Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքին ու գործունեությանը նվիրված մենագրություններում ու հոդվածներում, աշխարհի չորս ծագերում լույս տեսնող բազում գրքերում նրա ծննդավայր է համարվում Հարավային Կովկասի նշանավոր մշակութային կենտրոն Թիֆլիսը: Սակայն նրա արմատների մասին խոսք լինելիս՝ երբեմն նշվում է նաեւ մեկ այլ բնակավայրի անուն. դա նրա հոր ծննդավայրն է՝ հայոց Գողթն գավառի (այժմ՝ Նախիջեւանի Հանրապետության Որդուարի շրջանի) Ներքին Ազա գյուղը:
Իրոք, Արամ Խաչատրյանի պաշտոնական ծննդավայր է համարվում Թիֆլիսը, սակայն զարմանալիորեն հազիվ թե գտնվի ծնունդով կամ արմատներով նախիջեւանցի որեւէ հայ, որ մեծերից լսած տեղեկություններով ավելի հավաստի չհամարի մեծ երաժշտագրի՝ Նախիջեւանի Գողթն գավառի Ներքին Ազա գյուղում ծնված լինելու իրողությունը: Ըստ հայրենակիցների՝ Խաչատրյանի ծնողները՝ Ներքին Ազայում ծնված Եղիան եւ Վերին Ազայում ծնված Ղումաշը, ընտանիքով Թիֆլիս են տեղափոխվել այն ժամանակ, երբ Արամը 2-3 տարեկան է եղել: Վարկածն ավելի հավաստի է դառնում, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ այդ տարիներին՝ 1905-1906 թվականներին, ողջ Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Նախիջեւանի տարածքում, ծայր էին առել հայ-թաթարական ազգամիջյան բուռն բախումներ եւ բնականաբար՝ բնակչության զանգվածային տեղաշարժեր:
Մինչեւ 1970-ական թվականները՝ Ազայում էր դեռեւս ապրում Արամ Խաչատրյանի զարմուհին՝ նրանից 5-6 տարի ավագ Վարսենիկ Խաչատրյանը: Համագյուղացիները նրանից հաճախ էին լսում միեւնույն նախադասությունը. «Մեղա՛ Աստծու, էդ Թիֆլիսը որտեղի՞ց մեջտեղ բերեցին: Ես փոքր երեխա էի, բայց լավ հիշում եմ՝ Արամը Ազայում է ծնվել»:
Արամ Խաչատրյանի փաստացի ծննդավայրը Ներքին Ազա գյուղը համարելու օգտին են խոսում ոչ միայն հայրենակիցների վկայությունները, այլեւ նրա հետ առնչված՝ արմատներով նախիջեւանցի հեղինակավոր պետական գործիչների հիշողությունները: Մասնավորապես, ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանը, որ հոր եւ մոր կողմից սերվում էր Ազայից ոչ հեռու գտնվող՝ Նախիջեւանի Կզնուտ գյուղից, պատմում էր, որ իր բազմաթիվ հանդիպումների ընթացքում Արամ Խաչատրյանից անձամբ է լսել նրա փաստացի ծննդավայրի մասին, եւ նա իրեն հաճախ է հայրենակից անվանել: Իսկ Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախկին ղեկավար, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Սուրեն Հարությունյանը, որի հորական պապն ու տատը մինչեւ Թիֆլիս տեղափոխվելը տարիներ շարունակ ապրել են Ներքին Ազա գյուղում, պատմում էր, որ 70-ական թվականներին Մոսկվայում, ՀամԼԿԵՄ կենտկոմի քարտուղար աշխատած տարիներին, հաճախ է հանդիպել Արամ Խաչատրյանին: «Հանդիպումներից մեկի ժամանակ,– պատմում էր Սուրեն Հարությունյանը,– հարցրեցի. «Արա՛մ Իլյիչ, գիտեմ, որ Ձեր իրական ծննդավայրը Ներքին Ազան է, ինչո՞ւ է, սակայն, Թիֆլիսը պաշտոնապես համարվում»: Նա զարմացած ինձ նայեց եւ գլուխը տարուբերելով ասաց. «Հետաքրքիր է, Սուրե՛ն, դո՞ւ որտեղից գիտես այդ մասին»: Նա զարմացել է, որ նոր սերնդի ներկայացուցիչները դեռեւս հիշում են իր կենսագրության «մոռացված» մանրամասները:
Կարդացեք նաև
Փաստը հաստատում է նաեւ Նախիջեւանի պատմության ու մշակույթի ճանաչված ուսումնասիրող, պատմաբան Արգամ Այվազյանն իր «Նախիջեւան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ» գրքում: 1973 թվականին Արամ Խաչատրյանը հայրենի գյուղ է այցելել եւ գրել. «Գնացի այնտեղ, տեսա իմ պապերի երկիրը: Երկինքը այնտեղ կապույտ էր, եւ մեր տան դուռը տխրալի ճռռում էր… Երբ ես ստեղծում էի «Ջութակի կոնցերտը», հոգով ու մտքով Գողթնում էի… լսում էի մորս ձայնը…» («Կոմունիստ» (ռուսերեն), 6 մայիսի 1978): Այսպես մարդ իր ծննդավայրի մասին կարող է գրել:
Ուրեմն, հիմքեր կան համոզվելու, որ մեծն Արամ Խաչատրյանը զարմանալի մի զուգադիպությամբ, թե օրինաչափությամբ աշխարհ է եկել հայ երաժշտության, բառ ու բանի հնագույն ավանդույթների բնօրրան Գողթն գավառում՝ հայոց նվիրական այն երկրամասում, ուր մեկուկես հազարամյակ առաջ հինավուրց նվագարանների մեղեդիների ներքո Գողթան գուսանների շուրթերից մեր հինավուրց երգերն է գրառել քերթողահայր Մովսես Խորենացին, որտեղից սկիզբ են առնում բազմաթիվ հայ երաժշտահանների, երաժիշտների ու արվեստագետների, մասնավորապես՝ անմահ Կոմիտասի արմատները…
Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու
«Առավոտ» օրաթերթ
08.06.2023