Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ապացուցել ենք, որ ՔՊ-ի հետ որեւէ համայնքում համագործակցության եզր չունենք, առավել եւս դա չի լինելու Երեւանում»․ Մանե Թանդիլյան

Հունիս 08,2023 15:10

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երեւանում չի համագործակցի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ «Ուզում եմ ասել, որ երեւանցիների հետ մենք ազնիվ ենք խոսելու եւ հայտարարում ենք, որ երեւանցու տված մանդատը, վստահության քվեն որեւէ կերպ, որեւէ ձեւաչափով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ միավորման կամ որեւէ այլ ձեւաչափով համագործակցության երբեք չի ծառայելու։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը պիտի մասնակցի Երեւանի ընտրություններին, պարտավոր է հայտարարել՝ արդյոք իր մանդատը հետագայում ծառայելո՞ւ է ՔՊ-ի հետ համագործակցությանը կամ միավորմանը, թե՞ ոչ։ Բոլորը պետք է լինեն ազնիվ այս չափազանց կարեւոր ընտրություններում։ Երեւանցին հստակ պետք է իմանա՝ ընտրությունների գնալով՝ ի՞նչ խնդիր է լուծելու։ Մեզ ձայն տալով՝ երեւանցին լուծելու է ուժեղ Երեւան, հզոր Հայաստան խնդիրը։ Մեզ քվե տալով՝ երեւանցին լուծելու է իշխանափոխության հարց։ Մենք այն միակ ուժն ենք, որը կարողանում է եւ իրականացնում է արդյունավետ իշխանափոխություն»,- ասաց Մանե Թանդիլյանը։

The extended closed session of the political council of the ‘Country of Living’ party took place at the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Նա հավելեց․ «Մենք տրամադրված ենք Երեւանում շռնդալից հաղթանակի։ Եվ առանց ավելորդ համեստության, այդ հնարավորությունները տարբեր ձեւաչափով դիտարկել ենք։ Եվ մենք տեսնում ենք, որ այսպիսի առաջադրումով եւ այն թիմով, որը շուտով ձեզ կներկայացնենք, «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի բոլոր շանսերը՝ հաղթելու Երեւանի ընտրություններում»։

Թանդիլյանը նշեց, որ իրենց «կարմիր գծերը» հետեւյալն են․ «Կարմիր գծերը վերաբերում են Արցախին, նրան, որ նախկինին վերադարձ չի լինելու, իսկ ներկաներն իրենց սպառել են վաղուց, եւ պետք է հեռանան»։

«Մենք ընտրություններին մասնակցելով՝ բերելու ենք երեք նպատակ։ Առաջարկելու ենք երեւանցիներին իրենց ընտրությունը ծառայեցնել երեք նպատակի՝ քաղաքային, քաղաքական եւ պետական։ Երբ խոսում ենք ՏԻՄ ընտրությունների մասին, ակնհայտ է, որ քաղաքային օրակարգն առաջնահերթ է եւ բացարձակ, որովհետեւ մեզ համար առաջինը Երեւանի խնդիրների լուծումներն են լինելու։ Եվ մենք գտնում ենք, որ Թամանյանի նախագծած եվրոպական քաղաքը պետք է հենց այդպիսին դառնա։ Այն, ինչ ունենք այսօր, խառնիճաղանջ ու անկանոն շինարարություններով քաղաքը, անհարմար Երեւանը, մեր սիրելի մայրաքաղաքն ուղղակի մատնված է անփութության ու անհաղորդ վերաբերմունքի։ Երեւանի պատկերը պետք է լինի 21-րդ դարին հարիր մայրաքաղաք, ամբողջ հայության մայրաքաղաք։ Դրա լուծմանն են միտված լինելու մեր բոլոր նախագծերը։ Մենք երեւանցու հետ խոսելու ենք նաեւ երազանքի մասին՝ ինչպիսի Երեւան, ինչպիսի հայության մայրաքաղաք մենք պիտի ունենանք»,- ասաց նա։ Թանդիլյանը նշեց, որ ներկայացնելու են քառաչափ մոդելով Երեւանի զարգացման ծրագիր։

Երկրորդ խնդիրը, որը լուծվելու է այս ընտրություններով, ըստ նրա, քաղաքական խնդիրն է։ «Մենք համարում ենք, որ Երեւանում ընտրողները նաեւ քաղաքական կողմնորոշում են ունենալու եւ պիտի ունենան։ Երեւանցիները պատասխանատվություն ունեն ամբողջ ազգի առջեւ՝ փոփոխելու այսօրվա ներկա իրավիճակը, որի հետ մենք հաշտ չենք։ Հետեւաբար, այս ընտրությունները մենք արդյունավետ իշխանափոխության միջոց ենք նաեւ դիտարկում։ Մենք համարում ենք, որ ընտրությունների միջոցով եւ առանց ցնցումների փոփոխության կարիք կա երկրում։ Մենք դա արել ենք տարբեր համայնքներում, մենք ապացուցել ենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» հետ որեւէ համայնքում որեւէ ընտրությունների արդյունքում համագործակցության եզր չկա, առավել եւս չի լինելու Երեւանում։ Եվ ես լրացուցիչ կհայտարարեմ, թե ինչու։ Մենք համարում ենք, որ այս ներկան պիտի փոխվի, իշխանությունները պիտի հեռանան պետական կառավարման ոլորտից»,- ասաց Մանե Թանդիլյանը։

Անդրադառնալով պետական նպատակին՝ Մանե Թանդիլյանն ասաց․ «Մենք խորապես համոզված ենք, որ հզոր Հայաստանի հիմքում ուժեղ Երեւանն է։ Երեւանը կարող է եւ պիտի դառնա այն կարեւոր հիմնասյունը, որով պիտի զարգանա հետագայում նաեւ Հայաստանը եւ դառնա մեր արժեքներին հարիր պետություն»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930