Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգէյ Ղազարեան. Առաջին հերթին պէտք է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական կողմը կատարի ստանձնած պարտաւորութիւնները. «Ասպարեզ»

Հունիս 08,2023 12:04

«Ասպարէզ»ի Հարցազրոյցը Արցախի Հանրապետութեան Արտաքին Գործերի Նախարար Սերգէյ Ղազարեանի Հետ։

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մայիսի 14ին Բրիւսելում Եւրախորհրդի նախագահ Շառլ Միշէլը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից յետոյ յայտարարեց, որ նրանք «հաստատել են իրենց միանշանակ հաւատարմութիւնը Հայաստանի (29․800 քառակուսի կիլոմետր) եւ Ադրբեջանի (86․600 հազար քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականութեանը»: Մայիսի 22ին էլ, Երեւանում, Հայաստանի վարչապետը յստակօրէն հաստատեց, որ իր կողմից Ադրբեջանի ճանաչուած տարածքը ներառում է նաեւ Արցախը: Դրան հետեւեցին Արցախի նախագահի, ԱԺ եւ արտգործնախարարութեան կողմից յայտարարութիւններ, որտեղ ընդգծուեց, որ Արցախի ժողովուրդը պարզապէս չի կարող Ադրբեջանի կազմում ապրել` այնտեղ տիրող հայատեաց քաղաքականութիւնից բխող գոյաբանական վտանգների պատճառով: Միաժամանակ, նախագահ Արայիկ Յարութիւնեանը պատրաստակամութիւն  յայտնեց սկսելու միջազգային ձեւաչափով երկխօսութիւն Բաքուի հետ: Արցախը, փաստօրէն ստանձնեց պատասխանատուութիւնն իր ճակատագրի համար: Պատրա՞ստ է Արցախն այսօր հակամարտութեան կարգաւորման շուրջ ուղիղ բանակցութիւնների եւ ո՞ր հարցերն են առանցքային:

ՍԵՐԳԷՅ ՂԱԶԱՐԵԱՆ.- Առաջինը նշեմ, որ Արցախը միշտ է կրել պատասխանատուութիւն, եւ երբեք չի հրաժարուել պատասխանատուութիւնից` իր ճակատագրի համար, եւ ոչ միայն իր, նաեւ, երբ խօսքը գնում է մեր ազգային, հայկական պետութեան շահերի մասին: Արցախը դա ոչ թէ խօսքով է ցոյց տուել, այլ` կոնկրետ քայլերով, գործով, եւ շրջափակման ընթացքում իրավիճակն էլ վկայում է այդ մասին: Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը չի պատրաստւում կանգ առնել, եւ լուծելով Արցախի խնդիրն իրենց օգտին` նրանք անցնելու են Հայաստանի Հանրապետութեան դէմ պայքարին, մեղադրանքներ են առաջ քաշելու, եւ այլն: Սա տեսանելի է: Մենք տեսնում ենք, թէ ինչպէս է ադրբեջանական կողմը արեւմտեան Ադրբեջանի գաղափարն առաջ քաշում, նրանք խօսում են, որ այդ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները իրենց պայմաններով պէտք է ընթանան, կարող են տեւել բաւական երկար տարիներ, եւ հետեւաբար, նրանք չեն էլ պատրաստւում դուրս բերել Հայաստանի սուվերեն (գերիշխան) տարածքներ ներխուժած ադրբեջանական զինուած ուժերին: Այստեղ պէտք է կրկին նշեմ Մինսի խմբի ձեւաչափի օրինակը` հաշուի առնելով, որ այդ շրջանակներում հսկայական փորձ է կուտակուած, բաւականին լուրջ մասնագիտական աշխատանք է կատարուած, ոը նոյնպէս կարող էր օգուտ բերել, բայց այս ամէնն անտեսուեց Ադրբեջանի կողմից:

Մեր դիրքորոշումն հետեւեալն է` Արցախեան կողմը բոլորից լաւ իմանալով խաղաղ ապրելու գինը, հաշուի առնելով նաեւ, որ մեր ժողովուրդը, պատերազմի հետեւանքով  կրել է բազմաթիւ զրկանքներ, ունեցել է բազմաթիւ կորուստներ եւ այլն, եւ բոլորից լաւ է գիտակցում այդ խաղաղութեան գինը` առաջին շահագրգիռ կողմն է, որ բանակցային ճանապարհով փորձենք գտնել փոխընդունելի լուծումներ` փոխզիջումային տարբերակով, բայց կարեւոր խնդիրը կայանում է նրանում, որ միայն մեր ցանկութիւնը այստեղ բաւարար չէ, միւս կողմը չի ցանկանում գնալ այս ճանապարհով: Եւ միջնորդների աշխատանքի հիմնական ուղղութիւնը պէտք է լինի այն, որ Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ նստեցնեն, եւ կողմերը երկար ժամանակ աշխատեն վստահութիւն ձեռք բերելու ուղղութեամբ, որից յետոյ կարող են անցնել այն լուրջ, բարդ, ծանր հարցերի քննարկմանը: Ցաւօք, մենք տեսնում ենք ճիշդ հակառակը, երբ Ադրբեջանը որեւէ մի քայլ չի կատարել այս ընթացքում վստահութիւն ձեռք բերելու ուղղութեամբ, եւ ճիշդ հակառակն է արել` խափանելով գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, արգելափակելով ճանապարհը, խնդիրներ ստեղծելով քաղաքացիների համար, խախտելով մարդկանց իրաւունքները: Այսպէս անհնար է վստահութիւն ձեռք բերել եւ ճիշդ հակառակը` սրանով այն բոլոր յոյսերը եւ հեռանկարները արդէն չեղարկւում են: Նշեցի, որ կարեւոր տարրերից մէկը, որը մենք ակնկալում ենք բանակցային գործընթացից, որ պէտք է լինեն մեխանիզմներ, որ կողմերը իրենց ստանձնած պարտաւորութիւնները կատարելու են եւ չկատարելու դէպքում ինչ գործիքակազմ է կիրառուելու: Մենք հիմա ունենք Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութիւն, որի դրոյթները խախտւում են: Հիմա որտեղից երաշխիքներ կան, որ միւս փաստաթղթերը, որոնք ստորագրուելու են` չեն անտեսուելու: Առաջին հերթին պէտք է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական կողմը կատարի ստանձնած պարտաւորութիւնները, եւ կոնկրետ`  Նոյեմբերի 9ի փաստաթղթով պարտաւորութիւնը, այն է` երաշխաւորել ճանապարհի, միջանցքի անվտանգ գործունէութիւնը:

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930