Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ցանկանում իմ սուբյեկտիվ գնահատականներով կիսվել». Ամրամ Մակինյանը՝ Գեւորգ Բաղդասարյանի, Պետրոս Պետրոսյանի եւ Արսեն Մարտիրոսյանի ազատման մասին

Հունիս 08,2023 16:22

«Հարցի հասցեատերը ՀՀ գլխավոր դատախազությունն է եւ այն մարդիկ, ովքեր որոշել են կադրային փոփոխությունները կատարել: Իմ գնահատականները սուբյեկտիվ կարող են լինել, ես չեմ ցանկանում իմ սուբյեկտիվ գնահատականներով կիսվել»,- «դիզվառելիքի գործով» նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործերով դատախազների փոփոխությունը:

Հիշեցնենք, օրերս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործով դատախազներ Գեւորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը եւ Արսեն Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմումներ էին գրել:

Ըստ Ամրամ Մակինյանի, դատավարությունն արդեն ավարտական փուլում է գտնվում եւ դատախազությունը մեղադրանքի պաշտպանության ի՞նչ մարտավարություն կընտրի՝ առաջիկայում կերեւա: Ամեն դեպքում, առաջիկա նիստերի ժամանակ կերեւան դատախազության մարտավարության փոփոխությունները:

Պաշտպանը կրկնեց՝ այս գործում հանցագործության դեպք չկա, ուստի խոսել մյուս քրեադատավարական կառուցակարգերի մասին, իմաստ չունի: Հարցին՝ նախագահը կհամաձայնի՞ վաղեմության ժամկետի հիմքով գործը դադարեցվի, Ամրամ Մակինյանը պատասխանեց, որ իրավական հարցերի մասին մեկնաբանություններ չի ցանկանում անել, քանի որ մեր երկրի առջեւ լուրջ մարտահրավերներ կան եւ ինքը չի ցանկանում լրահոսը ծանրաբեռնել իրավական տարբեր հարցերով: Լրագրողը փորձեց հստակեցնել՝ նման առաջարկ եղե՞լ է, Ամրամ Մակինյանը շարունակեց պնդել, որ լրատվադաշտը այժմ պետք է կենտրոնանա՝ հանրությանը ցույց տալու առկա լրջագույն մարտահրավերները եւ դրանց կանխարգելման անհրաժեշտության վրա: Լրագրողների տարբեր հարցերը՝ այս գործով վաղեմության ժամկետը լրանալու մասով, անպատասխան մնացին:

Հիշեցնենք, «դիզվառելիքի գործով» նիստն այսօր հետաձգվեց: Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո նոր ներգրավված դատախազ Էդգար Արսենյանը ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:

Հիշեցնենք նաեւ, որ դատարանը հարցաքննում է ամբաստանյալներին: Նախորդ դատական նիստում, գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից, վարչության պետ Գեւորգ Հարությունյանը հայտարարեց, որ հանգուցյալ Սերգո Կարապետյանն է իրեն ուղղորդել նախաքննական ցուցմունքներ տալիս. «Սերգո Կարապետյանն ասաց՝ սենց կասես, մեկ է՝ վարույթը կարճվելու է: Միամտություն եմ արել, որ հավատացել եմ նրան»: Գեւորգ Հարությունյանը հաջորդ ցուցմունքում  հրաժարվել է իր տված առաջին ցուցմունքներից:

Այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված  առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930