Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական հետախուզության նախկին ղեկավարը` արտգործնախարար, իսկ «գորշ կարդինալը»` MIT-ի ղեկավար

Հունիս 08,2023 12:00

Նոր պաշտոնը ստանձնելուց ընդամենը օրեր առաջ Իբրահիմ Քալընը հայտարարեց. «Հայաստանի արարքը չէր կարող մնալ անպատասխան»

Հունիսի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: էրդողանը եւս մեկ ժամկետով Թուրքիան կղեկավարի, եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգայնական ուժերը թուրքական խորհրդարանում մեծամասնություն կազմեցին, կարելի է կանխատեսել, որ   Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում պաշտոնական Անկարայից Հայաստանին ուղղված պահանջներն ավելանալու են, ինչո՞ւ չէ` ճնշումներն ավելի զգալի են դառնալու:

Էրդողանն արդեն կառավարության նոր անդամների նշանակումներ է կատարել: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուին փոխարինեց Հաքան Ֆիդանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը արդեն իսկ հեռախոսով զրուցել է իր թուրք պաշտոնակցի հետ, վստահություն է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն զարգացնել բազմածրագրային եւ ռազմավարական կապերն ու դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ընդհանուր շահեր են, արժեքներ եւ խորն արմատներ: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ եղբայրական հարաբերությունների, բարեկամական եւ ռազմավարական գործընկերության, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Բայրամովը Ֆիդանին հրավիրել է Ադրբեջան: Թուրքիայի արտաքին գերատեսչության նոր ղեկավարը գոհունակությամբ ընդունել է հրավերը:

Թուրքական կառավարությունում մեկ նշանակում խիստ ուշագրավ է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով ավագ խորհրդական եւ խոսնակ Իբրահիմ Քալընը համարվել է թուրքական իշխանական վերնախավի «գորշ կարդինալը»: Նրան նույնիսկ երբեմն սպասարկում էր թիվ մեկ` նախագահական օդանավը, հատուկ հանձնարարությունների դեպքում:

Ահա, Էրդողանը Քալընին նշանակեց թուրքական հետախուզական կառույցի` MIT-ի ղեկավար, իսկ այդ կառույցի նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը նշանակվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար: 55-ամյա Ֆիդանը թուրքական հետախուզության ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2010 թվականին։

Քալընը ծնվել է 1971թ. Ստամբուլում: 1992-ին Ստամբուլի համալսարանի պատմագիտության բաժնում բակալավրի կոչում է ստացել: Դրանից հետո Մալայզիայում իսլամական փիլիսոփայության մագիստրոսի կոչում է ստացել: 2002-ին ԱՄՆ մայրաքաղաքի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում հումանիտար գիտությունների եւ համեմատական փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել: 2009-ին նշանակվել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական, իսկ 2014-ին նշանակվել է նախագահ Էրդողանի խոսնակ եւ ավագ խորհրդական` արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով: Ի դեպ, օրերս իրանագետ Վարդան Ոսկանյանն ուշագրավ տեղեկություն փոխանցեց. «Իբրահիմ Քալընի ընտանիքը ծագումով պատմական Բարձր Հայքի Սպերի շրջանից է»։

Ի՞նչ դիրքորոշումներով է հանդես եկել թուրքական իշխանական վերնախավի ամենաառանցքային ներկայացուցիչը: Ներկայացնենք Քալընի հայտարարություններից որոշները:

Այս տարվա ապրիլին Իբրահիմ Քալընը օրինակ, հայտարարեց, թե Ֆրանսիայի նման երկրները բարդացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը եւ այն օգտագործում են սեփական շահերի համար: Նրա փոխանցմամբ՝ Ֆրանսիան պարտավոր է հայ-ադրբեջանական երկխոսության հարցում առավել կառուցողական դիրք գրավել: Քալընը նաեւ քննադատել էր Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում հայ համայնքների գործողությունները, պնդելով, թե «դրանք Հայաստանի համար դրական արդյունքներ չեն ապահովի»:

Նոր պաշտոնը ստանձնելուց ընդամենը օրեր առաջ Իբրահիմ Քալընը ելույթ էր ունեցել նախագահական պալատում տեղի ունեցած «Նախագահական քաղաքականության հիմունքները, գործառույթները եւ նպատակները» գրքի շնորհանդեսում, որի ընթացքում նշել է. «Հայաստանի արարքը չէր կարող մնալ անպատասխան»: Ըստ Ermenihaber-ի՝ անդրադառնալով Հայաստանին՝ նա ասել էր. «Նույնիսկ խոսք անգամ չի կարող լինել Հայաստանին չարձագանքելու մասին։ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող եւ մեզ ցեղասպանության մեջ մեղադրող գործողությունը (Երեւանում «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը – խմբ.) չէր կարող մնալ անպատասխան։ Իհարկե, դրա հետեւանքը պիտի լիներ օդային տարածքի փակումը»։

Քալընը ակտիվորեն արտահայտվել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդիրների թեմաներով: Անցյալ տարվա հոկտեմբերին նա նկատեց, թե Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաեւ հայկական սփյուռքը։ «Փաշինյանն այս գործընթացը լավ է տանում՝ չնայած սփյուռքի ընդդիմությանը եւ ճնշումներին», – հավելել էր թուրք պաշտոնյան։ A Haber թուրքական հեռուստաընկերության հետ զրույցում, գոհունակությամբ խոսելով հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված Հայաստանի իշխանությունների քայլերի մասին, Քալընը շեշտել էր. «Պետք է առաջ շարժվենք՝ քայլեր ձեռնարկելով Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ»։

Էրդողանի ավագ խորհրդականն ու խոսնակն անցյալ տարի նոյեմբերին հայ-թուրքական գործընթացից մանրամասներ էր ներկայացրել, դրական էր որակել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը եւ խոսել էր առաջիկայում կամ մոտ հեռանկարում հնարավոր արդյունքների մասին: «Եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի 1-ին կամ 2-ին սահմանին երկու պատվիրակությունների մասնակցությամբ [Հայաստանի եւ Թուրքիայի] հանդիպում է կայացել, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական հարցեր: Դրանք վերաբերում են ցամաքային սահմանի հնարավոր բացմանը, դրա վերահսկմանը, կամուրջների, ճանապարհների, մաքսային գործունեությանը»,- ասել էր Քալընը A Haber հեռուստատեսության հետ զրույցում՝ նշելով, որ այդ հարցերում կարելի է «ազատորեն խոսել դրական գործընթացների մասին»: Առաջիկայում հնարավոր քայլերի համատեքստում Քալընը նշել էր նաեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հեռանկարը:

Իբրահիմ Քալընը «շատ օգտակար» էր համարել Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումը Պրահայում՝ այն կարեւորելով տեխնիկական հարցերի առնչությամբ հանձնարարականներ տալու առումով. «Շատ կարեւոր է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, պատերազմը անցյալում է, [ինչը նշանակում է], որ մտել ենք գործընթացի լուծման փուլ: 30 տարվա ընթացքում առաջին անգամ լուրջ հարցեր քննարկելու նպատակով ուղիղ հանդիպում է եղել Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ»,- ասել էր Քալընը՝ հավելելով որ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներն ու հատուկ ներկայացուցիչները շարունակում են պարբերական կապի մեջ լինել:

Թուրքական իշխանական վերնախավի «գորշ գայլը» նաեւ ակտիվորեն խոսել է «Թուրանական միջանցքի» մասին, Ադրբեջան-Նախիջեւան կապի հաստատման մասին, որի արդյունքում էլ թուրքական քարոզչամեքենան շարունակում էր տիրաժավորել նշյալ գաղափարը: Թուրքական մամուլը պարբերաբար անդրադառնում էր «Զանգեզուրի միջանցքին», այն անվանելով` «Թուրանի ճանապարհ»: Դեռ անցյալ տարի հուլիսին թուրքական իշխանամերձ «Sabah» թերթը հրապարակեց «Թուրանի ճանապարհն է գալիս. Թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդվածը, որտեղ անդրադարձ էր կատարվում «Զանգեզուրի միջանցքին»՝ այն անվանելով «Թուրանի ճանապարհ»: Ըստ Ermenihaber-ի` նա ասել է՝ «Ղարաբաղում հաղթանակով Թուրքիայի եւ Ասիայի միջեւ նոր միջանցք է բացվել, որն իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին»: Բացի այդ, ընդգծվում էր, որ «Զանգեզուրի միջանցքը» չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տեսանկյունից մեծ կարեւորություն ունի: Ըստ այդմ՝ երբ «միջանցքը» հանձնվի շահագործման, Ադրբեջանի դիրքը, որը գտնվում է Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տեսանկյունից կամրապնդվի, իսկ Զանգեզուրը կարեւոր այլընտրանքային ուղի կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համար, որի նշանակությունը ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեծացել է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930