Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ մանկան աչքերով եմ նայում իմ հասուն աշխարհին»

Հունիս 09,2023 13:00

Ասում է մանկագիր Օլգա Դարյանը

– Տիկին Օլգա, նոր լույս տեսած ձեր «Բարու շատրվան» գրքի մասին խոսենք։ Ի՞նչ կգտնի փոքրիկ ընթերցողը ձեր գրքում…

– «Բարու շատրվան» գրքում տեղ են գտել մի շարք հեքիաթներ, պատմվածքներ եւ բանաստեղծություններ։ Այն նախատեսված է ցածր եւ միջին տարիքի դպրոցականների համար։Կարծում եմ, որ ժողովածուի վերնագիրն արդեն իսկ շատ բան է հուշում՝ այն բարու, բնության, մեզ շրջապատող ամեն բանի ու մեր բոլորի մասին է։ Ինչու՞՝ շատրվան… Որովհետեւ ես շատ եմ սիրում իմ խոսքով հույզեր արտահայտել, արձակ կամ չափածո ասելիքով՝ երեխային հասցնել իմ զարմանքը, հրճվանքը, սերն ու ուրախությունը, անգամ՝ տխրությունը, չէ՞ որ այն էլ է մեր կյանքի եւ գոյության մի մասը։ Քանի որ փորձում եմ աշխարհին նայել մանկան աչքերով, անշուշտ, փոքրիկ ընթերցողը իմ գրքում կգտնի ինքն իրեն կամ իրեն հարազատ ինչ-որ մեկին։ Ավելի ուշադիր կլինի բնությանը, ընկերներին։ Կհարստացնի գիտելիքները։

– Ի՞նչն է ձեզ մղում, որ աշխարհին նայեք պարզ, բարի աչքերով ու այդ ամենը բերեք գրականություն, կրկին փոխանցելով պարզ ու բարի աչքերին…

– Ինքս հաճախ խորհում եմ այդ մասին եւ տարբեր եզրահանգումների եմ գալիս…
Այ, օրինակ՝
Ես մի աշխարհ եմ որոնում իմ մեջ
Մանկան այսօրվա խաղերի համար,
Հին ճոճանակս նորոգում անվերջ՝
Նրա այս պահի հրճվանքի համար…

Երեւի մանկությանս կարոտներն այնքան շատ են եղել, որ դեռ մանկան աչքերով եմ նայում իմ հասուն աշխարհին։ Փորձում եմ տեսնել գեղեցիկն ու բարին, դրանք իմ խոսքով ավելի պատկերավոր եւ արտահայտիչ դարձնել, եւ այնպես անել, որ այդպիսին լինեն նաեւ ինձ ընթերցող երեխաների ընկալումները։

– Ի՞նչն է խանգարում մանկագիրներին ընթերցողների հետ իրենց կապն ամրապնդելու համար։ Դուք պարբերաբա՞ր եք հանդիպում երեխաների հետ։

– Գրողի եւ ընթերցողի կապն ամրապնդողը գիրքն է։ Անշուշտ, շատ կխանգարի, եթե գրողը, որքան էլ լավ գիր ունենա, չկարողանա իր ստեղծագործությունները վերածել գրքի եւ պատշաճ ձեւավորմամբ հրամցնել հասցեատերերին։ Անխոս, մանկապատանեկան լավ գրականություն հրատարակելը, տարածելը պետք է լինի մեր երկրի կարեւորագույն խնդիրներից մեկը։ Գիրքն է գրող-ընթերցող կապն ապահովող կամուրջը, հարթակը։ Իհարկե, շատ կարեւոր են նաեւ հանդիպումները։ Այո, ես պարբերաբար, երբեմն էլ՝ հաճախակի, հանդիպումներ եմ ունենում գրադարաններում, դպրոցներում, նախակրթարաններում։ Դա յուրօրինակ խթան է հանդիսանում թե՛ ընթերցողների, թե՛ մանկագիրների համար։ Ես մեծ լիցքեր եւ բավականություն եմ ստանում այդ հանդիպումներից, մանավանդ, երբ տեսնում եմ մանուկների ոգեւորությունն ու հրճվանքը, աշխարհինզարմանքով եւ հետաքրքրությամբ նայող նրանց աչուկները…

– Իսկ նոր գրքերը հնարավոր լինու՞մ է իրացնել։

– Գրքի իրացումը ուղղակիորեն կախված է ընթերցողների՝ գիրք կարդալու ցանկությունից։ Կցանկանա՞ն տվյալ հեղինակի գիրքը ձեռք բերել՝ գուցե եւ շուտ իրացվի։ Գրքի վաճառքն էլ է կոմերցիա, որը պահանջում է որոշակի հմտություններ, որոնք ամեն հեղինակ չէ, որ ունի։ Սովորաբար, գրքի իրացումը դժվար գործընթաց է, բայց ուզում եմ լավատեսորեն հուսալ, որ գիրքը գնալով կզբաղեցնի իր արժանի տեղը մեր հասարակության գիտակցության մեջ։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930