Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության» տարօրինակ «շեմը»

Հունիս 09,2023 12:00

Փոխըմբռնում չկա, թե որ քարտեզներով է սահմանազատում իրականացվելու, Երեւանն ընդամենը հույս ունի, թե մի գեղեցիկ օր Ալիեւը կհայտարարի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում հնարավորություն կա, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել։ Այնուհետեւ նա նշել է, որ Հայաստանը տրամադրված է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս շուտ տեղի ունենա։

Հունիսի 12-ին ծրագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում։ Իսկ հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։

Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են, օրերս հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստում:Նա հավելել է, թե Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում եւ Քիշնեւում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։

Պարզվում է, Բաքուն սպասում է, որ Երեւանը քաղաքական կամք դրսեւորի՝ լուծելու տարաձայնությունները երեք ուղղություններով, որոնք ձեւավորում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը, ասել է նա:

Որո՞նք են այդ 3 ուղղությունները` ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի… Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններում հիմնական խոչընդոտներն են «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայության շարունակումը», «Ադրբեջանի ներքին գործերին Երեւանի միջամտությունը», «Բաքվի եւ Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակչության միջեւ երկխոսության խոչընդոտումը»։

Այսինքն, որքան էլ պաշտոնական Երեւանը հայտարարի, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների առկայության մասին Բաքվի պնդումները իրականությանը չեն համապատասխանում, Լեռնային Ղարաբաղում որեւէ հայկական զորք չկա, եւ այնտեղ գոյություն ունի միայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, Բաքուն, միեւնույն է շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի ուղղությամբ:

Ինչ վերաբերում է` «Ադրբեջանի ներքին գործերին Երեւանի միջամտության» եւ «Բաքվի եւ Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակչության միջեւ երկխոսության խոչընդոտման» մեղադրանքներին, ապա, այս դեպքերում էլ պարզ է, որ Բաքուն արդեն պահանջում է, որ պաշտոնական Երեւանը դադարի Արցախում գոյություն ունեցող խնդիրների մասին բարձրաձայնել, քանի որ Ալիեւը համարում է, որ «Ղարաբաղն Ադրբեջան» է, հետեւաբար, նրանց հետ կապված ցանկացած հարց` իրենց «ներքին խնդիրն» է:
Երեւանն ու Բաքուն իսկապե՞ս «խաղաղության շեմին են», կամ`մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմքեր կա՞ն…

Այս պահի դրությամբ հստակ է, որ փոխըմբռնում չկա, թե որ քարտեզներով է սահմանազատում իրականացվելու, չկա պայմանավորվածություն Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու շուրջ: Ինչպես նաեւ` չկա համաձայնություն խաղաղության պայմանագրի իրականացման միջազգային երաշխավորի հարցում։

Պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ, սակայն Ալիեւը հրապարակավ նույնիսկ դեռեւս չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի մատնանշած 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։ Առայժմ պաշտոնական Երեւանը հույս է հայտնում, թե մի գեղեցիկ օր` մոտ ապագայում, Ադրբեջանի նախագահը հրապարակավ կհայտարարի, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
Բաքուն, առհասարակ, պատրա՞ստ է խաղաղության, կամ` ձգտո՞ւմ է խաղաղության… Ինչպիսի՞ն է վերջին օրերին սահմանային իրավիճակը:

Ադրբեջանական զինուժը արդեն մի քանի օր է՝ խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, Արցախի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով: Բաքուն, իր հերթին, հայկական կողմին է մեղադրել «կրակոց արձակելու համար»։

Ընդ որում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն ավելի քան 3 ամիս է՝ գրեթե ամեն շաբաթ նման բովանդակությամբ հաղորդագրություններ է տարածում։ Այս պնդումները Հայաստանի ռազմական գերատեսչությունը շարունակ ապատեղեկատվություն է որակում։

Ի՞նչ նպատակ է հետապնդում «խաղաղության շեմին» գտնվող Բաքուն…

Դեռ մարտին Փաշինյանն, անդրադառնալով Ադրբեջանի ռազմական գերատեսչության պարբերական դարձած մեղադրանքներին, հայտարարել էր, որ ադրբեջանական քարոզչությունը լրատվական ֆոն է ստեղծում լայնածավալ հարձակման համար: «Ադրբեջանի պետական եւ մերձպետական քարոզչությունը տեւական ժամանակ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, եւ լարվածության միտումները նաեւ տեսանելի են գետնի վրա», – ասել էր Փաշինյանը:

Իհարկե, կարելի է ենթադրել, որ Բաքուն ռազմական հնարավոր գործողությունների նախապատրաստման սպառնալիքով հայկական կողմի ուղղությամբ ճնշումներ է բանեցնում՝ իր համար ցանկալի արդյունքներ կորզելու նպատակով: Բայց նաեւ պարզ է, որ Բաքուն պահանջների այնպիսի նշաձող է սահմանել, որ իր ցանկացած նպատակի ձախողման պարագայում գործի կդնի ռազմական գործողությունների կիրառման տարբերակը: Միայն այն փաստը, որ Բաքուն Արցախի պաշտպանության բանակի գոյությունն իր համար սպառնալիք է ներկայացնում, դժվար չէ կռահել, որ նրանք մոտ են հատուկ օպերացիայի իրականացման, որի մասին Ալիեւն արդեն հասցրել է ակնարկել:

Հետեւաբար, մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունն այս պայմաններում թվում է ֆանտաստիկայի ժանրից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2023

Հ.Գ. Հունիսի 8-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930