Երևանի գլխավոր հատակագիծն արվել է 2004-05թթ, որը խորհրդային ժամանակների տրամաբանության մեջ էր և ժամանակը ցույց տվեց, որ դա չի բավարարում ժամանակակից քաղաքային պահանջներին և դա օգտագործվում 2-3 դեպքերում, երբ պետք է միջազգային դոնորներից ճանապարհաշինարարության համար գումարներ վերցնել և երբ պետք է կոնկրետ կառուցապատողի մերժել: Այս մասին այսօր, ասաց ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյան «Մեդիա» կենտրոնում կայացած «Երևանում քաղաքային պլանավորումը ընտրություններին ընդառաջ» թեմայով։ քննարկմանը:
«Գլխավոր հատակագծի վրա ոչ թե հենվում են, այլ պարզապես մերժումներ են անում, մնացած բոլոր դեպքերում, մենք դրան հակասող որոշումներ ենք կայացնում ամենօրյա ռեժիմով՝ դրանցից լավագույն օրինակներից մեկը Աջափնյակ մետրոյի կայարանն է, որը որպես դարի ձեռքբերում է ներկայացվում, դա ֆունդամենտալ հակասում է գլխավոր հատակագծին, այսօր որտեղ որ նախատեսվում է մետրոյի 2 նոր կայարանները, դրանք հակասում են գլխավոր հատակագծին: Աջափնյակ կայարանը նախատեսված էր Աբելյան և Շինարարներ հատման կետում, որը թաղամասի կենտրոնական հատվածով էր և ամբողջ թաղամասն էր ծածկում, իսկ այս պահին քննարկվում է կայարանը կառուցել Հալաբյան փողոցում՝ Հրազդանի ձորի մոտ, որի ծածկող մեծ մասը ընկնում է գետի մյուս մասը, որտեղ հասանելիություն չեն ունենալու և չի նպաստելու տրանսպորտային խնդիրների լուծմանը»,-շեշտեց Պետրոսյանը:
Նրա խոսքով քաղաքային իշխանություններն այդպես են վարվում, քանի որ այն տարածքը, որտեղ նախատեսված էր մետրոյի կայարանի համար, վերջին 2-3 տարիներին շինթույլտվություններ են տրվել և արդեն կառուցվել են շենքեր, որոնք շատ ավելի թանկացնում են մետրոյի շինարարությունը: «Մի փոքր դրվագը ցույց է տալիս այս ամբողջ համակարգի անտրամաբանական ընթացքը: Հիմա գիտենք, որ պետությունը նախատեսում է Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագիծ, որը որևէ խնդիր չի լուծելու՝ հաշվի առնելով այն խնդիրները, որ կան քաղաքային կառավարման և պլանավորման ոլորտում: Մենք հերթական անգամ փողը վատնելու ենք և ստանալու ենք մի փաստաթուղթ, որը դարձյալ օգտագործվելու է միջազգային դոնորներից գումարներ բերելու ու նոր պարտքեր կուտակելու վրա և շինարարական կոնկրետ դիմումատուներին մերժելու համար»,-ընդգծեց ճարտարապետ-քաղաքային պլանավորողը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով, քաղաքային պլանավորման եզրույթի մասին հարցին, նա տեսակետ հայտնեց, թե ժառանգվել է խորհրդային ժամանակներից և ազատ շուկայական հարաբերությունների մեր օրերում ենթադրվում էր, որ դրա տրամաբանությունը պետք է փոխվեր, այնինչ մեր քաղաքներն ու գյուղերը շարունակում են պլանավորել խորհրդային ժամանակների տրամաբանությամբ: Երկարաժամկետ պլանավորելու փոխարեն՝ անհրաժեշտ է երկրում, բոլոր բաղադրիչներով՝ շրջակա միջավայրի կառավարման, մշակութային ժառանգության, տրանսպորտի տեղաշարժի, վարել տարածքային զարգացման պլանավորումը:
Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանի պնդմամբ Երևանի զարգացումը խնդիրներ ստեղծում առաջին հերթին իր համար, քանի որ քաղաքում ով ինչ ուզում՝ անում է: Քաղաքի, թաղամասի, նույնիսկ փողոցի մակարդակով պլանավորում չկա, քանի որ հաճախ կարելի է հանդիպել գեղեցիկ ճարտարապետությամբ շենքերի, որոնք սակայն տվյալ տարածքում չեն ընկալվում՝ համալիր մոտեցման բացակայության պատճառով: «Թվում է, թե քաղաքը զարգանում է, այնինչ այն հետ է գնում, գեղեցիկ, նորակառույց շենքը դեռևս զարգացում չէ: Քաղաքը շնչող օրգանիզմ պետք է լինի, այն պետք է տարածք լինի, որտեղ մարդը ոչ թե գոյատևում է, այլ ապրում է: Այդ առումով, արագ զարգացող, փոփոխվող 21-րդ դարում քաղաքային պլանավորումն անընդհատ պրոցես պետք է լինի , ինքը չպետք է լինի մի փաստաթուղթ, որի վրա հիմնվես ու գնաս,պետք է լինի սկզբունքներ, իհարկե, բայց անընդհատ փոփոխվող միջավայր է դա, անընդհատ պետք է աշխատես դրա վրա»,-ասաց Վերմիշյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ