Երեւանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրում է Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը։
«Քիչ առաջ ավարտվեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին հրավիրված էին մասնակցելու նաեւ մեր տարածքային կազմակերպության ղեկավարները, համայնքների ավագանիներում մեր խմբակցության ղեկավարները, Երեւանի թիմի մեր անդամները։ Ի թիվս այլ հարցերի, մենք քննարկեցինք եւ հաստատեցինք Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում մեր կուսակցության քաղաքապետի թեկնածուին։ Կուզեմ առանձնահատուկ ընդգծել, որ մեր այս որոշումը հիմնված է եղել վերջին ամիսներին Երեւանի բնակիչների հետ մեր ակտիվ շփումների, նրանց հետ մեր զրույցների, սոցիոլոգիական հարցումների արդյունքների, ինչպես նաեւ մեր կուսակցության անդամների կարծիքների վրա։ Ըստ այդմ՝ «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի կողմից առաջադրվել եւ հաստատվել է քաղաքապետի թեկնածու տիկին Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ