Լրահոս
Օրվա լրահոսը

«Հազար ողորմի Սերգոյին. այնքան կուզեի՝ կենդանի լիներ, նայեի աչքերի մեջ՝ ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան

Հունիս 08,2023 16:05

«Գյուլնազ տատի հեքիաթներից է դա: Պարզ չի՞, որ սա կարած գործ է, նկարած գործ է, փուչիկ է: Ես առաջին օրն ասել եմ՝ թատրոն է, ուրեմն՝ թատրոն է»,- այսօր «դիզվառելիքի գործով» նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Լրագրողները հիշեցրել էին, որ նախորդ դատական նիստում գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից, վարչության պետ Գեւորգ Հարությունյանը հայտարարեց՝ հանգուցյալ Սերգո Կարապետյանն է իրեն ուղղորդել նախաքննական ցուցմունքներ տալիս. «Սերգո Կարապետյանն ասաց՝ սենց կասես, մեկ է՝ վարույթը կարճվելու է: Միամտություն եմ արել, որ հավատացել եմ նրան»: Գեւորգ Հարությունյանը հաջորդ ցուցմունքում հրաժարվել է իր տված առաջին ցուցմունքներից:

Դիտարկմանը, որ Սերգո Կարապետյանն ասել է, թե նախնական պայմանավորվածություններ կան, նման ցուցմունքներ պետք է տալ, որ գործը փակվի, Բարսեղ Բեգլարյանը արձագանքեց. «Հազար ողորմի Սերգոյին. այնքան կուզեի՝ կենդանի լիներ, նայեի աչքերի մեջ՝ ասեի՝ ամոթ քեզ»:

Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ Սերգո Կարապետյանի հետ չի հանդիպել, որ ասի՝ թե Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն կա: Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ Սերգո կարապետյանի հետ հանդիպել է առերես հարցաքննության ժամանակ, որտեղ եւ ասել է՝ «Ի՞նչ ես խոսում, ես դրանից գաղափար չունեմ»: Առերեսումից հետո Սերգո Կարապետյանին չի հանդիպել:

Բարսեղ Բեգլարյանը պնդեց՝ մրցույթի սպասարկման հայտը շահելն իր մոտ հարցեր չի առաջացրել, քանի որ նման քանակի եւ ծավալի մատակարարումներ կարող էին իրականացնել միայն «Ֆլեշ» եւ CPS ընկերությունները: Հարցին՝ ինչո՞ւ իր անունը սկսեց շրջանառվել այս գործով, ի՞նչ էր արել, Բարսեղ Բեգլարյանը հարցով պատասխանեց՝ «Ես էլ ձեզ եմ հարցնում՝ ինչո՞ւ» եւ պնդեց, որ սա քաղաքական գործ է՝ նախագահ Սերժ Սարգսյանի անունը արատավորելու համար:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների մասին հարցին էլ հարցով պատասխանեց՝ «Հանդիպել եմ, բայց դա ի՞նչ կապ ունի մրցույթի հետ»: Նա հայտարարեց, որ իր սեփականություն հանդիսացող «Ֆլեշ» ընկերությունն այժմ էլ է մրցույթների մասնակցում:

Այլ հարցերի Բարսեղ Բեգլարյանը չպատասխանեց:

«Դիզվառելիքի գործով» նիստն այսօր հետաձգվեց: Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո նոր ներգրավված դատախազ Էդգար Արսենյանը ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ դատարանը հարցաքննում է ամբաստանյալներին:

Այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից ։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930