Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե երկրում մի կաթիլ արդարություն կա, ապա այս գործը պետք է քննվի»․ Գարեգին Միսկարյանը դիմել է դատախազություն Հատիսի գագաթն օտարելու գործարքն ուսումնասիրելու պահանջով

Հունիս 07,2023 23:00

«Փաստորեն դատարանը գտել է՝ ոչինչ, որ օրենք է խախտվել, բոլոր հիմքերը մի կողմ, բայց մենք իրավունք չունեինք դատարան դիմել, որովհետեւ շահառու կողմ չենք։ Այսինքն, որ օրենքը խախտվել է, դա դատարանին քիչ է հուզում»-Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ»-ի տնօրեն Գարեգին Միսկարյանը, որը նաեւ Հատիս լեռան գագաթի օտարման դեմ պայքարող «Հատիս» նախաձեռնության անդամ է։

Հիշեցնենք, որ անցյալ Հատիս լեռան գագաթի հողերի մեծ մասը, եւ լանջերից որոշ հողատարածքներ օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու, եւ ինչպես Ծառուկյանն է ասել՝ զբոսաշրջային կենտրոն կառուցելու համար։

Գարեգին Միսկարյանն ասում է, որ վարչական դատարան հայց էր ներկայացվել պահանջով, որպեսզի ավագանու որոշումը, որով այդ հողերը օտարվել են, չեղյալ համարվեն, դատարան դիմել էր «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն․«Առաջին ատյանը վարույթ չի ընդունել, հիմնավորելով, որ ՀԿ-ն շահառու կողմ չէ։ Մենք հայցում բոլոր հիմքերը ներկայացրել էինք, որ հողերն օտարվել են օրենքի կոպիտ խախտմամբ։

Հատիս լեռը որպես բնության հուշարձան ավագանին իրավունք չուներ աճուրդի դնել եւ օտարել։ Բնության հուշարձանները պահպանվում են պետության կողմից, ենթակա չեն (Հողային օրենսգիրք, Հոդված 20) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օտարման։ Պահանջել ենք անվավեր ճանաչել գործարքը։ Դատարանը գտել է, որ այդ հիմքերը՝ մի կողմ, ոչինչ, որ օրենք է խախտվել, բայց օրինակ մենք իրավունք չունեինք դատարան դիմել, որովհետեւ մենք շահառու կողմ չենք։ Այսինքն, որ օրենքի խախտում է եղել, դա դատարանին քիչ է հուզում։ Այդ գյուղից ինչ-որ մեկը պետք է դիմի, որպեսզի վարույթ ընդունեն»,-ասում է Միսկարյանը։

Բողոքարկել են նաեւ Վերաքննիչ վարչական դատարան, նույն հիմքով վարույթ չի ընդունվել։ ՀԿ-ն պատրաստվում է բողոքարկել նաեւ Վճռաբեկ վարչական դատարան։ «Բայց մեծ հույսեր չունենք, որովհետեւ այդ մարդկանց օրենքի պահանջը պահպանելը չի հետաքրքրում»,-ասում է Միսկարյանը։

Մեր հարցին՝ համայնքի բնակիչների չե՞ն ցանկանում միանալ պայքարին, դիմել դատարան, Միսկարյանը պատասխանում է՝ խոսել են բնակիչների հետ, բայց նրանք վախենում են, որ կարող է հետապնդվեն։

Թե կոնկրետ ո՞ւմից են վախենում, Ծառուկյանի՞ց, թե՞ իշխանությունից, Միսկարյանն ասում է՝ դա չի պարզել, բայց կան բնակիչներ, որոնք դեմ են լեռան գագաթին կառուցապատմանը, կցանկանային բողոք ներկայացնել, սակայն անհանգստանում են իրենց ընտանիքի անդամների անվտանգության համար․«Մարդիկ ասում էին՝ գլխացավանքի մեջ չընկենք, էս երկրում արդարություն չի լինելու եւ այլն»։

Միսկարյանը նշում է՝ ՀԿ-ի կանոնադրությունն ու նպատակները հենց բնության պահպանությունն է, այդ թվում՝ բնության հուշարձանների․«ՀԿ-ն զբաղվում է բնության եւ բնության հուշարձանների պահպանությամբ, դրանից ավելի հետաքրքրված ու շահառու կողմ չի կարող լինել, դատարանն իրավունք չունի համարել ոչ շահառու կողմ»։

Միսկարյանն օրերս դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, ասում է՝ «վարչականով չեղավ, քրեականով կհասնենք արդարության»։ Նշում է՝ հանցագործությունն ակնհայտ է՝ այդ մարդիկ իրենց օրենքից վեր են համարել եւ օտարել բնության հուշարձանը․«Պետության գործն է բնության հուշարձանը պահպանելը, դատախազությունը պետության շահերը պահպանողն է։ Դատախազությունը պարտավոր է գործը քննել, պարզել հանգամանքները, մեղավորներին պատժել, վնասի փոխհատուցման պահանջով հանդես գալ, որովհետեւ բնության հուշարձանին անդառնալի վնաս է հասցվել, չեղյալ համարել ավագանու որոշումը, որի հիմքով այդ տարածքները օտարվել են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։ Եթե երկրում մի կաթիլ արդարություն կա, ապա այդ գործը պետք է ընդունվի։ Սա օրենքի գերակայության հարց է՝ մենք ուզո՞ւմ ենք օրենքի գերակայության պետություն ունենալ, ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, որտեղ օրենքի առաջ բոլորը հավասար են, որտեղ չկան արտոնյալներ, որոնք կարող են օրենքը ոտնահարել հողեր ու սարեր սեփականաշնորել»։

Այս տարվա մարտ ամսին ԿԳՄՍ նախարարությունը հուշագիր է ստորագրել Ծառուկյանի հիմնադրամի հետ՝ Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ:

Այս առնչությամբ էլ Միսկարյանն ասում է՝ ԿԳՄՍ նախարարությունը հաշվի չի առել որ այդ տարածքը, որի սեփականատիրոջ հետ հուշագիր է ստորագրել, Ծառուկյանին չէր կարող պատկանել ի սկզբանե․ «Այդ հուշագիրն առոչինչ է։ Ծառուկյանը վերջերս ասել է՝ հուշարձան ամրոց կա, որի պատճառով Հիսուսի արձանը կողքին է տեղադրելու։ Իրականում, այնքան էլ կողքին չէ, ոչ թե սարի կողքին է տեղադրելու, այլ նույն սարի վրայի մյուս գագաթին, որը ամրոցի տարածքի մեջ չի։ Բայց դա ինձ չի հուզում, պետք է բնության հուշարձանը վերադարձվի պետությանը։ Գագիկ Ծառուկյանն իրավունք չունի այդտեղ որեւէ աշխատանք կատարել, իսկ կատարած աշխատանքների համար պետք է պատասխանատվություն կրի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Գարեգին Միսկարյանի Ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930