Լրահոս
Օրվա լրահոսը

«Դռնփակությունից բացի բազմաթիվ այլ հարցեր էլ կան, որ դատավարական կոպիտ խախտումներ է թույլ տալիս նախագահող դատավորը»․ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան

Հունիս 07,2023 19:44

Հակակոռուպցիոն դատարանում հունիսի 7-ին տեղի ունեցած խոշոր չափերով գույք հափշտակելու և վատնում կատարելու համար մեղադրվող ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և մյուս մեղադրյալների գործի քննության ժամանակ դատարանը որոշեց դատական նիստերի հաջորդականությունը։

Այս գործով կա 13 մեղադրյալ կա՝ Սեյրան Օհանյան, Ավետիկ Մուրադյան, Դավիթ Գալստյան, Արտիկ Թովմասյան, Գրիգորի Խաչատուրով, Էդգար Արշակյան, Հակոբ Մարտիրոսյան, Աշոտ Մուսայան, Նորայր Կարապետյան, Արմեն Գևորգյան, Ստեփան Գալստյան, Վահրամ Հովհաննիսյան, Մանուկ Վարդանյան։

Դատական նիստին ներկա չէր մեղադրյալներից Էդգար Արշակյանը։ Նա վատառողջ էր։

Aravot.am-ի հետ զրույցում այս գործով մեղադրյալ, ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրի որդու ՝ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը տեղեկացրեց․ «Դատարանը որոշեց, որ սեպտեմբերի 6-ից պետք է սկսի նիստերը ու ամեն չորեքշաբթի՝ երկու շաբաթը մեկ նիստեր գումարի։ Նաև երկու նիստ է նշանակվել հունիսի 28-ին և հուլիսի 14-ին։ Հունիսի 28-ի նշանակվեց նիստ, քանի որ Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը  հունիսի 30-ին լրանում է, որպեսզի այդ օրն այդ հարցը քննի»։

Հիշեցնենք՝ դատարանը երեք ամսով երկարաձգել է Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը։

Փաստաբանին հիշեցրինք՝ այս նիստերի՝ դռնփակ լինելը տարբեր առիթներով դատավարական խախտում եք համարել։ Նա արձագանքեց․ «Նախնական դատալսումները չեն կարող դռնփակ անցկացվել։ Ըստ էության` այն ապացույցների հետազոտում  չենթադրող դատավարական փուլ է։ Այդտեղ դռնփակության խնդիր ընդհանրապես չկա․ չի համապատասխանում դռնփակության չափանիշներին։ Միանշանակ դատավարական խախտում է։ Բայց դե, այդպես է որոշել դատավորը։ Այս մի հարցը չէ, բազմաթիվ այլ հարցեր էլ կան, որ դատավարական կոպիտ խախտումներ է թույլ տալիս նախագահող դատավորը։ Դատալսումները, որ սկսվեն, եթե գործը դրվագ-դրվագ պետք է քննվի, միգուցե միջնորդենք, որ այն դրվագները, որոնք պետական գաղտնիքին առնչություն չունեն, դռնբաց քննվեն, կամ միջնորդենք, որ դատարանը սկզբում քննի այն դրվագները, որոնք պետական գաղտնիք են պարունակում, որ այդ մասով սպառի պետական գաղտնիքի հրապարակման հավանականությունը, հետո նիստը դարձնի դռնբաց»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930