Aravot.am-ին տեղեկություններ էին հասել, որ երեկ ժամը 12․30-13․00-ի սահմաններում՝ քաղաքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժին եկած քաղաքացիներից մեկը վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել ու հիվանդանոց տեղափոխել։
Թե ինչ է կատարվել առանձնասենյակում, ոչ մեկը հստակ չգիտեր, միայն լսել էին, որ վիճաբանություն է եղել անօրինական շինությունների և հողազավթումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարոյանի հետ։
Հիշեցնենք՝ խոսքն այն պաշտոնյանի մասին է, որին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռացրեց ոստիկանության համակարգից՝ գյումրեցի ֆայտոնչի դարբին Սամվելին ոչ սթափ վիճակում ծեծի ենթարկելու համար։
Նա այժմ այդ պաշտոնին է նշանակված «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիա կազմած, քաղաքային իշխանությունը ստանձնած ՔՊ-ի կողմից։
Կարդացեք նաև
Քաղաքացին, որը քաղաքապետարան էր եկել քրոջ հետ, դիմել էր նաև ոստիկանություն։
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրեցին հետևյալը․ «Հունիսի 7-ին ժ.11.40-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, իրենց է զանգահարել քաղաքացի և հայտնել, որ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները բարկացրել են իրեն, ինչի հետևանքով վատ է զգում:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նույն օրը ժ.11.30-ի սահմաններում, Գյումրու համայնքապետարանում, աշխատակիցը վիճաբանել է իր հետ, հրել, գցել է գետին, ինչի արդյունքում վնասել է գլուխը:
Վերջինս տեղափոխվել է «Գյումրի» Բ/Կ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական վարչություն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ