Վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացավ ռուսական թատերարվեստի ականավոր գործիչ, դերասան, ռեժիսոր, մանկավարժ Ալեքսանդր Բրյանցեւի 24-րդ միջազգային թատերական հեղինակավոր փառատոնը, որին մասնակցելու եւ «Արդի հայ դրամատուրգիան ու թատրոնը» թեմայով ելույթ ունենալու համար հրավիրված էր դրամատուրգ, հեքիաթագիր, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, բանասիրական գիտությունների թեկնածու, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը։ Մանրամասներ ճշտելու նպատակով կապվեցինք Հայաստանը միջազգային հարթակում ներկայացրած դրամատուրգի հետ։ Նշենք, որ այս տարի բրյանցեւյան փառատոնին երկրորդ անգամ է հրավիրվում պարոն Զոհրաբյանը. առաջին անգամ գարնանն էր՝ 250 ներկայացումից փառատոնին մասնակցելու համար ընտրվել էր նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության Վանաձորի թատերական ստուդիայում նրա հեղինակած ու բեմադրած «Թագավորի նոր զգեստը» (ըստ Անդերսենի) բեմականացումը։ Վերջինիս անդրադարձել էին ռուսական հեռուստաալիքները, ընդ որում՝ ժյուրիի կազմում էր նաեւ իր խստապահանջությամբ հայտնի թատերական քննադատ Ալեքսեյ Պասուեւը։
Անդրադառնալով օրերս ավարտված փառատոնին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ մասնակցել են թատրոններ ՌԴ-ից, Սերբիայից, Իրանից, Իրաքից, Թուրքիայից, Բելառուսից եւ այլն, փառատոնի հատուկ հյուրի կարգավիճակով էլ՝ համաշխարհային աստղ, սերբ դերասան Միլոշ Բիկովիչը, որը խաղում էր օսկարակիր հեղինակ Զելլերի «Սուտը» բեմադրության մեջ։ Հետաքրքրությանը՝ հավանաբար մեծ թիվ են կազմել ժամանակակից ռեժիսուրայով բեմադրված ներկայացումները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կային շատ անսպասելի մոտեցումներով ներկայացումներ, դասական պիեսների նորովի մեկնաբանություններ։ Տպավորված եմ բազմաշերտ լուծումներով իրականացված «Ես Սերգեյ Օբրազցովն եմ» ներկայացմամբ, որտեղ գլխավոր դերում էր հանրահայտ Եվգենի Ցիգանովը, ում ընկերակցությամբ ժամանակին նկարահանվել եմ ռուսական մի ֆիլմում։ Գոգոլի հանրահայտ «Ռեւիզորի» բեմադրությունն էլ ներկայացվեց ջրի վրա…»։
Էլֆիք Զոհրաբյանի խոսքով՝ ինքը մասնակցել է դրամատուրգիական լաբորատորիաների, որտեղ քննարկումները «բավականին բարեկիրթ» են ընթացել։ Իսկ փառատոնային օրերին մասնակից երկրներից միայն Հայաստանին ու Իրանին է պատիվ տրվել ներկայացնելու սեփական մշակույթը դասախոսության ձեւաչափով։ «Արդի հայ դրամատուրգիական միտումները, ժանրերը, ենթաժանրերը ներկայացնելիս անդրադարձել եմ Կարինե Խոդիկյանի, Գուրգեն Խանջյանի, Ալեքսանդր Թոփչյանի, Սամվել Կոսյանի, Սամվել Խալաթյանի, Դավիթ Խաչիյանի, Անուշ Ասլիբեկյանի, Սառա Նալբանդյանի եւ մյուս թատերագիրների պիեսներին, ինչպես նաեւ Հայաստանում գործող թատերական միջազգային փառատոներին։ Հատուկ անդրադարձա մեր թատերարվեստի միջազգայնացմանը նպաստող սերնդին՝ միջազգային հաջողություններ գրանցած այնպիսի արվեստագետների, ինչպիսիք են Նարինե Գրիգորյանը, Ռուբեն Բաբայանը, Կարո Բալյանը եւ այլ ռեժիսորներ։ Անդրադարձա նաեւ Համազգային թատրոնի «Փափլիկը», Սունդուկյանի թատրոնում երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի բեմադրած «Բերնարդա Ալբայի տունը» եւ այլ ներկայացումների»,- ասաց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը՝ նման ձեւաչափով անցկացվող փառատոներում ընդունված է հարցեր ուղղել բանախոսին, պարոն Զոհրաբյանը արձագանքեց. «Բազում հարցեր ուղղեցին, օրինակ՝ ռուսական ո՞ր թատրոնի խաղացանկում կա հայ հեղինակի պիես։ Այդ պահին մտաբերեցի Ուլյանովսկի դրամատիկական թատրոնում Կարինե Խոդիկյանի երկու գործը, տրամադրելով տեղեկություններ տիկին Խոդիկյանի հիմնադրած «Դրամատուրգիա» հանդեսի ու կայքի, տպագրված ավելի քան 450 պիեսի մասին»։
Էլֆիք Զոհրաբյանը պատմեց նաեւ, որ փառատոնի ավարտին մասնակիցների համար երկհարկանի նավով կազմակերպվել է զբոսանք Նեւա գետի վրա։ Այդ ընթացքում Թուրքիայի պետական թատրոններից մեկի ղեկավարները մոտեցել են իրեն, առաջարկել մասնակցել իրենց մոտ անցկացվող փառատոնի։ Պարոն Զոհրաբյանը ընդամենը հավաստիացրել է, որ առաջարկը կփոխանցի հայաստանյան թատրոնների ղեկավարներին։
Կարդացեք նաև
Զրույցի ավարտին մեր զրուցակիցը հայտնեց, որ վերադարձին իրեն անակնկալ է մատուցվել. հետեւելով ռուսաստանյան ԶԼՄ-ների արձագանքին՝ Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհակալագիր է հանձնել՝ Հայաստանը բարձր մակարդակով միջազգային փառատոնում ներկայացնելու համար։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.06.2023