Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքով անցնող մարդկանց տվյալները հայտնվում են Ադրբեջանի ձեռքում․ ամենասուր հումանիտար խնդիրների դեպքում անգամ ադրբեջանցիները պարտադրում են, որ մարդիկ անցագրային ստուգում անցնեն․ Արցախի ՄԻՊ. «Փաստինֆո»

Հունիս 08,2023 22:50

«Փաստինֆո». Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիներն անցնում են կա՛մ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, կա՛մ՝ Կարմիր խաչի։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերում դիտավորյալ ցույց չեն տրվում մեր քաղաքացիներին ուղեկցող խմբերը, որպեսզի միջազգային կառույցներին ցույց տան, թե, իբր, միջանցքով, առանց որևէ խնդրի, մարդիկ տեղաշարժվում են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերը քարոզչական նպատակ են հետապնդում։ Հնարավոր է՝ ադրբեջանցիներն ասեն, թե, իբր, պայմանավորվածություն ունեն՝ չնկարահանել խաղաղապահներին, բայց ես էլ կարող եմ պնդել, որ խաղաղապահները միջանցքի փակման առաջին իսկ օրվանից կադրերում երևացել են ու դա խնդիր չի կարող լինել։ Ես այստեղ հստակ դիտավորություն եմ տեսնում՝ ցույց տալ միջազգային հանրությանը, թե, իբր, ճանապարհը բաց է, մարդիկ տեղաշարժվում են։ Մեր խնդիրն էլ իրողությունը ցույց տալն է, իսկ իրողությունն այն է, որ օրվա ընթացքում առավելագույնը 20-25 հոգի է տեղաշարժվում՝ այն էլ պարտադիր երրորդ կողմի ուղեկցությամբ»,-շեշտում է Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ը նշում է՝ անգամ հումանիտար ամենասուր խնդիր ունեցող մարդկանց Հայաստան տեղափոխելիս ադրբեջանցիները պարտադրում են, որ մարդիկ անցագրային ստուգում անցնեն։

Լաչինի միջանցքում ապօրինի կերպով դրված անցակետով հարկադրաբար անցնող Արցախի Հանրապետության քաղաքացիները Գեղամ Ստեփանյանի հետ զրույցներում պատմել են այն ծանր ապրումների մասին, որոնք ունեցել են անցագրային ստուգում անցնելիս։

«Մեր քաղաքացիները հոգեբանական, ֆիզիկական ու անվտանգային սպառնալիքների են ենթարկվում։ Նրանց համար նվաստացուցիչ է ադրբեջանական անցակետում կանգնելն ու անցագրային ստուգում անցնելը, բայց այլ ելք այդ մարդիկ չունեն։ Բացառապես անելանելի, հումանիտար ծանր իրավիճակներում հայտնված մարդիկ են ստիպված անցնում այդտեղով։ Ու ամենամտահոգիչն այն է, որ նրանց տվյալները հայտնվում են Ադրբեջանի ձեռքում»,-ասում է Արցախի ՄԻՊ-ը և կրկին շեշտում՝ ադրբեջանական անցակետի առկայությունն Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի վրա, լուրջ սպառնալիք է Արցախի ժողովրդի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930