Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսում

Հունիս 08,2023 15:22

8 հունիսի, Ստեփանակերտ: «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկել է Արցախի ջերմոցների վերազինման ծրագիր, որն ուղղված է շրջափակման հետևանքով ստեղծված պարենային ճգնաժամի մեղմանը:

Ծրագիրը նախատեսում է շուրջ 14․000 քմ ջերմոցային տնտեսությունների վերազինում` հովացման, խոնավացման, լուսավորման, ջեռուցման, ոռոգման և պարարտացման համակարգերով, ինչ հնարավորություն է տալու բարձրացնել տնտեսությունների արդյունավետությունն ու զգալիորեն ավելացնել արտադրանքի ծավալները:

Ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Օրերս «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության և Արցախի Հանրապետության (ԱՀ)  գյուղատնտեսության նախարարության ու  ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել, և արդեն մեկնարկել է հայտերի ներկայացման գործընթացը:

Ծրագրի շահառու կարող են դառնալ 300 և ավելի քմ տարածք ունեցող ջերմատների սեփականատերերը։ Նրանք հայտերը կարող են ներկայացնել ԱՀ գյուղատնտեսության նախարարի կողմից ստեղծված  մասնագիտական  հանձնաժողովին: Ջերմատների վերազինման  աշխատանքների ընդհանուր արժեքի 95 տոկոսի ֆինանսավորումն ապահովվելու է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով (որից 45 տոկոսը ձևակերպվելու է անտոկոս փոխառության տեսքով), իսկ 5 տոկոսը վճարելու է սեփականատերը:

Ծրագրին և ջերմատնային ուղղության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել նաև «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և Արցախի ջերմատնային տնտեսությունների զարգացման ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը:  Խոսելով Արցախի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից ծրագրի կարևորության  մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է. «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ստիպում է քայլեր իրականացնել պարենային ինքնաբավության ապահովման ուղղությամբ: Այս ծրագիրը մի քանի խնդիր է լուծում: Այն կարևոր է թե՛ պարենային անվտանգության ապահովման, թե՛ ապագայում բիզնեսի զարգացման, թե՛ այս իրավիճակում Արցախում աշխատատեղերի  պահպանման ու նորերի ստեղծման տեսանկյունից: Ծրագիրը նպաստելու է նաև գյուղատնտեսության մեջ նոր ստանդարտների ներդրմանը, ինչը չափազանց կարևոր է ոլորտի զարգացման առումովԵս շնորհակալ եմ գործակալության նվիրատուներին, ովքեր իրենց ներդրումներով օգնելու են այսպիսի կարևոր խնդրի լուծմանը»:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

«Մենք ենք մեր սարերը» գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930