Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել է քաղաքացուն, ապա նվիրատվությամբ գրանցվել ԱԺ նախկին պատգամավորի կնոջ անունով

Հունիս 08,2023 13:34

2003 թվականի հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետ Ռ.Ն.-ի որոշմամբ՝ քաղաքացի Մ.Պ.-ին է օտարվել Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասը՝ շուկայականից անհամեմատ էժան գնով՝ 14 մլն 646 հազար 180 դրամով, այն դեպքում, երբ հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ՝ 2003 թվականի հունիսի 27-ին կայացած աճուրդային վաճառքի և վարձակալության մրցույթի արդյունքների հիման վրա, Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողատարածքը 2003 թվականի դեկտեմբերի 26-ին վարձակալությամբ տրամադրվել է քաղաքացի Մ.Պ.-ին՝ մանկական խաղահրապարակ և բացօթյա սրճարան կառուցելու նպատակով: Հողամասը գտնվում է Էրեբունու մանկական զբոսայգու տարածքի սահմաններում, իսկ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ ներառվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում։

2008 թվականի հունվարի 17-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Կ.Դ.-ն տրամադրել է ակնհայտ կեղծ մասնագիտական եզրակացություն, համաձայն որի՝ Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Եզրակացության հիման վրա՝ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք Մ.Պ.-ին հատկացրել են անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Հետագայում Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողատարածքը նվիրատվությամբ գրանցվել է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մ.Ս.-ի կնոջ՝ Շ.Ա.-ի անունով: Շ.Ա.-ն, օտարման ոչ ենթակա վերոնշյալ հողատարածքը 150 հազար ԱՄՆ դոլարով օտարել է իրավաբանական անձի:

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է վերը նշված գործընթացում Երևանի քաղաքապետի տեղակալ Կ.Դ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանգամանքը: Կ.Դ.-ի վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

2023 թվականի հունիսի 6-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 1-ի որոշումը, ինչպես նաև դրա հետևանքները վերացնելու, այդ թվում՝ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930