Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գյումրու քաղաքապետարանում եղբորս ծեծել են ու ասել՝ մենք ՔՊ-ական ենք, օրենքները մենք ենք թելադրում»

Հունիս 08,2023 20:45

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Գյումրու քաղաքապետարանում․ անօրինական շինությունների և հողազավթումների բաժին եկած քաղաքացին պատմության մեջ էր հայտնվել, շտապօգնություն էին կանչել ու  նրան Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխել։

Ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ ըստ քաղաքացու հաղորդման, իրեն Գյումրու համայնքապետարանում բարկացրել են, աշխատակիցը վիճաբանել է իր հետ, հրել, գցել է գետին, ինչի արդյունքում վնասել է գլուխը:

Նա տեղափոխվել էր «Գյումրի» Բ/Կ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական վարչություն:

Aravot.am-ը  պարզեց, որ քաղաքացին եղել  է իրավաբան Ա․ Գ․-ն, որը քաղաքապետարան էր գնացել  իր քրոջ՝ Վարդուհի Գ․ հետ։

Մենք կատարվածի շուրջ զրուցեցինք  տիկին  Վարդուհու  հետ, որը պատմեց, որ երեկ իր եղբորը քաղաքապետարան են կանչել՝  ինչ-որ հարցեր պարզաբանելու։

Ըստ մեր զրուցակցի, նախորդ օրը իրենց էին այցելել  Գյումրու քաղաքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժնի աշխատակիցները։

Վերջիններս հետաքրքրվել են ավտոտնակով, որի տարածքում, ըստ Վարդուհի Գ․-ի, ժամանակին  փլված կույտ  և աղբանոց է եղել՝ առնետանոց, անգամ սատկած շներ ու կատուներ են գցել, իրենք 50 աղբատար մեքենաներով  տարածքը մաքրել են, վերացրել գարշահոտությունը։

«Որտե՞ղ էր այդ քաղաքապետարանը, երբ մենք մեր գրպանի հաշվին աղբ էինք թափում․ մաքրազարդում։ Իրենց կարելի է ամբողջ քաղաքը մաս-մաս վաճառել ու լափե՞լ, իսկ քաղաքացուն չի՞ կարելի ունենալ  մի փոքր հողակտոր՝ ավտոտնակ կառուցելու համար, որը աղբանոցից ենք բարեկարգել։

Եղբայրս նրանց մարդավարի ճանապարհել էր։ Երեկ եղբորս պիտի վիրահատեին, զանգ ստացանք քաղաքապետարանից, թե եկեք՝ հարցեր կան պարզաբանելու։

Նախքան վիրահատությունը, գնացինք։ Եղբայրս բարձրացավ անօրինական շինությունների և հողազավթումների բաժին։  Ես առաջին անգամ էի ոտք դնում քաղաքապետարան, սպասեցի  դրսում։

Եղբայրս ներս է մտել այդ բաժին, որտեղ  բավական շատ աշխատակիցներ են եղել, նրանք մի քանի հոգով խոսակցություն են սկսել։  Պատկերացրեք՝ ինչ են հայտարարել, ասել են, թե «Մենք ՔՊ-ական ենք, չգիտե՞ս, որ օրենքները մենք ենք թելադրում»։

Կանխամտածված վեճ-վիճաբանություն են սկսել, եղբայրս էլ  հիվանդություններ ունի, վատացել է, ճնշումը բարձրացել, դող է եկել վրան։

Խոսակցության ընթացքում շրջապատել ու սկսել են քաշքշել եղբորս, այնուհետ այդ բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարոյանը  խփել է  եղբորս։ Նա ուշագնաց է եղել՝ գլուխը հարվածելով սեղանին, սրանք անօգնական թողել եղբորս՝ կաբինետից փախել են։

Երբ եղբայրս ուշքի է եկել , զանգահարել է ոստիկանություն։ Այնտեղից զգացել են, որ մարդը վատ է, մի կերպ է խոսում, իրենք են առաջարկել շտապօգնություն կանչել։

Եղբայրս այդ ընթացքում ինձ էլ զանգեց, ես  էլ հանգիստ կանգնած եմ, գիտեմ, թե եղբորս հետ այդ բաժնում հարցերն են քննարկում ու ուր որ է գալու է։  Երբ զգացի եղբայրս վատ է, ուզեցի բարձրանալ քաղաքապետարան, ինձ էլ  չէին թողնում ներս գնայի, անվտանգության երեք աշխատակիցներով քաշքշում էին, թե ուր։

Մի կերպ ներս մտա, կաբինետի տեղն էլ չգիտեի, տեսա, որ մարդաշատ էր, 30, գուցե և 40 հոգի դռան դիմաց էին, հասկացա, որ դա է կաբինետը։ Դրսից մի տարեց աշխատակցուհի ասաց՝ այստեղ է։ Ներս մտա, տեսնեմ՝ եղբայրս քրտինքի մեջ կորած, մի կերպ նստած է աթոռին, այդ պահին ներս մտան շտապօգնության աշխատակիցներն, այնուհետ ոստիկանության աշխատակիցները։

Պատկերացրեք՝ ուր ենք հասել, որ իր ոտքով գործով քաղաքապետարան եկած մարդուն պատգարակով տեղափոխում են հիվանդանոց։ Իրենց կաբինետների մեջ մարդ են խոշտանգում։

Ես երբեք նման բան չէի տեսել, պատկերացրեք՝ ինչ ձևի են շահարկում ՔՊ-ի անունը, սրանց նմաններն են, որ գցում են վարչապետի վարկանիշը։

Երբևէ նման դեպք չեմ հիշում, որ աշխատանքային սենյակներում մարդ խոշտանգեն։ Հավատացեք՝ ինչքան թափթփուկ կա, քաղաքապետարանում աշխատանքի է տեղավորվել, կարծես  թաղային ռազբորկայի, գողական, մի հատ խուլիգանական վայր լիներ, ուղղակի զարմանալի է։ Զարմանում են, թե քաղաքապետը  չի տեսնո՞ւմ իր շուրջբոլորն ինչ է կատարվում։ Վաղը մյուս օր հնարավոր է, որ Գյումրու քաղաքապետարանից  դիակներ էլ  հանեն», -ասաց մեր զրուցակիցը։

Նա դիմել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Մենք թեմայի շուրջ պարզաբանում ենք ստացել նաև Գյումրու համայնքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարոյանից, այն կհրապարակենք քիչ անց։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930