Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են լարվել Գյումրու քաղաքապետի ու ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարաբերությունները

Հունիս 07,2023 21:44

Գյումրու ՔՊ-ական նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը, որն այժմ Ազգային ժողովի պատգամավոր է , ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի՝ 2022 թվականի կատարողականի նախնական քննարկմանը դիմելով ՏԵԿ փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ խնդրեց վերահսկել Գյումրի քաղաքին հատկացվող սուբվենցիոն ծրագրերը։

Պատգամավորի բարձրաձայնած հարցն այն մասին էր, որ Գյումրին բազում խնդիրներ ունի, սակայն արևային կայաններ կառուցելու հարցն են համարում առաջնային։

Ըստ պատգամավորի, ավագանու ինստիտուտն էլ դեռ կատարյալ չէ։ Ավագանին շատ դեպքերում կատարում է այն գործընթացը, որը համայնքի ղեկավարն է հարմար գտնում։

«Շատ եմ խոսել այդ մասին, Գյումրիում բազում խնդիրներ լինելով՝ թե՛ փողոցաշինություն, թե՛ մանկապարտեզներ, թե՛ սպորտդպրոցներ, քաղաքապետարանն ավագանու նիստին բերում է մի նախագիծ՝ 1 միլիարդ 700 միլիոն դրամի կամ հետագայում ևս 3,5 միլիարդի արևային կայանների։

Ավագանին քվեարկում է, մարզպետարանը դրա վրայից անցնում է, ուղարկում է կառավարություն։ Բարեբախտաբար, ձեր նախարարությունը մերժել էր, որովհետև շատ խնդիրներ էր տեսել այդտեղ, բայց այդքան խնդիրների մեջ մեջբերել 5,3 միլիարդի արևային կայան, հասկանում եմ մղումները Գյումրին Կոպենհագեն սարքելու, բայց դեռ շատ շուտ է, որ մենք արևային կայաններ ունենանք»,- ասաց պատգամավորը։

Նա խոսեց նաև համայնքների համաչափ զարգացման անհրաժեշտությունից՝ նշելով, որ, ցավոք, համայնքապետն է որոշում տվյալ գյուղն ասֆալտապատել, որովհետև այդտեղից շատ ձայներ է տարել։

«Համայնքների համաչափ զարգացումը նշանակում է, որ խոշորացվածներն ու գյուղերը պիտի համաչափ զարգանան։ Գյումրիի պարագայում ոչ միայն փողոց ասֆալտեն կամ արևային կայան դնեն, այլ նաև սպորտդպրոցներ պիտի կառուցենք, մանկապարտեզներ կառուցենք, և այլն, և այլն։
Գյումրիում մի տնակային մանկապարտեզ կա, որ կառուցման պարագայում երևի 300-400 միլիոն փող է պետք, բայց քաղաքապետարանն ավագանու հաստատած 1 միլիարդ 800 միլիոնի նախագիծ է ուղարկում, որպեսզի սուբվենցիա տրամադրենք»,- ասաց պատգամավորը։

Վաչե Տերտերյանը, լսելով նրան, նշեց, որ սուբվենցիոն ծրագրերը որոշում է ավագանին, և իրենք իրավունք չունեն մտնել նրանց լիազորությունների մեջ, նախարարությունը միայն որոշում է սուբվեցիոն ծրագրին պետական մասնակցության նպատակահարմարությունը։

Դավիթ Առուշանյանի ելույթից կարճ ժամանակ անց Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջում կոշտ արձագանքել է Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը։ Վերջինս իր երբեմնի տեղակալին մեղադրել է բացարձակապես անտեղյակ լինելու մեջ:

Քաղաքապետը հարկ է համարել նաև հանրությանը պարզաբանումներ ներկայացնել արևային կայանի կառուցման անհրաժեշտության մասին։
Քաղաքապետը մասնավորապես գրել է․ Սիրելի՛ գյումրեցիներ,

ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը որերորդ անգամ, օգտագործելով հանրությանը հասանելի հարթակները, խոսում է Գյումրիում իրականացված/իրականացվող ծրագրերի մասին, կասկածի տակ դնում դրանց կարևորությունը, ընթացքն ու նպատակահարմարությունը:

Զավեշտալի է այն, որ պատգամավորը, որը մի որոշ ժամանակ պաշտոնավարել է որպես Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ, իր անդրադարձած թեմայից բացարձակապես անտեղյակ է:

Մասնավորապես, պատգամավորը խոսում է Գյումրու վերջին տնակային մանկապարտեզի մասին, որի կառուցման ծրագիրը արդեն իսկ ներառված է իր կողմից քննադատված 2024 թվականի համար կառավարություն ուղարկված սուբվենցիոն հայտում:

Խոսում է նաև մանկապարտեզների մասին, մինչդեռ 10 մանկապարտեզներում արդեն իսկ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ՝ կրկին սուբվենցիոն ծրագրով:

Խոսում է մարզական կառույցների մասին, չիմանալով կամ միտումնավոր շրջանցելով այն հանգամանքը, որ համայնքապետարանը 2024 թվականի սուբվենցիոն հայտում ներկայացրել է 7 մարզադպրոցի վերանորոգման աննախադեպ ծրագիր՝ 1 մլդ 131 մլն ՀՀ դրամ գումարի շրջանակներում: Նաև շախմատի դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիր ունենք, որը կրկին կյանքի է կոչվելու 2024թ.-ին: Սուբվենցիոն ծրագրում ընդգրկված են նաև մշակութային կառույցներ. վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու Երիտասարդական պալատում, Տիկնիկային թատրոնում և Մանկապատանեկան արվեստի պալատում»:

Անդրադառնալով արևային կայանի կառուցմանը՝ Վարդգես Սամսոնյանը պարզաբանել է․

«Ինչ վերաբերում է արևային կայանի կառուցմանը, ապա վերականգնվող էներգիայի ոլորտում նախորդ տարի իրականացված ծրագրի արդյունքում խնայել ենք 125 մլն դրամ, որը հնարավորություն է տվել Գյումրու մանկապարտեզների վարձավճարը բոլոր երեխաների համար կրճատել 50 տոկոսով: Ունենք խնդիր նաև մյուս 50 տոկոսի վարձավճարի զեղչման և քաղաքի փողոցային լուսավորության ժամային գրաֆիկի երկարաձգման:

Քաղաքի գիշերային լուսավորությունն ավելի երկար միացված պահելու հանգամանքը շատ կարևոր է և՛ մեր քաղաքի բնակիչների, և՛ քաղաքի զբոսաշրջային գրավչության տեսանկյունից:

Արևային կայանների բաղկացուցիչը 3,5 մլդ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն ծրագրի մի փոքր բաժինն է, որի մեջ ներառված է նաև 30 շենքի վերանորոգման աշխատանքներ ՝ վերելակներ, շենքերի ընթացիկ նորոգում, տանիքների վերանորոգում, ջերմամեկուսացում, արևային վահանակների տեղադրում:

Հարկ ենք համարում նշել, որ ծրագիրն իրականացվելու է միջազգային կազմակերպությունների համաֆինանսավորմամբ, որի արդյունքում ծրագրում համայնքի մասնաբաժինն իջնելու է մինչև 20 %՝ կրկին թեթևացնելով համայնքի ֆինանսական բեռը: Վերականգնվող էներգիայի ոլորտում մեր ջանքերը բերում են միջազգային կառույցների հետ համագործակցության էլ ավելի արդյունավետ ձևաչափերի՝ ի նկատի ունենալով տվյալ օրակարգի միջազգային կարևորությունը»:

Ուշագրավ է Գյումրու քաղաքապետի խոսքի եզրափակիչ հատվածը, նա կարծես Դավիթ Առուշանյանին հասկացնում է, որ պարապ չէ նման խոսակցություններ ծավալելու համար։

«Պատգամավոր-համայնքի ղեկավարի նախկին տեղակալին սրանից ավել անդրադառնալ չենք ուզում. Գյումրին հոգսաշատ քաղաք է, և Գյումրու քաղաքապետը ավելի կարևոր գործեր ունի: Ընդամենը կից ներկայացնում ենք 2024 թվականի համար կառավարությանը ներկայացված սուբվենցիոն հայտերի ցանկը, որոնցից դուք, սիրելի՛ գյումրեցիներ, վստահ եմ՝ կանեք հետևություններ», -գրել է քաղաքապետը:

Այն, որ Գյումրու համատեղ իշխանությունը ստանձնած, կոալիցիա կազմած «Բալասանյան դաշինքի» ու ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն հոսում, կան տարաձայնություններ, այս մասին փոխքաղաքապետի պաշտոնից հեռանալու ժամանակ նաև խոսել էր Դավիթ Առուշանյանը, բայց այն, որ Առուշանյան-Սամսոնյան արտաքուստ բարեկիրթ թվացող հարաբերություններն են լարվել, սա, թերևս, նորություն էր։

Թեմայի շուրջ մենք կփորձենք պարզաբանումներ ստանալ երկու կողմերից էլ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930