Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնկրետ տեղերում ընտրությունների միջոցով իրականացնելով իշխանափոխություններ՝ մեր հաջորդ հանգրվանը Երեւանն է»․ Մեսրոպ Առաքելյան

Հունիս 08,2023 14:29

«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր 18 համայնքներում ունի ներկայացվածություն, որից 3 համայնքներում ստանձնել է կառավարումը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։

«2021 թվականին մենք Նոյեմբերյան համայնքում ենք ստանձնել կառավարումը, նաեւ Տաթեւ համայնքում համատեղ կառավարում ենք ստանձնել այլ ուժի հետ։ Եվ նախորդ տարի մենք նաեւ հաղթեցինք Ալավերդի համայնքում։ Այսինքն՝ այն ճանապարհը, որը կուսակցությունը ստեղծման օրվանից որդեգրել էր՝ ընտրությունների միջոցով իրականացնել իշխանափոխություն, մեզ հաջողվել է իրականացնել։ Եվ արձանագրված արդյունքները խոսում են այն մասին, որ այս կարճ ժամանակահատվածում կուսակցությունը վայելում է հասարակության վստահությունը»,- ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով՝ իրենք հասարակությանն անում են աշխատելու առաջարկներ։ «Եվ կոնկրետ տեղերում ընտրությունների միջոցով իրականացնելով իշխանափոխություններ՝ մեր հաջորդ հանգրվանը Երեւանն է։ Եվ վստահ ենք, որ Երեւանում նույնպես առաջիկա ամիսների ընթացքում հասարակության հետ մեր ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավորություն կունենանք ստանալ երեւանցու վստահությունը եւ փոխել Երեւանի դիմագիծը մեր աշխատանքի շնորհիվ»,- ասաց նա։

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ առաջիկայում ծրագիր են ներկայացնելու երեւանցիներին։ Նա ասաց, որ իրենց կարծիքով՝ համայնքների կառավարումը՝ առաջնահերթ համայնքի բնակիչների մասնակցությամբ պետք է լինի։

Ըստ նրա՝ առաջիկայում կուսակցությունն առավել հանգամանքից կներկայացնի Երեւանի մասով թիմի կազմը։ «Մեզ համար կարեւոր է նաեւ կուսակցությունն ուժեղացնել այնպիսի անհատներով, ովքեր կարող են եւ պատրաստ են պատասխանատվություն ստանձնել Երեւանի կառավարման հարցով։ Մենք բաց ենք համագործակցության համար, բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն Երեւանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ, մենք պատրաստ ենք քննարկել թիմում ընդգրկելու հարցը եւ ներկայացնել այն ծրագրերը, որոնք էականորեն փոխելու են երեւանցու կյանքը»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930