Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն, այստեղ չկա թշնամական որևէ ոտնձգության առջև հանձնվելու մտածում կամ ցանկություն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Հունիս 09,2023 09:00

Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները Երեկոյան ժամերգություն են կատարել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

«Մեզ համար չափազանց կարևոր է այսօր Ոսկեպարում լինելը»․ Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքը։

«Դուք աշխարհի բոլոր ծագերից ժամանել եք Հայաստան աշխարհ մեր կյանքի ամենադժվար ու ամենաբարդ ժամանակներում։ Այդ ամենը ձեր սրտերում պարուրած, ծվարած՝ այս մեծ հոգևոր ճանապարհորդությունն եք կատարել՝ միասին՝ սիրտ-սրտի, գլուխ-գլխի, աչք առ աչք, ձեռքերն ամուր կերպով բռնած՝ խորհելու, մտածելու, աղոթելու, միասին սիրո ճաշ բաժանելու, վերահաստատելու հավատարմությունը մեր Տիրոջ ուխտի նկատմամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ և մեր ազգային տեսիլքի նկատմամբ։

Առանձնահատուկ շնորհակալ եմ, որ ընտրել եք Տավուշ աշխարհի սահմանապահ այս երկար ուղին անցնելու՝ սկսած Իջևանից մինչև Նոյեմբերյանի խորքը։ Եվ որ Դուք ձեր աչքերով տեսնեք և ձեր սրտով զգաք այս ժողովրդի տարիների համառությունն ու կամքը, որ անկախ բոլոր տեսակի պայմաններից մեր ժողովուրդը դրսևորել ու դրսևորում է, ուխտ է կնքել չլքելու Հայրենիքը, ուխտ է կնքել չլքելու իր սրբությունները, իր շիրիմները և իր ժառանգությունը, և արյունով գնված այս սրբազան երկիրը, որտեղ ավելի շատ արյուն է հեղվել, քան թե ջուր։

Մենք այսօր գտնվում ենք մեր տարածաշրջանի և հայ ժողովրդի կյանքի ամենախորհրդավոր վայրերից մեկում։ Մեզ համար չափազանց կարևոր է այսօր այստեղ լինելը։ Ուզում եմ, որ մենք հռչակենք, վերստին հռչակենք և 1000 անգամ հռչակենք, որ սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն, այստեղ չկա թշնամական որևէ ոտնձգության առջև հանձնվելու մտածում կամ ցանկություն։

Սա մեր օրերի փորձաքարներից մեկն է։

Այս տաճարը 7-րդ դարի տաճար է։ Այն ետ է բերվել 1980-ականների վերջին՝ մեծ սխրանքով։ Սա մեր գոյության վկայությունն է։ Այստեղ ոստիկաններ են առևանգվել և սպանվել։ Այստեղ մեր հազարավոր հայրենակիցներ են զոհաբերվել։ Այս Սուրբ տաճարը դարձել է մեր սահմանագոտու արթուն հսկողը։ Քիչ վերն են մեր թշնամիները, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։

Մեր Երուսաղեմի աթոռից, Կիլիկիո աթոռից, Պոլսո պատրիարքությունից ժամանակ բոլորիդ բարի գալուստ մաղթելով՝ առանձնահատուկ կերպով ուզում եմ բոլորիս անունով գնատահանքով բարի գալուստ ասել մեր սիրելի Հայր Սահակին, ով այսօր ժամանել է գերեվարված Արցախից։ Մեր բոլորի մտածումների առանցքն այսօր Արցախն է։ Հայր Սուրբը, մի տեսակ, մեր ժողովրդին է բերել իր հետ։ Այն ժողովրդին, որ մեր ընդհանրական պատիվն է փրկում այսօր։ Առանձնահատուկ ողջույն Հայր Սահակին, իր միջոցով, մեր բոլորի անունով Արցախում ապրող, Արցախում կռվող մեր սիրելի հայրենատեր քույրերին և եղբայրներին։ Ոսկեպարի այս Սուրբ Աստվածածին 7-րդ դարի տաճարից թող մեր ողջույնն ու սերը գնա Գանձասար, Գանձասարից Ամարաս, Ղազանչեցոց և գերեվարված մեր ողջ ժառանգությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930