«Հափշտակելով եւ յուրացնելով 2019 թվականից հետո իմ կողմից կատարված ներդրումները Հայաստանում, վերաքննիչ քաղաքացիական դատարանում անհնար է գտնել ճշմարտությունը։ Վերաքննիչ դատարանի դատավորը հանդես է գալիս կասկածելի եւ անհասկանալի որոշումով, եւ ինձ՝ ներդրողիս, իր որոշման մեջ պարտավորեցնում մոտ հինգ միլիոն դրամ դեպոզիտ տրամադրել դատարանի հաշվեհամարին։ Ինչո՞ւ։ Իբրեւ թե քի՞չ եմ տուժվել, մի բան էլ դեռ պիտի նոր գումար տրամադրեմ դատարանին»,-Վերաքննիչ քաղաքացիական դատարանի մայիսի 17-ի որոշումից հետո «Առավոտին» այդ մասին ահազանգեց գործարար Արարատ Տեր-Անտոնյանը: Ըստ նրա՝ հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ դրսում օրնիբուն աշխատող հայրենակցից խլելով՝ տիրացել, զավթել են նրա կատարած ներդրումների արդյունքները մեր իսկ հայրենիքում՝ Հայաստանում: Ըստ գործարարի՝ «2019թ., լսելով Փաշինյանի կոչը՝ մեր հայրենիքում ներդրումներ կատարելու վերաբերյալ, որոշում կայացրեցի Հայաստանում ստեղծել անասնապահական կանաչ կերերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Արտադրամասը ստեղծելու համար խոսել ենք մեր ընկերների՝ Հակոբ Գոզուբոյուկյանի, Հրաչյա Մայիլյանի, Գուրգեն Մարտիրոսյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Էդվարդ Բաբայանի հետ, որոնց հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, թե որ քաղաքում եւ ինչպես պետք է սկսենք մեր գործունեությունը։ Վերջիններիս հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել արտադրամասը հիմնել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում» ( «Շահագործել են արտադրամասը Էջմիածնում, ստացել շահույթ, իսկ ինձ հեքիաթներ են պատմում»,«Առավոտ», սեպտեմբեր 13, 2022):
Արարատ Տեր Անտոնյանը դիմել էր դատարան՝ ընդդեմ Հակոբ Գոզուբոյուկյանի, Գուրգեն Մարտիրոսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Հրաչյա Մայիլյանի՝ խնդրելով համապարտության կարգով նրանցից բռնագանձել 39.990 ԱՄՆ դոլար: Նա խնդրել էր կիրառել հայցի ապահովման միջոց, այն է, հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողների գույքի եւ դրամական միջոցների վրա, կանաչ կերի արտադրության համար տեղադրված սարքերի, սարքավորումների վրա, արգելելով նրանց իրենց գույքն օտարելը, վաճառելը, գործարքներ կատարելն ու օգտագործելը: Նա մեր լրատվամիջոցին մի քանի անգամ հայտնել է, որ Վաղարշապատ քաղաքում գումարներ է ներդրել կանաչ կերի արտադրամաս բացելու, ինչպես նաեւ՝ նոր տեխնիկայով եւ սարքավորումներով արտադրամասն ապահովելու վրա:
2020-ին դատարանը մասնակիորեն բավարարել էր նրա հայցապահանջը՝ հայցագնի չափով արգելանք դնելով նշված պատասխանողներին պատկանող գույքի վրա:
Այս ժամանակ Արարատ Տեր-Անտոնյանը միջնորդել էր դատարանին՝ պատասխանող ճանաչել Ղուկաս Գրիգորյանին, Մարիաննա Խաչատրյանին՝ համապարտության կարգով նրանց շարժական, անշարժ գույքի վրա նույնպես արգելանք դնել: 2021թ. նոյեմբերի 26-ին նրանք ճանաչվում են որպես պատասխանող, արգելանք է դրվում նաեւ նրանց գույքի վրա:
Կարդացեք նաև
Այս գործով դատական նիստը տեղի է ունեցել գրավոր ընթացակարգով:
Ղուկաս Գրիգորյանի ներկայացուցիչը դիմում է դատարան, հայտնում, որ իր վստահորդը չի կարողանում գույքի վրա արգելանք դնելու պատճառով կատարել փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունները տաս միլիոն դրամի չափով, ինչի արդյունքում տեղի է ունեցել վճարման ենթակա գումարի վերահաշվարկ: Պատասխանողը, ըստ նրա միջնորդության, կրում է 4.968.629 ՀՀ դրամի չափ գումարի վնաս: Ընդհանուր իրավասության դատարաննն այդ ժամանակ մերժում է: Դատարանն արձանագրում է, որ պատասխանողի անվամբ առկա էր 9 անուն անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, եւ որ վերջինս կարող էր դիմել հարկադիր ծառայություն, հայցագնի չափը գերազանցող գույքը արգելանքից հանելու պահանջով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հանգեց այն հետեւության, որ ներկայացված փաստարկները բավարար էին ստորադաս դատարանի՝ «ոչ իրավաչափ որոշումը վերացնելու», «հակընդդեմ ապահովման միջոց կիրառելու մասին պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը բավարարելու մասին նոր դատական ակտ կայացնելու համար»:
Հայցվորի կամ բողոք բերողի վարքագծի վերաբերյալ ՄԻԵԴ-ը նշել է, որ հայցվորի կամ բողոք բերողի վարքագիծը օբյեկտիվորեն ազդում է գործի քննության ժամկետների վրա, որը չի վերահսկվում պետության կողմից, ուստի այն պետք է հաշվի առնվի դատական քննության ողջամիտ ժամկետների պահպանման հարցը քննարկելիս։
Անդրադառնալով տեղական իշխանությունների վարքագծին՝ ՄԻԵԴ-ը նշել է, որ պետությունները պետք է այնպես կազմակերպեն իրենց իրավական համակարգը, որպեսզի դատավորները հնարավորություն ունենան երաշխավորելու ողջամիտ ժամկետում վերջնական դատական ակտ ստանալու իրավունքը: Իհարկե, ՄԻԵԴ որոշումերի համատեքստում «կշեռքի վրա դրված»-ի կարեւորությունն առավելապես վերաբերում է քրեական գործերին, հատկապես այն դեպքերում, երբ մեղադրվողն անազատության մեջ է, ինչպես նաեւ երեխաներին վերաբերող գործերին, աշխատանքային եւ կենսաթոշակային վեճերին եւ այլն։ Բոլոր դեպքերում ՄԻԵԴ դիրքորոշումը հստակ է նաեւ այն հարցում, որ գործի քննությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը չի կարող արդարացնել կողմերի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված իրավունքների սահմանափակումը: Ինչպես ուղղակիորեն բխում է վերը նշված չափանիշներից, պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի վերաբերյալ վեճերն օբյեկտիվորեն հնարավոր է քննել սեղմ ժամկետներում։ Արտասահմանյան երկրների փորձի ուսումասիրությունը ցույց է տալիս, որ պայմանավորված վեճի բնույթով տարբեր երկրներ սահմանում են գործի քննության առավել սեղմ ժամկետներ…
Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրեց . «Հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած անձից ապահովում պահանջելու կառուցակարգը նպատակաուղղված է անձի գույքային իրավունքների, եւ հատկապես սեփականության իրավունքի պաշտպանության ապահովմանը»: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լ.Գրիգորյանի որոշմամբ պարտավորեցվել է Արարատ Տեր-Անտոնյանին 4.968.629 ՀՀ դրամի չափ գումար փոխանցել դատարանի դեպոզիտ, որոշումը ստանալու եռօրյա ժամկետում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2023