Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամների հետ:
Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանն ընդգծել է նման հանդիպումների դրական դերը՝ նշանակալի համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շեշտել է Հայաստանում համահայկական խաղերի և ընդհանրապես սպորտային ու մշակութային մասշտաբային միջոցառումների անցկացման կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և սերտացման համար:
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առավել խորացման հնարավորություններն ու ուղղությունները: Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, անդրադարձել համահայկական օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի Սփյուռքի կառույցների միասնական և ներդաշնակ դիրքորոշումներ ունենալու կարևորությանը:
Մտքեր են փոխանակվել հայաստանյան պետական մարմինների և Սփյուռքի կառույցների փոխգործակցության մակարդակը հնարավորինս բարձրացնելու և արդյունավետ կառուցակարգերի ներդրման անհրաժեշտության մասին:
ՀՀ նախագահի աշխատակազմ