Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Չեմ կարծում՝ երբեւիցե կիմանանք իրողությունը, քանի դեռ ներքաղաքական համակարգն այս վիճակում է, երբ կա ՔՊ-ն ու, այսպես ասած, նախկինները. Հարությունով

Հունիս 09,2023 00:05

Քաղաքագետ, ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը դարձել է ներքաղաքական խնդիր: Այդ առումով, ըստ նրա, դժվար է հավատալ՝ Նիկոլ Փաշինյա՞նն էր ճիշտ, երբ ասում էր, թե 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հայկական կողմն անկլավների և Հայաստանի տարածքով միջանցքի անցնելուն վերաբերող հարցերը հանել է և հետո միայն ստորագրել փաստաթուղթը, մինչդեռ ստորագրելուց առաջ ՀՀ, ԶՈՒ ԳՇ-ում այն քննարկելիս այնտեղից ասել են՝ ոչինչ անկլավներով տուր, թե ԳՇ նախկին պաշտոնյաներն են ճիշտ, որոնք հերքում են, որ նման բան է ասվել ԳՇ-ի կողմից կամ ընդհանրապես քննարկում է եղել:

«Մենք գիտենք՝ պատերազմի ընթացքում մի քանի տարբերակ է քննարկվել, տարբեր թղթերով, հայտարարություն, որը կդադարեցներ մարտական գործողությունները: Այն, ինչ քննարկվեց նոյեմբերի 9-ին այդ տարբերակներից մեկն էր: Միջազգային պրակտիկայում կա նման բան, որ արդեն նախապատրաստված փաստաթուղթը կարող է փոփոխությունների ու սրբագրումների ենթարկվի: Չենք կարող որեւէ ստույգ բան ասել այստեղ, որովհետեւ դա քաղաքականացված հարց է: Ես կողմերից ոչ մեկի չեմ կարող հավատալ, որովհետեւ դա դարձել է ներքաղաքական խնդիր:

Այսինքն՝ Փաշինյանի համար դա ձեւ է մեղադրելու, բացատրելու ինչ-որ սխալներ կամ գործողություններ, որ ՊՆ-ն ու ԳՇ-ն ինչ-որ ճիշտ չեն արել: ՊՆ, ԳՇ նախկին պաշտոնյաներն էլ 2021 թվականից քաղաքական գործընթացների մաս են կազմում, հասկանալի է, որ այդ քաղաքական կոնֆլիկտի պատճառով, նրանք էլ ասում են՝ Փաշինյանն է մեղավոր: Չեմ կարծում՝ երբեւիցե կիմանանք իրողությունը, քանի դեռ ներքաղաքական համակարգն այս վիճակում է, երբ կա ՔՊ-ն ու, այսպես ասած, նախկինները: Երկու կողմն էլ իրենց շահերին համապատասխանող տարբերակներ են ներկայացնում»,- ասաց Հարությունովը:

ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Փաշինյանի այդ հայտարարությունից հետո մի քանի հարցազրույցներ տվեց ՝պնդելով, որ դեռ հոկտեմբերի 19-ին կարողացել էին համոզել Փաշինյանին հրադադարի գալ, բայց ավելի ուշ Փաշինյանը հայտնել է, որ հրադադար չի լինելու: Խաչատրյանին հասած տեղեկությունների համաձայն, հրադադար հոկտեմբերի 19-ին չի եղել, քանի որ այդ փուլում ձեռնտու պայմաններ չեն եղել ՀՀ-ի համար հրադադարի գնալու առումով: Մենք Հարությունովից հետաքրքրվեցինք՝ իսկ հոկտեմբերի 19-ից հետո ՀՀ-ի համար ինչ փոխվեց, ավելի ձեռնտու պայմաններ ստեղծվեցի՞ն, ի պատասխան նա ասաց. «Չէ, իհարկե, ավելի վատ պայմաններ էին: Այստեղ եւս մենք, իհարկե, չգիտենք՝ իրականում ոնց է եղել, բայց կան հայտարարություններ: Եկեք դրանք հիշենք՝ Փաշինյանը հայտարարեց, թե եթե շուտ դադարեցներ պատերազմը, իրեն կմեղադրեին, թե դավաճան է…հասկանալի է, որ հոկտեմբերին պայմանները ավելի լավ էին, որովհետեւ կար Շուշին ու կոնկրետ տարածքներ, որոնք ադրբեջանցիները դեռ չէին գրավել: Երեւի, եթե լիներ շատ ծանր, բայց քաղաքական, սկզբունքային որոշում, ՀՀ-ի համար ավելի բարենպաստ կլիներ՝ ավելի շուտ կանգնեցնել:

Բայց մեր ներքաղաքական իրավիճակի հետեւանքներն էին, որ օրինակ հոկտեմբերի 19-ին չկայացվեց հրադադարի որոշում: Այստեղ բոլորն են մեղավոր: 2018 թվականից Փաշինյանի ընդդիմախոսները անընդհատ ասում էին՝ այ Փաշինյանը հանձնելու է, դավաճանելու է: Այդպիսի պայմաններում իշխանությունը ձգտում էր լինել ավելի ծայրահեղ իր մոտեցումներում, քան ընդդիմությունն էր, կամ նախկին իշխանությունները, որ այդ մեղադրանքները ակտուալ չլինեն:

Դրա պատճառով եղավ նաեւ բանակցային գործընթացի տապալումը մինչեւ պատերազմը: Շատ մեծ մեղք ուներ նաեւ իշխանությունը, որը մտավ այդ ծայրահեղությունների մեջ, պետք է հասկանային, որ պետք է ՀՀ շահերին համապատասխան քաղաքականություն վարեն: Հետո իշխանություններն իրենց համար անելանելի վիճակ ստեղծեցին պատերազմի ընթացքում քարոզչությամբ, այնպիսի տրամադրություն էր ստեղծվել, որ ՀՀ-ն անպայման հաղթանակ պիտի տանի, իրականությունը ժողովրդին չէր ներկայացվում, ու այդ ընթացքում ստորագրվեր մի փաստաթուղթ, որը տարածքային զիջումներ էր պարունակում, իշխանություններին հաստատ կմեղադրեին դավաճանության մեջ: Արդյունքում՝ ստացվեց իրադրություն, որ այդ լուրջ որոշման կայացումը անընդհատ հետաձգվում էր, մինչեւ այն փուլը, երբ այլեւս այլընտրանք չկար: Քաղաքական իրադրությունը, երբ իշխանությունն այլեւս մանեւրելու տեղ չուներ, եղավ, այն, ինչ եղավ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930