Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարն ինձ ասաց, որ ամեն ինչ կփոխանցի վարչապետին, եւ ինձ տեղյակ կպահեն այդ մասին»

Հունիս 09,2023 14:30

Հարցազրույց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության աշխատակից, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Արարատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Կարեն Ադամյանի հետ

-Կարեն, դուք երբվանի՞ց եք աշխատում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունում՝ որպես օպերատոր: Վերջին շրջանում մեզ են դիմում ձեր ընկերության աշխատակիցներից, բողոքները հասել են նաեւ կառավարություն, որքանով տեղյակ եմ, դիմել են նաեւ Նիկոլ Փաշինյանին: Կա՞ խնդիր, ո՞րն է:

-«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունում աշխատում եմ 2014 թվականից, իսկ հրահանգասարքի օպերատոր աշխատել եմ 2016 թվականից մինչեւ 2021 թվականի դեկտեմբեր, սակայն փաստացի 2021 թվականի մայիսից մեզ առանց որեւէ պատճառաբանության սկսեցին տեղափոխել այլ արտադրամասեր` զրկելով մեզ մեր հիմնական գործառույթներն ու պարտականությունները կատարելու հնարավորությունից, իսկ 2021 թվականի դեկտեմբերին նրանք ընդհանրապես կրճատեցին այդ հաստիքը։ Իսկ այդ ամենը իրականացվում էր մեկ անձի` ՍՊԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Անդրեյ Ցվետկովի ձեռքով։ Այս գործարանում տիրող իրավիճակի եւ առկա կամ սպասվելիք կրճատումների թեմայով ես քանիցս զրուցել եմ բազմաթիվ պաշտոնյաների հետ, մասնավորապես, տեղյակ եմ պահել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: Նա ինձ փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էլեկտրոնային հասցեն եւ խորհուրդ տվեց գրել ՀՀ վարչապետին։ Մի քանի անգամ վարչապետին գրելուց հետո վարչապետի հանձնարարությամբ 2023 թվականի մարտի 1-ին հանդիպել եմ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ եւ մանրամասն ներկայացրել գործարանում տիրող իրավիճակը։ Նախարարն ինձ հավաստիացրեց, որ իրենք ամեն բան անում են, որպեսզի հանքի շահագործումը չդադարեցվի, եւ հումքի մատակարարումը տեղի ունենա բնականոն գրաֆիկով: Նախարարի հետ հանդիպումից մի քանի օր հետո պարզ դարձավ, որ մատակարարումները, որոնք նախկինում կազմում էին 90 վագոն կամ 5400 տոննա, կրճատվեցին օրվա կտրվածքով 30 վագոն կամ 1800 տոննայով։ Նախարարն ինձ ասաց, որ ամեն ինչ կփոխանցի վարչապետին, եւ ինձ տեղյակ կպահեն այդ մասին։

-Բողոքաբերները բարձրաձայնում են կրճատումների մասին, ի՞նչ կարճատումներ են:

-2023 թվականի մարտի 20-ին Արարատի ոսկու գործարանում փակցվեց գլխավոր տնօրենի հրամանը, ըստ որի՝ 01.09.2023 թվի դրությամբ դադարեցվելու է Սոթքի ոսկու բաց հանքի շահագործումը, ընկերությունն անցնում է փակ հանքի շահագործման, հետեւաբար, 70% կրճատվելու է արտադրողականությունը։ Ըստ նրանց կողմից ներկայացրած ցուցակների` միայն Արարատի ոսկու գործարանից պիտի կրճատվեր 217 աշխատակից։ Բնականաբար, չուշացավ նաեւ Անդրեյ Ցվետկովի պատասխանը, ով պատասխանատվությունն իր վրայից հանելու համար հաջորդ առավոտյան հայտարարեց, որ ինքը տեղյակ չի եղել այդ հրամանի մասին։ Այս տարվա ապրիլի 14-ին տեղի է ունեցել «ԳՊՄ գոլդ» ՍՊԸ տնօրեն Ա. Գոգոտինի հանդիպումը Արարատի մարզպետ Ս. Թեւոնյանի եւ Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ա. Ավետիսյանի հետ, որի ժամանակ հիմնականում քննարկվել են սոցիալական ծրագրերին ընկերության մասնակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել ընկերության աշխատակից Ռուզաննա Գրիգորյանը։ Համենայնդեպս, գործարանի եւ նրա աշխատակիցների ապագայի եւ հետագա գործունեության հետ կապված ոչ մի գրառում։

-Սահմանային իրավիճակը չի՞ ազդում արդյոք ոսկու գործարանի բնականոն գործունեության վրա:

-Սահմանային վերջին դեպքերից հետո ընդհանրապես դադարեցվեց Սոթքի ոսկու հանքավայրից հումքի մատակարարումը, եւ իրավիճակը դարձավ ավելի վատ…

Ընկերությունը Հայաստանի Հանրապետության լավագույններից է եւ խոշոր հարկատուներից մեկն էր, սակայն ամեն ինչ փոխվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Այս մասին կարելի է երկար խոսել։ Այն, ինչ որ տեղի է ունենում այսօր ընկերությունում, արդյունքն է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածության, ըստ որի Ադրբեջանին անցան մինչ այդ հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներն ու ոսկու հանքերը։ Դրանից հետո Արարատի ոսկու գործարանի ռուս եւ այլազգի (որովհետեւ դրանք միայն ռուսներ չեն) ղեկավարության մոտ ի հայտ եկան հոգեվարքի առաջին նշանները։ Հասկանալով ֆինանսական առումով իրենց հսկայական եկամուտներին սպառնացող կորուստների չափերը` նրանք սկսեցին փաստացի աշխատանքային տեռորի ենթարկել աշխատակիցներին։ Հետագայում, երբ հասկացան, որ իրավիճակը գնում է դեպի ֆորս մաժոր, եւ իրենք զրկվելու են իրենց գերշահույթներից, սկսեցին արդեն բացահայտ քննադատել եւ մեղադրել ՀՀ իշխանություններին, ինչը շարունակվում է նաեւ այսօր։ Այս ամենը գործարանում կատարվում է նրանց հիմնական խոսափող Անդրեյ Ցվետկովի ձեռքով։ Այս անձնավորությունը մեկ անգամ չի, որ աչքի է ընկել իր հայտարարություններով, մասնավորապես, երբ ինչ-որ մի իրավիճակ դուր չէր գալիս նրան, նա աշխատակիցներին սպառնում էր այսպիսի արտահայտություններով՝ «բոլորիդ կհեռացնեմ աշխատանքից, ձեր փոխարեն այստեղ կբերեմ տաջիկների եւ չինացիների, բոլորիդ դատի կտամ», կամ` «ինձ այստեղ ղեկավար են նշանակել, ինչ ուզեմ, այն էլ կանեմ, ոչ ոք ձեզ չի լսի, ուզում եք դատի տվեք, ուզում եք դիմեք ձեր վարչապետին», եւ այլն։ Սովորաբար, երբ պետք է լինում ինչ-որ մեկին ազատել աշխատանքից, գործի է անցնում Անդրեյ Ցվետկովը.
Նախ նա սկսում է քննադատել տվյալ աշխատակցին կամ աշխատակիցներին, որպեսզի նրանք հեռանան իրենց դիմումի համաձայն, փնտրում է թերություններ եւ պահանջում է բացատրագիր գրել, որից հետո նկատողություն են տալիս տվյալ աշխատակցին եւ որպես տույժ զրկում հավելավճարից ամբողջությամբ կամ մասնակիորեն, կամ էլ ուղղակի ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ա. Գոգոտինի միջոցով փակում են այդ հաստիքը, ինչպես դա արեցին 2021 թվականի դեկտեմբերին հրահանգասարքի օպերատորների հանդեպ։

-Որոնց թվում էիր եւ դու՞:

-Այո։ 2021 թվականին նրանք նույն կերպ վարվեցին նաեւ ինձ հետ։ Վերջերս նրանք կրճատեցին նաեւ թարգմանչուհու հաստիքը։ Գործարանում որոշումները կայացվում են միանձնյա, եւ քանի որ ընկերությունը չունի արհմիություն, ապա աշխատողների շահերը մնում են անպաշտպան։ 2021 թվականի նոյեմբերի 19-ին հանդիպել եմ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ա. Գոգոտինի հետ եւ մանրամասն ներկայացրել իրավիճակը, որն այդ պահին տիրում էր Արարատի ոսկու գործարանում, բառացի փոխանցել եմ նրան Ցվետկովի կողմից արված բոլոր արտահայտությունները եւ խնդրել եմ փոխանցել իմ խնդրանքը իր ղեկավարներին` ազատել մեզ Անդրեյ Ցվետկովից…

-Իսկ դուք՝ աշխատակիցներդ, դիմե՞լ եք դատարան, ինչպե՞ս եք պաշտպանում ձեր աշխատանքային իրավունքները, նշում ես՝ արհմիություն չկա:

-Ընկերության ղեկավարությունը գործի դրեց մի մեխանիզմ, ըստ որը, ցանկացած աշխատակից, ով կազատվի իր դիմումի համաձայն, կստանա դրամական փոխհատուցում երեք ամսվա աշխատավարձի չափով։ Պիտի ասեմ, որ այս մարտավարությությունն արդարացրեց իրեն, եւ բազմաթիվ աշխատակիցներ դիմում գրեցին եւ դուրս եկան աշխատանքից։ Սակայն վերջերս գործարանի ղեկավարության լեքսիկոնի մեջ ի հայտ է եկել մի նոր բառ` «խրոնոմետրաժ», ըստ որի, անվտանգության աշխատակիցներն այս եղանակով դիտարկելու են աշխատակիցների շարժը օրվա ընթացքում եւ ըստ այդմ կատարեն եզրահանգում։ Ի՞նչ է սա։ Հետեւությունները թողնում եմ ձեզ։ Այս ամենի մեջ ամենազարմանալին իշխանությունների պասիվ վերաբերմունքն է այս ամենի հանդեպ։

Ոսկու գործարանը այն եզակի հիմնարկներից մեկն էր, որը վճարում էր միջինից բարձր աշխատավարձ, եւ կրճատումների նման քանակության դեպքում հարկ է առաջանում մտածել նոր աշխատատեղեր բացելու մասին։

Հարցազրույցը՝
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930