Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել. Այս հարցին մեր հայրենակիցները կպատասխանեն 3 միլիոն տարբերակով

Հունիս 09,2023 14:00

Ինչպե՞ս ինչ-որ հարց լուծենք: Բա ո՞ւր մնաց մեր միասնությունը, որ դարեր շարունակ երազել են մեր մեծերը: Լսում ե՞նք մեր մեծերին: Չէ՛: Չկա աշխարհում այսպիսի բազմաշերտ ժողովուրդ, ինչպիսին մենք ենք: Այսքան մեծ դիապազոն, այսքան մեծ սանդղակ: Հրաշալի է սա արվեստի, գիտության բնագավառում, սակայն ոչ՝ ռազմագիտության մեջ, առավել եւս՝ պատերազմում, թշնամու օղակում:

Զարմանալի ձեւով նման ենք մեր լեռներին: Ունենք անհաս գագաթներ՝ Թումանյան, Րաֆֆի, Համբարձումյան, Անդրանիկ, Նժդեհ, «Ընտրյալք»: Սակայն, իջնելով դեպի ստորոտ, այդ ընտրյալներից բան չի մնում, դառնում ենք «Կոչյալք»:

Անգին մի բանաձեւ կա՝ «Բազում են կոչյալք եւ սակավ ընտրյալք»: Զարմանալի համառությամբ, առաջնորդ ընտրում ենք ոչ թե «Ընտրյալքից», այլ՝ «Կոչյալքից»: Ինչքա՞ն կարելի է:

Ժամանակն է հասկանալու, որ մեր «աքիլլեսյան գարշապարը» ընտրելու եղանակն է:

Կարդացեք նաև
Ո՞րն է ելքը

Հարյուրից ավելի արհեստական կուսակցություններ, երեք-չորս հոգանոց կազմակերպություններ, անհաշիվ աղանդներ… Էլ ի՞նչ «լավ» բան կարող ենք անել թշնամու համար: Էլ ի՞նչ ձեւով կարող ենք մասնատել ժողովրդին:

Այն, որ մեր ժողովրդի բազմաթիվ արժանավոր զավակներ չեն կարողանում մասնակցել երկրի կառավարման գործընթացներին, ակնհայտ է: Այն, որ Ազգային ժողովի ընտրությունները, ներկայումս գործող համակարգը չի արդարացնում մեր ժողովրդի հույսերն ու սպասելիքները, ակնհայտ է:

Մի կողմից գոռում ենք՝ միասնություն, մյուս կողմից՝ կատարում հակառակը: Հեռավոր անցյալում չէ այն, որ մեր ժողովուրդն աննախադեպ զարգացման, հզորացման ու բարգավաճման հասավ այն ժամանակ, երբ երկրում գործում էր միայն մեկ կուսակցություն: Թեկուզ եւ իր արատներով:

Նայեք ձեր շուրջը: Որքան արժանավոր, վաստակ ունեցող գիտնականններ, ինժեներներ, արվեստագետներ, պատմաբաններ, տնտեսագետներ, դասախոսներ, բժիշկներ, բանվորներ, գյուղացիներ կան, որոնք չեն մտել եւ չեն էլ ուզում մտնել որեւէ կուսակցության մեջ: Ինչո՞ւ:

Որովհետեւ նրանք անձնական շահ չեն հետապնդում, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքոով են զբաղված: Ի՞նչ է՝ նրանք արժանի չե՞ն խորհրդարանի պատգամավոր դառնալու, երկրի կառավարման լծակներում աշխատելու:
Հերիք է դեմոկրատիա խաղանք:

Ոչ ոք չի ժխտում, որ կուսակցությունների մեջ էլ կան արժանավոր մարդիկ, սակայն նրանք «ստիպված» են առաջին հերթին իրենց ուժն ու եռանդը ծախսել կուսակցական շահերը պաշտպանելու իշխանության գալու պայքարում, որն էլ ջլատում է ազգային միասնությունը: Այո, «գլխովին կորչելու վտանգը» կախված է մեր գլխին: Բավական է ընկնենք հետեւանքների հետեւից, առանց պատճառները պարզելու:

Խելացի է այն ժողովուրդը, որը պատմությունից դասեր է քաղում: Մեր առջեւ է Իսրայելի օրինակը: Ուրեմն, ո՞րն է ելքը:
Եկեք բոլորս մի կողմ դնենք անձնական շահերն ու նկրտումները: Եկեք վերջապես, կատարենք մեր մեծերի պատգամները: Եկեք ճանապարհ տանք մեր ժողովրդի արժանավոր զավակներին, ըստ իրենց արժանիքիների եւ վաստակի:

Սա է հայրենքի բարգավաճման ու հզորացման ճանապարհը: Սա է արդարության ճանապարհը: Այս դեպքում միայն մեզ հետ հաշվի կնստեն աշխարհի հզորները:

Սլավա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930