Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ մտահոգություններով է «Ապրելու երկրի» ավագանու անդամը հանդիպել Սյունիքի մարզպետին

Հունիս 07,2023 22:30

«Տեղ համայնքի ավագանու կայացրած սխալ որոշումները, Արավուս գյուղում 320 տոննա ջրամբարի քանդումը՝ պատճառաբանեցին, որ գույքագրված չի, կարող են քանդել, կադրային սխալ նշանակումների մասին եւ շատ հարցեր ներկայացրել եմ Սյունիքի մարզպետի հետ հանդիպման ընթացքում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տեղի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը։
Վերջինիս խոսքով՝ Ռոբերտ Ղուկասյանը  տեղում մի քանի հանձնարարականներ տվեց։ Բացի մարզային իշխանությանը դիմելուց՝ ավագանու ընդդիմադիր անդամը գրավոր ընթացակարգով դիմել է  նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։

Aravot.am-ի զրուցակիցը  կարեւորում է անվտանգային հարցերը, բայց համոզված է՝ համայնքին վերաբերող հարցերն էլ չպիտի անտեսվեն, որ հետագայում խնդիրների առաջ չկանգնեն։

«Գոհ եմ մարզպետից՝ այդքան ժամանակ տրամադրեց, լսեց ինձ, բայց  դե գիտեմ, բաներ կան, որ իր գործառույթների մեջ չի մտնում»,-ասում է Aravot.am-ի զրուցակիցը։  Մասիս Զեյնալյանը մարզպետին նաեւ բողոքել է, որ իշխանական խմբակցության ներկայացուցիչները, համայնքի ավագանու նիստերի ժամանակ, անջատում են իր խոսափողը, որպեսզի բարձրաձայնված հարցերը չլսվեն։

«Պարզաբանեցին՝ թե իբր ես օգտվելու ձեւը չգիտեմ, այդ դեպքում՝ ինչպե՞ս է լինում, որ որոշ հարցերի դեպքում չի անջատվում, միայն իրենց վերաբերյալ հարցերի դեպքում է անջատվում խոսափողը»,-հարցնում է ավագանու անդամը։

Ընդդիմադիր գործչին մտահոգող հերթական խնդիրը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից տրամադրված օգնության բաշխումն է։ Որոշեցին տալ աշխարհազորայիններին։ «Աշխարհազորայինների մեջ մարդիկ կային, որ բանկերում ավանդ ունեն, բայց երկու անգամ այդ օգնությունը ստացել են։ Ինչո՞ւ․ թող տան կարիքավորներին»,-ասում է Մասիս Զեյնալյանն՝ ավելացնելով,  որ հարցերը շատ են։

«Ամեն ինչը ապացույցներով ունեմ, փաստաթղթերը մոտս են, մի օր եկեք՝ կծանոթացնեմ»,-մեր զրույցը եզրափակեց «Ապրելու երկիր» խմբակցության ներկայացուցիչը։
Ավելացնենք, որ Aravot.am-ը գրավոր հարցում է ուղարկել Տեղի համայնքապետարան, պատասխանը ստանալուն պես՝ այն կհրապարակենք։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930