Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ամբողջ տարածքը թիրախ է Բաքվի վարչախմբի համար, մեր թիվ մեկ օրակարգը պետք է լինի անվտանգության մակարդակի բարձրացումը»․ Վարդան Ոսկանյան

Հունիս 07,2023 18:04

«Առավոտի» զրուցակիցն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Պարոն Ոսկանյան, հայկական կողմը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1975 թվականի քարտեզների հիման վրա, բայց օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել որեւէ քարտեզի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»։ Այսպիսով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքուն։

– Իրականում, եթե մենք դիտարկենք Բաքվի բարբարոսական վարչախմբի գործելաոճն ու վարքագիծը, ապա որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չկա, որը հստակ կհայտարարի, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Միջնորդավորված այդ մասին խոսել է Շառլ Միշելը, բայց ոչ Իլհամ Ալիեւը, ոչ նրա քաղաքական թիմի անդամներից որեւէ մեկը նման հայտարարություն չի արել։ Բաքվի վարչախմբի քաղաքականությունը միտված է մի բանի՝ առավելագույնը պոկել Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն՝ որեւէ պարագայում ակնկալել, թե այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» խնդիրների լուծման համադարման է, կոպտագույն սխալ է։ Իրենք փորձելու են Հայաստանից ստանալ այն ամենը, ինչ կարող են, լինի դա դիվանագիտական, թե ռազմական միջոցներով։

Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ եթե չլիներ իրանական եւ ռուսական գործոնների զսպող դերակատարությունը, շատ վաղուց Բաքվի բաշիբոզուկները մտած կլինեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վերցրած կլինեին։ Հետեւաբար, որեւէ քարտեզի, սահմանազատման-սահմանագծման մասին խոսելն, ըստ էության, կեղծ ու ժամանակավրեպ օրակարգ է։ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ օրակարգը պետք է լինի մեր անվտանգության մակարդակի բարձրացումը՝ իր բոլոր բաղադրիչներով։ Անվտանգությունը կարող է ապահովվել միայն ուժերի հավասարակշռության վերականգնման պայմաններում։ Եվ որեւէ փաստաթուղթ, որը ես հաճախ թուղթ եմ կոչում, չի կարող դա անել։

– Տեսանելի՞ է՝ ի՞նչ փաստաթղթեր է Բաքուն փորձում մեջտեղ բերել՝ սահմանազատում անելու համար, որպեսզի առավելագույնը ստանա Հայաստանից, ինչպես դուք եք նկատում։ Օրինակ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ «Ադրբեջանն ասում է, որ պետք է լինեն այլ փաստաթղթեր, որոնց մենք ծանոթ չենք»։

– Իրենք շատ հստակ ասել են, նաեւ Բաքվի քարոզչամեքենան է այդ ուղղությամբ աշխատել, որ իբր, այսպես կոչված, «ադրբեջանական դեմոկրատական հանրապետության» տարածքին են հավակնում։ Խոսքը 1918 թվականին առաջին անգամ պատմության ասպարեզում հայտնված ադրբեջանական պետության քարտեզի մասին է, որը որեւէ պատմական, քաղաքական, իրավական հիմք չունի։ Իրենք առաջ են մղում այդ, այսպես կոչված, «քարտեզի» հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքներին տիրանալու քաղաքականությունը։ Հետեւաբար, մենք մեզ համար՝ որպես հասարակություն, պետք է արձանագրենք, որ ադրբեջանական ծավալապաշտությունը չունի սահման։ Ավելի ճիշտ՝ դրա սահմանը հայ-թուրքական սահմանն է, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կամ գրեթե ամբողջ տարածքը թիրախ է Բաքվի բարբարոսական վարչախմբի համար՝ իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու առումով։

Իմիջիայլոց, դա չի էլ թաքցվում․ Բաքվի վարչախմբի պարագլուխն ուղղակիորեն հայտարարում է այն մասին, որ իբր Երեւանն իրենց պատմական հայրենիքն է, ՀՀ այլ տարածքներն իրենց պատմական հայրենիքն են, եւ «ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք»։ Երբ խոսվում է «պատմական հայրենիքի» մասին, ապա դա, ըստ էության, փորձ է՝ պատմական լեգիտիմություն ապահովել հետագա ներխուժումների համար։ Ուստի, այդ հայտարարություններին պետք է շատ լրջորերեն վերաբերվել, այսինքն՝ հող է նախապատրաստվում ՀՀ գրեթե ողջ տարածքի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների համար։ Մենք պետք է դադարենք մտածել, թե որեւէ թուղթ կապահովագրի Հայաստանի Հանրապետությանն այդ սպառնալիքից։ ՀՀ միակ ապահովագրողը կարող է լինել մեր անվտանգային բազմաբաղադրիչ ճարտարապետությունը, որը պետք է խարսխված լինի առաջին հերթին ՀՀ ներքին ռեսուրսների վրա։ Հայկական պետականության բոլոր ինստիտուտները՝ սկսած դպրոցից, վերջացրած ամենաբարձր պետական մարմիններով, իրենց գործունեությունը պետք է համակարգեն՝ ի նկատի ունենալով բացառապես մեր պետության անվտանգային շահերը։

Որքան էլ մեզ փորձում են համոզել, թե Հայաստանը միայնակ է այս տարածաշրջանում, դա ամենեւին այդպես չէ։ Հայաստանի Հանրապետությունն ունի եւ կարող է ձեռք բերել նոր դաշնակիցներ, ի դեմս այն պետությունների, որոնց շահերը մեզ հետ լիովին կամ մասնակիորեն համընկնում են։ Եվ մենք կարող են ունենալ բավական բարդ կառուցվածք ունեցող, բայց հասանելի անվտանգային ճարտարապետություն, որը կարող է լինել միակ զսպող գործոնը Բաքվի բարբարոսական վարչախմբի «ախորժակը» վերջնականապես փակելու առումով։

Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել այսպես կոչված «անկլավները» հանձնել։ Ի՞նչ ռազմավարական խնդիրներ կառաջացնի դա Հայաստանի համար։

– Մենք ընդհանրապես պետք է չօգտագործենք այդ եզրույթը եւ չպետք է տուրք տանք որեւէ նման օրակարգի։ Հայաստանի Հանրապետության տարածքը մեր սրբազան հողն է, սա զգացական մակարդակում մենք պետք է արձանագրենք։ Եվ այդ հողի յուրաքանչյուր մասնիկի հանձնումը թշնամուն անարգանք է մեր նախնիների եւ վտանգ՝ մեր գալիք սերունդների համար։

Ինչ վերաբերում է կոնկրետ իրավական հարթությանը, ապա մեր պետականությունը արձանագրել է, որ մեր տարածքում որեւէ թշնամական հող գոյություն չունի։ Հետեւաբար, ես կարծում եմ, այս իրականության մեջ շրջանառությունից պետք է դուրս գա այդ եզրույթը։ Որեւէ մեկը չի կարող ինձ համոզել, որ Տիգրանաշենը հայկական հող չէ, այն հայկական է․ դա պատմականորեն է այդպես, դե ֆակտո իրավիճակով է այդպես եւ դա դե յուրե է այդպես։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան ալիքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930