Լրահոս
Օրվա լրահոսը

Ինստագրամյան ինֆլյուենսերների սիրելի ըմպելիքը՝ կոլագեն․ որքանո՞վ է այն արդյունավետ մաշկի համար

Հունիս 08,2023 09:30

Կոլագենային ըմպելիքներն ու հավելումներն այսօր շատ նորաձև են դարձել, քանի որ հայտնի մարդիկ, բլոգերներն ու ինֆլյուենսերները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում ջանասիրաբար գովազդում են այդ միջոցները՝ հայտնելով, որ դրանք հրաշալի ազդեցություն ունեն մաշկի, մազերի և եղունգների վրա։ Քանի որ կոլագենը մեր օրգանիզմում կարևորագույն նշանակություն ունի հյուսվածքների համար, թվում է, թե այդ սպիտակուցի օգտագործումը պետք է որ ամրություն, փայլ և էլաստիկություն հաղորդի մեր մազերին, մաշկին ու եղունգներին։

Harvard Health-ի մեկնաբանները պարզաբանում են, թե որքանով է այդ մոտեցումը հիմնավորված գիտության տեսանկյունից։

Ի՞նչ է կոլագենը

Կոլագենը մարդու հյուսվածքների հիմնական կառուցվածքային սպիտակուցն է, որն առկա է մաշկի, մազերի, եղունգների, ջլերի, աճառների և ոսկորների կազմում։ Մաշկի էլաստիկության, ծավալի և խոնավության պահպանման համար կոլագենն աշխատում է այլ նյութերի՝ հիալուրոնաթթվի և էլաստինի հետ։ Կոլագենը նաև նպաստում է կերատին սպիտակուցի ձևավորմանը, որից կազմված են մաշկը, մազերն ու եղունգները։

Մեր օրգանիզմը բնական եղանակով արտադրում է կոլագեն՝ օգտագործելով կոլագենով հարուստ մթերքների կազմում առկա ամինաթթուները։ Այդպիսի մթերքներ են ոսկորի արգանակը, միսն ու ձկնեղենը։ Սակայն տարիքը, արևի ազդեցությունը, ծխելն ու ալկոհոլի օգտագործումը նվազեցնում են կոլագենի արտադրությունը։

Կոլագենային ըմպելիքներն ու հավելումները հաճախ են պարունակում տարբեր աղբյուրներից (ձկնեղեն, խոշոր եղջերավորների միս, թռչնամիս, խոզի միս) ստացված կոլագեն։ Որպես կանոն այդ ըմպելիքներն ու հավելումները կազմված են պեպտիդներից՝ ամինաթթուների կարճ շղթաներից, որոնք օգնում են օրգանիզմին արտադրել անհրաժեշտ սպիտակուցները՝ այդ թվում կոլագեն ու կերատին։

Ի՞նչ է ասում գիտությունը կոլագենային ըմպելիքների ու հավելումների մասին

Մաշկաբանության միջազգային ամսագրում հրապարակված 19 հետազոտությունների վերլուծությունը, որը ներառում է 1125 մարդու տվյալներ, ցույց է տվել, որ նրանք, որոնք օգտագործել են կոլագենային հավելումներ, նկատել են, որ իրենց մաշկն ավելի առաձգական ու խոնավացված է դարձել, իսկ կնճիռները որոշակիորեն հարթվել են։ Իհարկե, խոստումնալից է հնչում, սակայն պարզ չէ, թե արդյո՞ք այդ բարելավումը կապված է եղել կոլագենային հավելումների հետ։ Փորձարկումների մեծամասնության դեպքում օգտագործվել են կոմերցիոն տեսանկյունից հասանելի հավելումներ, որոնք կոլագենից բացի պարունակել են վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ, քոէնզիմ Q10, հիալուրոնաթոու և խոնդրոիտինսուլֆատ։

Պատահականության սկզբունքով անցկացված մի քանի վերահսկվող հետազոտություններ ցույց են տվել, որ պրոլիլհիդրօքսիպրոլին և հիդրօքսիպրոլիլգլիցին պեպտիդների բարձր պարունակությամբ կոլագենային հավելումների օգտագործումը բարելավում է մաշկի էլաստիկությունը և խոնավացումը, նվազեցնում է կնճիռներն ու թեփոտվածությունը։ Սակայն հարկավոր են մասշտաբային հետազոտություններ՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանք անվտանգ են երկարաժամկետ օգտագործման դեպքում։

Մարդկանց վրա որևէ հետազոտություն չի անցկացվել՝ պարզելու համար, թե ինչ ազդեցություն ունեն կոլագենային հավելումները մազերի վրա և ներկայումս բժշկական տվյալներ չկան, որոնք կարող են հաստատել մարքեթինգային այն պնդումները, թե իբր այդ հավելումներն ու ըմպելիքները բարելավում են մազերի որակը՝ դրանց փայլ, ծավալ ու խտություն հաղորդելով։

Արժե՞ օգտագործել կոլագենային ըմպելիքներ ու հավելումներ

Ներկա պահին չկան բավարար ապացույցներ, որ կոլագենային հավելումների և ըմպելիքների օգտագործումն ազդում է մաշկի, մազերի և եղունգների վրա։ Մեր մարմինը չի կարող կոլագենը յուրացնել ամբողջական տարբերակով։ Արյան շրջանառության մեջ հայտնվելու համար կոլագենը պետք է բաժանվի պեպտիդների՝ աղիների միջոցով ներծծվելու համար։

Այդ պեպտիդներն այնուհետև կարող են ճեղքվել այլ «շինանյութերի»՝ ձևավորելով նաև կերատին, որն անհրաժեշտ է մաշկի, մազերի ու եղունգների համար, կամ էլ ստեղծել կոլագեն, որը կուտակվում է մարմնի տարբեր հատվածներում՝ աճառներում, ոսկրերում, մկաններում ու ջլերում։

Մինչ օրս մարդկանց վրա անցկացված և ոչ մի հետազոտություն չի ապացուցել, որ կոլագենը, որն ընդունվում է պերօրալ եղանակով, արդյունքում հայտնվում է մեր մաշկի, մազերի և եղունգների մեջ։

Եթե ձեր նպատակը մաշկի որակն ու էլաստիկությունը բարելավելն ու կնճիռները հարթեցնելն է, ապա ավելի լավ կլինի պաշտպանվել արևից և օգտագործել տեղային ռետինոիդներ, որոնց արդյունավետությունն ապացուցվել է լայնածավալ հետազոտություններով։
Եթե, այնուամենայնիվ, որոշել եք փորձել կոլագենային հավելումներ ու ըմպելիքներ, ապա ցանոթացեք դրանց բաղադրությանը․ պրոլիլհիդրօքսիպրոլինի և հիդրօքսիպրոլիլգլիցինի բարձր քանակություն պարունակող տարբերակներն ավելի լավ են աշխատում կնճիռների դեմ և խոնավացնում են մաշկը։

Հավելումներն ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։ Կոլագենային ըմպելիքների ու հավելումների օգտագործումը հակացուցված է հոդատապ (պոդագրա) ունեցող մարդկանց, ինչպես նաև այնպիսի հիվանդությունների դեպքում, որոնք պահանջում են սպիտակուցների սահմանափակ օգտագործում։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930