Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե տեղեկությունը հերքվի տարիներ անց, ապա հերքումը կկորցնի իր արդիականությունը

Հունիս 08,2023 13:30

Լույս է տեսել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի 2023 թվականի հունվար-մարտ համարը: Ամսագրի այս համարում ընդգրկվել էր նաեւ «ՀՀ փաստաբանների ակադեմիա» հիմնադրամի ռեկտոր, ի.գ.թ Արա Զոհրաբյանի «Դատական քննության ժամկետների պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության գործերով» հոդվածը, որում ներկայացված են պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի վերաբերյալ վեճերի առանձնահատկությունները եւ դրանց քննության համար սեղմ ժամկետներ սահմանելու հրամայականը։ Ներկայացնում ենք մի հատված այդ հոդվածից:

Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի վերաբերյալ վեճերի քննության ժամկետ սահմանելու հրամայականը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ տարեցտարի ավելանում են նման վեճերը։ 2012-2022 թթ.պատվի եւ արժանապատվության իրավունքի պաշտպանության վերաբերյալ հարուցվել է ընդհանուր 1221 քաղաքացիական գործ, որից 511 (41.8 %) քաղաքացիական գործը միայն 2019-2022 թթ.։ 2012-2022թթ. գործարար համբավի պաշտպանության շրջանակներում հարուցվել է թվով 87 քաղաքացիական գործ, որից 46-ը (52.8 %) 2019-2022 թթ.։

Ինչպես իրավացիորեն նշում է, Վ. Մ. Ժույկովը, դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը ներառում է յուրաքանչյուր շահագրգիռ անձի՝ իր իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության համար ազատորեն դատարան դիմելու, իր գործի անկախ եւ անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում քննելու եւ դատական ակտի կատարման իրավունքը: Անվիճելի է այն փաստը, որ արդարադատությունը կարող է ծառայել իր առաքելությանը միայն ողջամիտ ժամկետում իրականացվելու դեպքում։ Մենք համակարծիք ենք իրավաբանական գրականության մեջ հանդիպող այն դիտարկմանը, որ տարբեր շահառուներ, ինչպես, օրինակ, իրավաբանները, դատավորները, դատավարության կողմերը տարբեր տեսակետներ կարող են ունենալ գործի քննության ողջամիտ ժամկետի կամ հետաձգման պատճառաբանվածության վերաբերյալ:

Այդուհանդերձ, մեր համոզմամբ՝ առանձին գործերի քննությանն օբյեկտիվորեն առավել հրատապ լուծումեր է պահանջում, քան այլ գործերինը։ Օրինակ՝ ապրուստի միջոց հանդիսացող թոշակի վճարման վերաբերյալ վեճը շատ ավելի սեղմ ժամկետում պետք է քննվի, քան ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ վեճը եւ այլն։

Ինչ վերաբերում է պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանությանը, ապա ինչպես հայտնի է իրավաբանական դոկտրինայից «պատիվ» եւ «արժանապատվություն» կատեգորիաների կայացումը եւ զարգացումը, հասարակական բարոյականության նորմերի ձեւավորումը հանգեցրեցին որոշակի սահմանների ձեւավորմանը, որոնց ուժով այս ֆենոմենների պաշտպանությունը նախ պայմանավորված է հասարակական կարծիքով եւ մարդկանց ներքին մղումերով, իսկ այնուհետեւ՝ պետության հեղինակությամբ եւ հարկադրանքով: Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի վերաբերյալ վեճերն այն վեճերի շարքին են դասվում, որոնք նույնպես պահանջում են հնարավորինս հրատապ լուծում, պայմանավորված հետեւյալ օբյեկտիվ հանգամանքներով՝

1.այս գործերով հասցված վնասը չափելի չէ, սակայն աներկբայորեն վրա է հասնում՝ թողնելով անդառնալի հետեւանքներ։ Օրինակ, եթե մանկական կերի վերաբերյալ տարածվի տեղեկություն, որ այն հորմոն է պարունակում, բազմաթիվ ծնողներ ապահովության համար կհրաժարվեն այդ կերը գնելուց՝ առանց սպասելու տեղեկության հաստատմանը։ Արդյունքում մանկական կեր արտադրող անձը կկորցնի ոչ միայն տվյալ կերի պոտենցիալ գնորդներին, այլ իր ամբողջ արտադրանքը հասարակության մոտ կստեղծի կասկածելի տպավորություն։ Նման դեպքերում վնասի չափը որպես բաց թողնված օգուտի, գրեթե իրատեսական չէ հստակ գնահատել, բայց ակնհայտ է, որ այն ավելանալու է յուրաքանչյուր օր։

2.Տեղեկությունը, ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացով պայմանավորված, խիստ շուտ է հնանում՝ թողնելով իր հետեւանքներն այս կամ անձի հեղինակության վրա։

Սուտ կամ կեղծ տեղեկության հերքումը այն հրապարակելուց երկար ժամանակ հետո կատարելու դեպքում արդյունավետ չէ, քանի որ հերքվող տեղեկությունն արդեն մոռացված է, իսկ այն հետեւանքները, որ այն թողել է՝ այլեւս անդառնալի։ Օրինակ, եթե որեւէ բժշկի մասին տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, որ նրա մեղքով հիվանդ է մահացել, ապա այդ տեղեկությանը տիրապետող պոտենցիալ հիվանդներն այլեւս նրա ծառայություններից չեն օգտվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ այդ տեղեկությունը չի հերքվել, իսկ եթե այդ տեղեկությունը հերքվի օրինակ տարիներ անց, ապա հերքումը կկորցնի իր արդիականությունը, քանի որ բժիշկը դուրս մղված կլինի բժշկական ոլորտից եւ կդառնա անմրցունակ։ Կամ որեւէ սպասարկման կետում առեւտուր կատարող անձը կարող է այնպիսի տեղեկություն տարածել, օրինակ, տվյալ սպասարկման կետի մաքրության վերաբերյալ, որ նշված սպասարկման կետն այլեւս չունենա հաճախորդներ եւ լուծարվի։ Այս գործերն իրենց բնույթով պահանջում են հրատապ քննություն եւ լուծում, քանի որ կարող են ունենալ անդառնալի հետեւանքներ։ Իհարկե, ցանկացած գործի քննությունը պայմանավորված է որոշակի տեխնիկական գործընթացներով՝ ծանուցման ապահովում եւ այլն, որոնք կարող են ազդել դատական գործընթացի ժամկետների վրա։ Այդուհանդերձ, մենք կիսում ենք այն մոտեցումը, որ գործերի քննության ուշացումերի մինիմալիզացման հնարավորություններ կարող են ստեղծել ինովացիոն հնարավորությունները: Այս վեճերի դեպքում որպես կանոն գործի քննության օբյեկտիվ եւ անհաղթահարելի խոչընդոտներ չեն լինում, մասնավորապես՝ չեն նշանակվում փորձաքննություններ, չի լինում ապացուցողական բարդ փաստակազմ, ներգրավված չեն լինում բազմաթիվ անձինք եւ այլն։

Ավելին, այս վեճերով օբյեկտիվորեն հնարավոր է սահմանել գործի քննության սեղմ ժամկետներ՝ առանց արդարադատության որակի վրա ազդելու հիմավորված ռիսկի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված իրավունքի լույսի ներքո։ ՄԻԵԴ ձեւավորած իրավունքն առանձնացնում է դատավարության ժամկետի հիմավորվածությունը գնահատելու 4 չափանիշ՝

  1. գործի բարդությունը,
  2. հայցվորի (բողոք բերողի) վարքագիծը,
  3. տեղական իշխանությունների վարքագիծը,
  4. հայցվորի (բողոք բերողի) համար «կշեռքի նժարի վրա դրվածի» կարեւորությունը:

Գործի բարդությունը կարող է պայմանավորված լինել ապացույցների մեծ ծավալով, իրավական խնդիրների բարդությամբ, մեծ քանակությամբ վկաների հարցաքննության անհրաժեշտությամբ, գործի էությունը կարող է լինել բարդ, օրինակ, երբ այն ընդգրկում է եւ անհատական եւ հասարակական հետաքրքրություն12, այդուհանդերձ միայն այն, որ գործը բարդ է, չի նշանակում, որ բոլոր ուշացումերը համարվելու են հիմավորված։

Այս տեսանկյունից կարծում ենք բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է «ոչ բարդ» եւ իրենց առանձնահատկություններով պայմանավորված «հրատապ լուծում պահանջող» վեճերի քննության համար սահմանել ժամկետներ օրենսդրությամբ՝ հնարավորինս բացառելով դատական հայեցողության դրսեւորման հնարավորությունը։ Ավելին, այդպիսի կարգավորում օրինակ աշխատանքային վեճերի դեպքում սահմանված է Հայաստանի Հանրապետությունում, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում եւ լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Մենք առաջարկում ենք նույնատիպ մոտեցում դրսեւորել նաեւ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի վերաբերյալ վեճերի դեպքում:

«Առավոտ» օրաթերթ
07.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930