Այն գործը, որ մենք հիմա սկսում ենք, իսկապես մեծ ազգային նախագիծ է, հայկական քվե է, մենք այսօր մեր քվեով փորձում են կանխորոշել մեր ապագան: Այս մասին այսօր հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնություն անդամներից Ավետիք Չալաբյանը՝ հերթական հանդիպմանը, որը նպատակ ուներ վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներից ստացված հարցերի լայն շրջանակը քննարկել «Հայաքվեով» հետաքրքրվողների հետ:
Չալաբյանի խոսքով, այսօր մենք շատ տարօրինակ հանգրվանում ենք գտնվում, որը հետագայում սերունդները կհիշեն որպես ճակատագրական ու իսկապես հենց այսօր պետք է որոշենք մեր ճակատագիրը։
«Մեր առաջ կա շատ հստակ աներկբա ընտրություն. ընտրել ազգ լինելու ճանապա՞րհը, թե՞ ձուլվել շրջակա աշխարհին: Այդ ընտրությունը, թվում է, թե ընդգծված չէ, բայց եթե խորը մտածեք, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ, մանավանդ վերջին մեկ տարում, այն պահին, երբ ասվեց, որ պետք է նշաձողը իջեցնել, հետո պարզվեց՝ նշաձողն ընդհանրապես գետնին է գցված, որ տաբուներ չկան, որ ցեղասպանություն բառը կարելի է չօգտագործել, որ կարելի ասել, թե Արարատ լեռան մասին ընդհանրապես մի երազեք: Քայլ առ քայլ մեզ ներարկում են գիտակցություն, որ մենք չկանք, որ մեր տեսակը չկա, որ մեզ կադաստրի թուղթ է դեռ պետք ՝ կապ չունի, որ Էրեբունի բլրի վրա 2800 տարի Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունն է դրված: Մենք այսօր եկել ենք մի հանգրվանի, որ մեզանից ուզում են խլել մեր հիմնարար իրավունքը՝ ապրելու իրավունքը և մենք պետք է դրան հակադրվենք: «Հայաքվեն» նախաձեռնել են այդ նպատակով հակադրվելու և վերահաստատելու մեր ազգային գոյության իրավունքը »,-նշեց Չալաբյանը:
Նրա խոսքով, նախաձեռնության հեղինակները որոշել են կատարվող գործընթացներին հակադրվել իրավական տեսանկյունից անբեկանելի, հիմնարար խոչընդոտով: Նախաձեռնության հեղինակները նկատել են, որ մեր Սահմանադրությունը հիմնված է Անկախության հռչակագրի վրա, որտեղ ամրագրված է, որ այն հիմնված է դեռևս ԽՍՀՄ-ի 2 պետական միավորների վերամիավորման վրա: Այս նպատակը, Չալաբյանի գնահատմամբ անժամկետ համազգային նպատակ է: Որպես 2-րդ անժամկետ համազգային նպատակ ներկայացվեց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, որը ևս սահմանադրական կարգ է: «Ուստի, մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ մեր սահմանադրական կարգի հիմքերը գրոհի են ենթարկվում ոչ միայն թշնամու կողմից , այլև թշնամու կամակատարների կողմից՝ մեր երկրի ներսում»,-նկատեց Չալաբյանը:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ այս նախաձեռնության հեղինակները խոչընդոտելու են կարմիր գծերը հատողներին, որոնք խախտում են սահմանադրական կարգը: Խոչընդոտելու նպատակով, անհրաժեշտ իրավական հիմք ապահովելու համար նրանք օրենքի փոփոխություն են նախաձեռնում, որով քրեական պատասխանատվության կենթարկեն սահմանադրական կարգը խախտողներին: Եթե օրենսդրական նախաձեռնությունը չհաջողվի իրականացնել այս Ազգային Ժողովի միջոցով, ապա «Հայաքվե» նախաձեռնության հեղինակներն առաջարկում են հանրաքվեով հասնել դրան:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ