը չարժե թերագնահատել։ Մենք փորձել ենք գտնել այդ միջոցներին առնչվող առավել տարածված հարցերի պատասխանները։

1. Ի՞նչ է SPF-ը և որքա՞ն պետք է լինի դրա գործակիցը

Արևապաշտպան գործոնն (sun protection factor) այն նյութն է, որը պաշտպանում է մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Իրականում արևապաշտպան ոչ մի քսուկ 100 %-ով չի պաշտպանում այրվածքներից ու վնասվածքներից, սակայն հնարավորություն է տալիս ավելի երկար ժամանակ անցկացնել արևի ներքո։ Կան հետազոտություններ, որոնք հաստատում են, որ SPF բարձր ցուցիչով արևապաշտպան միջոցներն ավելի լավ են պաշտպանում արևահարությունից, սակայն դրանք ավելի կպչուն կազմություն ունեն և ոչ բոլորին են դուր գալիս։ Մաշկաբանները խորհուրդ են տալիս նվազագույնը SPF 30-ով տարբերակներին տալ նախապատվությունը։

SPF 30-ը հարմար է մաշկի տարբեր տեսակներ ունեցող մարդկանց մեծամասնությանը:

SPF 15-ը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների 93 %-ից,
SPF 30-ը՝ 97 % ուլտրամանուշակագույն ճառագայթներից,
SPF 50-ը՝ 99% ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Կարևոր է հիշել, որ թեև ավելի բարձր SPF-ը ավելի մեծ պաշտպանություն է ապահովում, սակայն գործունեության ավելի երկար ժամկետ չունի, ուստի արևի ներքո գտնվելիս պետք է պարբերաբար թարմացնել այն։

2. Ինչպե՞ս են արևապաշտպան միջոցները պայքարում UVA և UVB ճառագայթման դեմ

Արևը տարբեր տեսակի ճառագայթներ է լուսարձակում, որոնցից երկուսն առաջին հերթին պատասխանատու են մաշկի վնասվածքների համար՝ ուլտրամանուշակագույն A և ուլտրամանուշակագույն B ճառագայթումը: UVB ճառագայթներն ավելի կարճ են և չեն կարող ներթափանցել ապակու միջով, բայց առաջացնում են արևային այրվածքներ։

UVA ճառագայթները, որոնք կարող են ներթափանցել ապակու միջով, ավելի խորամանկ են, քանի որ մաշկի վրա ազդում են անգամ այն ժամանակ, երբ մարդն այրոց չի զգում։

Ընտրություն կատարելիս պետք է համոզվել, որ արևապաշտպան միջոցների վրա կա «UVA/UVB լայն պաշտպանություն» կամ «մուլտիսպեկտր» մակնշումը։ «Լայն սպեկտր» տերմինն ավելի հաճախ է հանդիպում ԱՄՆ-ում, քանի որ այն կարգավորվում է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից։ Սովորաբար UVA պաշտպանությունն ապահովող բաղադրամասերն են ավոբենզոնն ու ցինկի օքսիդը։

Ինչպես UVB, այնպես էլ UVA ճառագայթները կարող են մաշկի ծերացման ու քաղցկեղի պատճառ դառնալ։

3․ Ո՞րն է ֆիզիկական ու քիմիական արևապաշտպան միջոցների տարբերությունը

Այդ եզրույթները հաճախ են օգտագործվում արևապաշտպան միջոցների հետ կապված, և դրանք պայմանավորված են այն ակտիվ բաղադրամասերով, որոնք առկա են այդ միջոցներում։

Ֆիզիկական (անօրգանական) արևապաշտպան միջոցներ

FDA-ի կողմից միայն երկու անօրգանական բաղադրամաս են երաշխավորվել օգտագործման համար՝ ցինկի օքսիդը և տիտանի դիօքսիդը։
Համարվում է, որ անօրգանական արևապաշտպան միջոցները մաշկի մակերեսին ստեղծում են պաշտպանիչ շերտ, որն արտացոլում ու ցրում է ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Թեև կա հետազոտություն, որը ենթադրում է, որ այդ տեսակի արևապաշտպան միջոցները ոչ թե ցրում են ՈՒՄ ճառագայթները, այլ ներծծում դրանք՝ ապահովելով մինչև 95 տոկոս պաշտպանություն։ Ցինկի օքսիդի 10% և ավելի խտությունն է ապահովում լայն սպեկտրի պաշտպանություն:

Անօրգանական արևապաշտպան միջոցները մաշկին կարող են թեթևակի սպիտակ երանգ հաղորդել, իհարկե, եթե դրանք տոնավորված չեն։

Քիմիական (օրգանական) արևապաշտպան միջոցներ

Օրգանական միջոցները ներծծվում են մաշկի մեջ՝ պաշտպանիչ շերտ առաջացնելու փոխարեն։ Այս միջոցների ակտիվ բաղադրամասերը քիմիական ռեակցիա են առաջացնում, որը վերափոխում է ՈՒՄ ճառագայթները՝ կանխելով դրանց կողմից մաշկի վնասումը։

4. Որքանո՞վ են վտանգավոր արևապաշտպան միջոցների բաղադրամասերը

Այդ միջոցների բոլոր բաղադրամասերի անվտանգությունը խստորեն վերահսկվում է համապատասխան մարմինների կողմից։ Սակայն մաշկաբանները նշում են, որ քիմիական արևապաշտպան միջոցները ավելի մեծ հավանականությամբ կարող են մաշկի գրգռվածություն առաջացնել։ Ուստի եթե մարդն ունի մաշկային հիվանդություններ կամ ալերգիկ ռեակցիաների հակվածություն, ապա նրա համար ավելի նախընտրելի կարող են լինել անօրգանական արևապաշտպան միջոցները։

5. Որքա՞ն է արևապաշտպան միջոցների պահպանության ժամկետը

Մեծամասամբ արևապաշտպան միջոցների վրա նշված է լինում պահպանության ժամկետը, սակայն եթե չկա նման մակնշում, ապա ենթադրվում է, որ արևապաշտպան միջոցն օգտագործման ենթակա է բացման պահից սկսած 3 տարի։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930