Լրահոս
Օրվա լրահոսը

Մերօրյա «խունվեյբինները»

Հունիս 08,2023 10:00

20-րդ դարում պլեբեյական տիպի միջխմբային միավորումների ստեղծման փորձ է կուտակվել: Մարդիկ դուրս են գալիս իրենց սոցիալական «բներից», այլեւս չունեն խորը սոցիալական արմատներ, եւ նրանց վարքը համապատասխանում է իշխող ուժերի էգոիստական շահերին: Այդպես էր Գերմանիայում 1920-30-ական թվականներին (դարչնագույն գրոհայիններ) կամ Չինաստանում 1960-70-ական թվականներին (խունվեյբիններ):

Վերը մեջբերվածը վերաշարադրված հատված է 1990 թվականին հրատարակված մի հետազոտությունից, որը նվիրված է ամերիկյան քաղաքական մշակույթին: Պարզ է, որ այդպիսի միավորումները միայն մեր ցավը չեն, իսկ նկարագրությունը միայն Հիտլերի կամ Մաոյի երկրպագուներին չի վերաբերվում: Նման խմբավորումներ հանդիպում էին նաեւ Միացյալ Նահանգներում, օրինակ, այն ժամանակ, երբ սենատոր Ջոզեֆ ՄքՔարթին հակակոմունիստական հիստերիա էր բորբոքում:  Թվում է, թե ինչո՞ւ պետք է «միջին ամերիկացին»՝ սովորական ֆերմերը կամ կրպակատերը հուզվեր գոյություն չունեցող «կոմունիստական վտանգից»: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ մարդիկ այլեւս «միջին ամերիկացի» չէին, նրանք կորցրել էին իրենց սոցիալական արմատները, դուրս էին եկել իրենց սովորական քաղաքացիական գործառույթներից՝ ձեռք բերելով «գրոհային ջոկատների» առանձնահատկություններ:

Այսօրվա համեմատ հիմնական տարբերությունն այն է, որ 21-րդ դարում այդ ջոկատները, որպես կանոն, ոչ թե փողոցում են, այլ՝ համացանցում: Դա ունի իր դրական եւ բացասական կողմերը: Մի կողմից ակնհայտ է, որ համացանցում մարդիկ պակաս վտանգավոր են, քան փողոցում, որտեղ կարող են կոտրել խանութի ապակիները կամ հաշվեհարդար տեսնել «սխալ մտածող» մարդու հետ: Մյուս կողմից՝ համացանցային ատելությունը թագավարակի նման մի բան է՝ տարածվում է կայծակնային արագությամբ: Տարածումը դանդաղեցնող «պատվաստանյութ» առայժմ չի հայտնաբերվել:

Դրա համար, երբ համացանցում ես տեսնում եմ «IM HZOR VARCHAPET!!!» գրառումը, ես պատկերացնում եմ չինացի խունվեյբինին, որը մեծ խանդավառությամբ պատին է կպցնում իր «դաձիբաոն»՝ ուղղված, ասենք, Լին Բյաոյի կամ Կոնֆուցիուսի դեմ:

Գրոհային ջոկատների առկայության պայմաններում բարոյական կամ ինտելեկտուալ հեղինակություններ չեն ծնվում: Այսօր չեն կարող ի հայտ գալ Սախարովի, Լիխաչովի կամ Լոտմանի նման մարդիկ. համացանցում նրանց նկարի տակ մի 200 հոգի (իրական կամ կեղծ) հայհոյանք կգրի ու դրանով հարցը կփակվի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930