Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաները մոտ 3 հազար 500-ն են, կեսից ավելին՝ համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ. Հայկուհի Հարությունյան. «Հրապարակ»

Հունիս 08,2023 10:23

Այսօր՝ հունիսի 8-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակելու է 2022 թվականի՝ հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը։ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ զրուցեցինք այս թեմայի շուրջ։

– Մոտավորապես քանի՞ անձ հայտարարագիր չի ներկայացրել։

– Մոտավոր թիվ կարող եմ ասել, որովհետեւ նրանք, ովքեր չեն ներկայացրել, զուգահեռաբար ներկայացնում են։ Մոտավորապես 3 հազար 500-ի կարգի ունենք չներկայացրածներ, որոնցից կեսից ավելին վերաբերում է համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Այդտեղ էլ է խնդիր առաջացել՝ այն պատճառով, որ համայնքների խոշորացումից հետո հին բազայում առկա տվյալները մեր խնդրանքով ավտոմատացված տեղափոխվել են այստեղ, եւ այնտեղ պաշտոնյաներ կան, որոնց պաշտոնավարումը դադարեցրել են։ Եթե այդ մեծ կտորը հանենք, ապա մոտ 1000-1200-ի կարգի գործող պաշտոնատար անձինք են եւ նրանց ընտանիքի անդամները, եւ կարծում եմ, որ մինչեւ ամսի 10-12-ը կներկայացնեն։

– Ներկայացված հայտարարագրերում անհամապատասխանության դեպքերն արդեն ուսումնասիրվե՞լ են։

– Դրանք չենք ստուգել, որովհետեւ համակարգն այս պահին ավտոմատացված առայժմ կարողացել է մեզ օգնել՝ դուրս հանել չներկայացրածներին եւ այլն։ Անհամապատասխանություններին կանդրադառնանք երկրորդ փուլով։ Այս տարվա նորամուծությունը նաեւ այն էր, որ առաջին անգամ համակարգում տվյալները լրացրել էին ինքնաշխատ կերպով, այսինքն՝ Պետական եկամուտների կոմիտե, կադաստր, ոստիկանություն․․․, անձի կողմից նախորդ տարում լրացված հայտարարագրերի բոլոր այն տվյալները, որոնք ստատիկ են եւ փոփոխության չեն ենթարկվել, ավտոմատ տեղափոխվել են 2022 թվականի տարեկան հայտարարագիր։ Այսինքն՝ սխալվելու կամ անհամապատասխանության հավանականությունն այս պահին չափազանց փոքր է։ Այստեղ արդեն գալիս է խորքային վերլուծության արդյունքում անհամապատասխանություն արձանագրելու կարիք, որը լրիվ այլ գործիքակազմով է արվելու։ Այն փոքր սխալները, որոնք Դուք, որպես դիտորդ, կարողանում էիք միանգամից տեսնել, օրինակ՝ ռեգիստրում այդ մարդն ունի գրանցած կազմակերպություն, բայց հայտարարագրում չի գրել։ Այլեւս այդ տեսակի խնդիրներ չեն լինելու, որովհետեւ ռեգիստրի այդ տվյալն ավտոմատացված հայտարարագրի մեջ է տեղավորվել։ Արդեն խնդիրները թե՛ մեզ, թե՛ ձեզ համար դժվարանալու են, որ մենք կարողանանք իրական կյանքում հայտնաբերել այլ գույք, եկամուտ, ծախսեր, որոնք համակարգը հավաքելու հնարավորություն չուներ, անձն իր կամքով պիտի տար, այ, դա արդեն ավելի լուրջ խախտում է։ Վերջին շրջանում, ինչքան էլ մեզ քննադատեցին, մենք վարույթներ չէինք արել, որովհետեւ անիմաստ էր։ Օրինակ, հողամասի կեսը չգրելու պատճառով տանել վարույթների, երբ պետական մարմինն այդ տվյալը հստակ ուներ։ Հիմա բովանդակային ավելի դժվար վերլուծություն է սպասվում նաեւ մեզ։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930