Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ մենք ո՞վ ենք

Հունիս 09,2023 10:00
mayr ator

«Ո՞վ ենք մենք» կոչվող գրքում, որտեղ ամերիկացի քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնը փորձում է բացահայտել ամերիկյան ինքնության հիմնական հատկանիշները, կան բաժիններ, որոնք առնչվում են կրոնի եւ քաղաքականության առնչություններին: Հեղինակը, մասնավորապես, նշում է, որ 2000 թվականի նախագահական ընտրություններում վճռորոշ դեր է խաղացել կրոնական թեմատիկան: 1998 թվականին ամերիկացիների 49 տոկոսը նշում էր, որ բարոյականությունն անկում է ապրում, 58 տոկոսը, որ՝ բարոյական խնդիրներն ավելի կարեւոր են, քան տնտեսական հարցերը: 2000 թվականի ընտրություններից անմիջապես հետո 69 տոկոսը կարծիք է հայտնել, որ կրոնն ամրապնդում է ընտանեկան արժեքները, իսկ 70 տոկոսը ցանկություն է հայտնել, որ կրոնն ուժեղացնի իր ազդեցությունն ամերիկյան ապրելակերպի վրա: Շատ սուր էր դրված աբորտների դեմ պայքարի խնդիրը, քննարկվում էր նաեւ դպրոցներում ընդհանուր աղոթքների վերականգման հարցը: Այս երկու կետերում հանրապետականները, բնականաբար, ավելի ակտիվ էին, քան դեմոկրատները:

Բայց հիշյալ ընտրություններում երկու հիմնական թեկնածուներն էլ հրապարակավ խոսում էին իրենց քրիստոնեական կողմնորոշման մասին: Ջորջ Բուշ-կրտսերը, պատասխանելով, թե ով է, նրա կարծիքով, ամենամեծ քաղաքական փիլիսոփան, ասել է՝ «Քրիստոսը: Նա ստիպեց ինձ այլ կերպ նայել աշխարհին»: Իսկ Ալբերտ Գորն իր ճառերից մեկն ավարտել է հետեւյալ կերպ. «Մարդու կոչումը Տիրոջը փառաբանելն է: Իմ հավատն ինձ ծառայում է որպես հենասյուն»:

Ոչ ոք, կարծում եմ, չի վիճարկի ԱՄՆ-ի՝ աշխարհիկ երկիր լինելու հանգամանքը, ինչպես նաեւ այն փաստը, որ այդ երկրում հարգում են խղճի ազատության հիմնարար սկզբունքը: Բայց պատահական չէ, որ անգամ այդպիսի երկրում բնակչության մի ստվար հատված ապավինում է կրոնին, եւ քաղաքական գործիչներն արձագանքում են այդ պահանջմունքին:

Գիտեմ, որ շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց ես կարծում եմ, որ քրիստոնեությունը նաեւ մեր՝ հայերիս ինքնության կարեւոր մասն է: Պարզապես տարբեր ժամանակահատվածներում դա տարբեր ձեւերով է դրսեւորվում, ինչը մեծ չափով պայմանավորված է քաղաքական վերնախավի կեցվածքով:

Հայաստանի այսօրվա իշխանությունը սուր կոնֆլիկտի մեջ է մտել Հայ առաքելական եկեղեցու հետ՝ մեղադրելով, մասնավորապես, նրա սպասավորներին քաղաքական գործունեություն ծավալելու մեջ: Այդ կոնֆլիկտը ես պատահական չեմ համարում: Դրա հիմքում իշխանության ձգտումն է հասարակությանն ուղղորդել դեպի գեդոնիզմի, «խախանդ ապրելու», որեւէ առաքելության մասին չմտածելու ճանապարհը:

Այս արձանագրմանը կարելի է հակադարձել, որ նախորդ իշխանությունը նման կոնֆլիկտի մեջ չէր մտնում, սակայն գործնականում դավանում էր զուտ նյութապաշտական արժեքներ: Դա, իհարկե, ճիշտ է: Բայց եթե «նախկինները» երեսպաշտ էին, իսկ «ներկաները»՝ բացահայտ անաստված՝ դա դեռ չի նշանակում, որ «պետություն – հասարակություն – կրոն» հարաբերությունների մոդելները միայն այս երկուսն են:

Կարծում եմ, կգա նաեւ քրիստոնյա-պահպանողական իրական նախագծերի ժամանակը: Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:
Դրանից առաջ պետք է պատասխանել Հանթինգթոնի առաջ քաշած հարցին՝ ո՞վ ենք մենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nimar says:

    Իշխանություն-եկեղեցի խորը հակասությունը, իմ կարծիքով, ավելի շուտ հումորի դաշտից է։ Եկեղեցու և հավատքի միջև նույնքան տարբերություն կա, որքան ձվածեղի և Աստծո պարգևի միջև:
    Եկեղեցիները կառուցվում են արդար միջոցներով ձեռք բերված փողո՞վ։ Դա կապ ունի՞ խղճի, գթասրտության ու համեստության հետ։
    Եկեղեցին, որը բանկի բաժնետեր է, առնվազն ավելի մոտ է բիզնեսին, քան բարոյականությանը: Սակայն, երևի թե հիմա դա ընդունված է, և դրանում ոչ մի տարօրինակ բան չկա։ Դե, եթե բիզնես, ապա «ոչ մի անձնական բան, միայն բիզնես»: Եվ թող ոչ ոք չնեղանա, բիզնեսի օրենքները
    կոշտ են և սենտիմենտալություն չեն ենթադրում։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930