Ռուսաստանը կարծում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ է, ուստի ԱՄՆ և ԵՄ գործողությունները և նրանց ակտիվացումն այս համատեքստում հարցեր են առաջ բերում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Նախկինում ոչ մեկն առանձնահատուկ հետաքրքրություն չէր ցուցաբերում անդրկովկասյան խնդրի նկատմամբ: Հիմա կարծես թե կոնյուկտուրան փոխվել է»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ արդյունավետ միջնորդության համար անհրաժեշտ է իմանալ և խորապես զգալ տարածաշրջանի, ժողովուրդների, հակամարտության պատմությունը և միտված լինել գլխավոր նպատակին՝ իրական խաղաղությանը:
Ըստ Զախարովայի՝ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ աշխատանք է տանում եռակողմ ձևաչափով Բաքվի ու Երևանի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ հիմնված երեք երկրների առաջնորդների հայտարարության վրա:
Կարդացեք նաև
«Մենք եռակողմ պայմանավորվածությունների համալիրը համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ՝ Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ այդ աշխատանքն ունի բանակցային գործընթացի դինամիկա, ձևաչափեր, լրացուցիչ գործիքակազմ: Ընդ որում, ըստ Զախարովայի, Մոսկվան չի փորձում որևէ բան պարտադրել, այլ առաջ է շարժվում ըստ նախագծված ծրագրի և իրագործում է այն, ինչ կողմերը պայմանավորվել են:
«Մեզ համար միշտ առաջնահերթություն է մնում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցումը, կայուն հավասարակշռված որոշումների մշակումը: Հենց այդպիսի մոտեցմանը և այդպիսի աշխատանքի ենք մենք հետագայում պատրաստ նպաստելու»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ