Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը

Հունիս 08,2023 14:33

Հունիսի 7-ին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նորընտիր խորհուրդը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը կայացել է Շարժման խորհրդի նախաձեռնությամբ՝ հունիսի 4-ից Բերձորի՝ «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիական անձանց երթևեկի հարցը քննարկելու նպատակով։

Նախօրեին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով եւ անընդունելի համարելով Արցախի իշխանությունների կողմից նախապես հայտարարված կարմիր գծերի խախտումը: Զուգահեռաբար, նույն այդ հարցով, Շարժման խորհուրդը նամակներ էր հղել պատասխանատու շրջանակներին՝ այդ թվում ԱՀ նախագահին, հիմնավորելով իր դիրքորոշումը, մանրամասնելով մտահոգությունները, հարցականի տակ դնելով որոշումների կայացման նման ընթացակարգը եւ առաջարկել հանդիպել՝ բացատրություն ստանալու եւ հարցը քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները, անդրադարձել նաև հիշատակված որոշման կայացման դրդապատճառներին: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-i Խորհրդի անդամները ներկայացրել են ադրբեջանական հսկիչ անցակետի առկայության անընդունելիությունը, դրա հետևանքով առաջացող քաղաքական և անվտանգային խնդիրներն ու հնարավոր ռիսկերը։ Շեշտվել է նաև իշխանությունների կողմից՝ նման գործընթացներում պահանջվող թափանցիկության և հայտարարված դիրքորոշումների հետևողական պաշտպանության բացակայությունը:

Ավելի քան երկու ժամ տևած քննարկման ընթացքում հանրային շարժման խորհրդի անդամները պնդել են իրենց տեսակետները՝ ուշադրություն հրավիրելով բարձրացված խնդիրների անվտանգային, քաղաքական, հանրային ընկալման ասպեկտների վրա:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը վերահաստատում է ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը և հետևողական է լինելու այդ գործընթացում Արցախի հանրությանը համախմբելու գործում:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930