Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանի օրերս հնչեցրած հայտարարությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանների երկայնքով վերահսկողությունը պետք է իրականացնեն բացառապես հայ սահմանապահները:
«Լավ կլիներ, որպեսզի հիշատակված անձը կողմնորոշվեր՝ կամ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, այլ պետք է լինի, և նման փորձ մենք ունեցել ենք հայկական կողմի հետ, կամ նմանատիպ հայտարարություններ: Մենք ընտրում ենք առաջինը: Ինչ վերաբերում է հաղորդակցությունների բացման թեմային, ապա այն մշակվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների կողմից: Ուստի ճիշտ չեմ համարում կողքից արձագանքել այդպիսի հայտարարություններին: Գրիգորյանի հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել, քանի որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության Սահմանային ծառայության մարմինները»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ